Կփորձեն խաղարկել ադրբեջանական Սահմանադրության տարբերակը՝ Ալիևի պես կապիտուլյանտին հավերժացնելու համար. Էլբակյան

Ե՛վ 2022 թվականի ղազախական իրադարձությունները, և՛ Հայաստանում 2008 և 2018 թվականին տեղի ունեցած զանգվածային խռովություններն իրար նման են նրանով, որ և՛ Ղազախստանում, և՛ Հայաստանում այդ իրադարձությունների հետևում կանգնած էին արտաքին ուժեր, ուստի այս օրերին ճիշտ են ինչպես այն մարդիկ, որոնք ի ցույց են դնում 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առավելությունը՝ առանց ՀԱՊԿ-ին դիմելու փողոցային խռովությունները կանխելու հարցում, և՛ այն մարդիկ, որոնք թիրախավորում են փողոցով իշխանության եկած, բայց փողոցը ճնշելու համար զորք ուղարկած կապիտուլյանտին, որովհետև, եթե 2018 թվականին նա խնդիր էր դրել իշխանության գալու, ապա հիմա ունի խնդիր՝ իշխանությունը պահելու, որի համար իմաստ էլ չուներ մանևրելու և Ղազախստան զորք չուղակելու։ Հայաստանի իշխանություններն այդ քայլով հույս են հայտնել, որ եթե Հայաստանում նման բան լինի, Ղազախստանն էլ այնժամ Հայաստանին կաջակցի։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով վերջին օրերին Ղազախստանում ընթացող իրադարձություններին, նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Էդգար Էլբակյանը՝ շեշտելով.

«Հայաստանը զորք է ուղարկել Ղազախստան, որովհետև ասել են՝ կանեք, նրանք էլ արել են։ Իհարկե, կարող է հարցրել են՝ բա մեզ մոտ էլ եթե նման բան լինի, մեզ կաջակցե՞ք բացառապես մեր իշխանությունը պահելու համար, հարցրել են՝ բա եթե մենք հիմա պահում ենք Տոկաևին, եթե այդ խնդիրը մեր դռանը չոքի, կաջակցե՞ք։ Այս հարցերը գուցե տվել են, բայց ամբողջ խնդիրն այն է, որ մենք չգիտենք, թե ՀԱՊԿ-ից ի՞նչ են պատասխանել այդ հարցերին»,- նկատեց քաղաքագետ էլբակյանը՝ ընդգծելով, որ Փաշինյանը փողոցային ճնշմամբ իրեն իշխանությունից հեռացնելու վտանգը շատ լավ է զգում՝ աչքի առաջ ունենալով 2016 թվականի պատերազմն ու դրանից հետո ընթացած ներքաղաքական զարգացումները։

«Իրենք հո տեսե՞լ են 2016 թվականի ամբողջ փոթորիկը՝ պատերազմ, ահաբեկչություն, Կառավարության վերափոխում, երիտասարդացում, հետո տեսել են ընտրություններ, որոնք իրենք անգամ չեն վիճարկել, որից հետո ահա եկավ 2018 թվականը։ Այս իշխանության համար, թեկուզև արտաքին պարտքի հաշվին, կարողանում են աշխատավարձ տալ, բայց մեկ է՝ իրենց աչքը տեսել է ենթադրյալ խաղաղ վիճակին հաջորդող փոթորիկը: Դրանից են վախենում, ու իրենց էլ հայտնի չէ, թե ի՞նչ կհաջորդի Հայաստանում ընթացող զարգացումներին։ Հենց դրա համար է, որ կապիտուլյանտը դիտարկում է Սահմանադրության փոփոխության հարցը։ Ամենայն հավանականությամբ՝ փորձելու են խաղարկել ադրբեջանական Սահմանադրության տարբերակը, որտեղ չկա նախագահի ժամկետի սահմանափակում, Ալիևը ամեն հինգ տարին մեկ կարող է վերընտրվել, իր իշխանությունը հավերժացնել, թեև չեմ կարծում, որ Արևմուտքի կողմից Փաշինյանին էլ կտրվի իշխանությունը հավերժացնելու քարտ բլանշ»,- ասաց Էլբակյանը։

Քաղաքագետի փոխանցմամբ՝ այս համատեքստում պետք է նկատել, որ հակահայկական ցանկացած քաղաքական օրակարգ առաջ տանելու հարցում Հայաստանի գործող իշխանությունն ունի Թուրքիայի աջակցությունը, և պատահական չէ, որ, երբ Գլխավոր շտաբը մի խումբ սպաների ստորագրությամբ նախորդ տարի փետրվարին տարածեց հայտարարություն՝ կապիտուլյանտի հեռացման պահանջով, Թուրքիայի իշխանություններն այն շատ արագ դատապարտեցին:

«Գլխավոր շտաբի հայտարարությունն ամենաշատը դատապարտել է Թուրքիան։ Իսկ ո՞վ ասաց, որ նրանք այդ ժամանակ գործի չէին կարող անցնել Հայաստանում։ Երբ ինձ հարցնում են, թե ինչո՞ւ Օնիկ Գասպարյանի կողմից տանկերը չմտցվեցին Երևան, ես պատասխանում եմ՝ իսկ դուք բացառո՞ւմ եք, որ եթե Երևան տանկեր մտնեին, դրան չէր հաջորդելու Թուրքիայի կողմից գործողություն, չէ՞ որ Սիրիայի քաղաքացիական պատերազմը հենց այդպես սկսվեց»,- իր տեսակետն այսպես հիմնավորեց Էլբակյանը, ապա կոչ արեց զինվել ողջամիտ համբերությամբ իշխանափոխություն իրականացնելու համար։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս