«Ղազախստանում տեղի ունեցողի մեջ ներգրավված են մի քանի միջազգային կենտրոններ՝ այստեղ ակտիվ դերակատարում ունի Թուրքիան և թուրք-ադրբեջանական տանդեմը». Գրիգոր Բալասանյան
ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ Գրիգոր Բալասանյանի խոսքով՝ դատելով պաշտոնական տեղեկատվությունից, Ղազախստանում կյանքն աստիճանաբար վերադառնում է բնականոն հուն։ Այսօրվանից քաղաքների միջև սկսելու են գործել նաև գնացքները։
«Սակայն Ալմաթայում իրավիճակը հիմնականում շարունակում է լարված մնալ։ Այս պահին Ղազախստանի իշխանություններն իրականացնում են իրենց բնույթով հակաահաբեկչական գործողություններ՝ հիմնականում Ալմաթա քաղաքում։
Այս շարժումը, ըստ էության, սկսվեց որպես ժողովրդական շարժում՝ ուղղված գազի գնի բարձրացման դեմ, սակայն շատ արագ հատուկ պատրաստված խմբեր (սա արդեն կասկած չի հարուցում) կարծես թե ժողովրդի ձեռքից վերցրեցին նախաձեռնությունը և տարան ռազմական բախման ու արյուն թափելու ճանապարհով։ Այն, ինչ այս պահին կատարվում է Ղազախստանում, արդեն որևէ կապ չունի ժողովրդի ու ժողովրդավարության հետ։ Այն ահաբեկչական գործողություն է, զինված պայքար է, և վտանգ կա, որ կարող է վերաճել քաղաքացիական պատերազմի»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Գրիգոր Բալասանյանը՝ անդրադառնալով Ղազախստանում տեղի ունեցող գործողություններին։
Ըստ նրա, Ղազախստանում այս շարժումը սկսվեց՝ որպես դասական գունավոր հեղափոխություն, բայց շատ արագ Ռուսաստանը և ՀԱՊԿ-ը նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցրեցին։
Գրիգոր Բալասանյանի գնահատմամբ՝ պարզ էր, որ այնտեղ տեղի էր ունենում գունավոր հեղափոխություն, որի թիկունքում հիմնականում կանգնած էր Անգլիան։
«Այս իրադարձությունները որոշ շրջանակներ անվանեցին «գազո-մայդան», այսինքն՝ այն սկսվեց գազի գնի թանկացման դեմ այն պարագայում, երբ գազի, նավթի արդյունահանման մոտ 70 տոկոսից ավելին գտնվում է բրիտանական ընկերությունների ձեռքին։ Ուրանի արդյունահանման 80 տոկոսը նույնպես բրիտանական ընկերությունների ձեռքին է։
Ընդդիմության ղեկավարներն այսօր հայտարարեցին, որ Մուխթար Աբլազովը, ով 90-ականներին եղել է Ղազախստանի էներգետիկայի նախարար և այս պահին թաքնվում է Փարիզում, այնտեղից է կառավարում Ղազախստանում տեղի ունեցողը։ Սա ըստ էության ևս մեկ փորձ է՝ հետխորհրդային տարածքում Ռուսաստանի սահմանների մոտ ստեղծել լարվածության օջախ։ Սակայն այստեղ կազմակերպիչները գուցե կա՛մ չէին ընթերցել դեկտեմբերի 15-ի Ռուսաստանի երկու ուլտիմատում-նախազգուշացումները՝ ուղղված ՆԱՏՕ-ին և Միացյալ Նահանգներին, այն առումով, որ այլևս Ռուսաստանը չի հանդուրժելու «կարմիր գծերի» անցումը, և պատասխանը բավականին կոշտ է լինելու, կա՛մ՝ գուցե մտածել էին, որ այդ ամենն ասվել է ուղղակի ասելու համար»,- հավելեց Գրիգոր Բալասանյանը։
Միաժամանակ նա ընդգծեց, որ այս համատեքստում նրանց համար բոլորովին անսպասելի Ռուսաստանը և ՀԱՊԿ-ն արագ արձագանքեցին, և արագ զորք մտցվեց Ղազախստան։ Հրապարակված հայտարարությունից պարզ է դառնում, որ ՀԱՊԿ-ի հիմնական կոնտինգենտը տեղակայված է մայրաքաղաքում՝ Նորսուլթանում, ինչը տեղի իշխանություններին թույլ է տվել մայրաքաղաքում գտնվող զորքին տեղափոխել Ալմաթա՝ ճնշումները շարունակելու համար։
«Ղազախստանում տեղի ունեցողի մեջ ներգրավված են մի քանի միջազգային կենտրոններ և այստեղ ակտիվ դերակատարում ունի Թուրքիան և թուրք-ադրբեջանական տանդեմը, այս տեսակետը ևս ապացուցվում է։ Սպասենք ևս մի քանի օր, և ի հայտ կգան հիմնական կազմակերպությունները»,- նշեց Գրիգոր Բալասանյանը։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանից Ղազախստան խաղաղապահներ ուղարկելու մասին որոշմանը, մեր զրուցակիցը նկատեց՝ նախ պետք է հասկանալ երկու տարբեր հարցերի էությունը՝ Հայաստանը, որպես ՀԱՊԿ համանախագահող երկիր, պե՞տք է ուղարկեր զորք, թե՞ ոչ, և առհասարակ Հայաստանը պե՞տք է զորք ուղարկեր։
«Այս հարցերը բարձրացնողները կա՛մ խորամուխ չեն եղել խնդրի մեջ, կա՛մ առաջնորդվում են անձնական ինչ-որ պատճառներով, և այն վիրավորանքը, որը կա Ղազախստանի հանդեպ, երբ վերջինս շնորհավորեց Ալիևին, իրենց թույլ չի տալիս օբյեկտիվ գնահատել իրավիճակը։
Միանշանակ Հայաստանը պետք է մասնակցեր այս գործընթացին՝ որպես ՀԱՊԿ համանախագահող երկիր։ Եվ այն մարդիկ, որոնք ասում են, թե Ղազախստանը շնորհավորել է Ալիևին, պետք է խորամուխ լինեն այն հարցի մեջ, որ այնտեղ մինչև վերջերս բոլոր որոշումները միաձայն ընդունվել ու դակվել են Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի կողմից։
Ըստ էության, այդ երկրում եկավ մի պահ, երբ առաջացավ երկիշխանություն և խորացան հակասությունները Տոկաևի և Նազարբաևի միջև։ Ղազախստանի այդ կրավորական դիրքորոշումը պատերազմի ժամանակ և այդ շնորհավորանքները, դա նույն շղթայի մանր հատվածներն են և այստեղ հիմնականում երևում են հենց Նազարբաևի ականջները։ Սակայն այս ամենը չի նշանակում, որ պետք է մի կողմ քաշվենք և մեր ձեռքից բաց թողնենք իրավիճակի տերը դառնալու և տարածաշրջանում գործոն դառնալու հնարավորությունը, որովհետև ՀԱՊԿ-ից մեր մեկուսացումը հենց առաջին հերթին մեր ռազմաքաղաքական դաշնակիցների համար լինելու է նվազագույնը տարօրինակ»,- շեշտեց նա։
Գրիգոր Բալասանյանը նաև հավելեց, որ Ղազախստանում տեղի ունեցող գործընթացներին Հայաստանի մասնակցությունն ուղղակի անհրաժեշտություն էր։ Հետևաբար, եթե Ղազախստանը լավ դաշնակից չէ, ապա դա չի նշանակում, որ պետք չէ աշխատանքներ տանել նրան Հայաստանի կողմը ներգրավելու համար։ Նաև, ըստ նրա՝ չպետք է թողնել ինքնահոսի և այնպես անել, որպեսզի այնտեղ ադրբեջանաթուրքական տարրը Ղազախստանին վերջնականապես տրամադրի Հայաստանի դեմ, որի նախադրյալները կան։
«Բոլորի համար էլ պարզ է, որ այնտեղ արդեն գործում են միջազգային ահաբեկիչներ, այնտեղ 2 զինվորի գլուխ էին կտրել, սա այդ ահաբեկիչների ձեռագիրն է, խաղաղ ցուցարարը նման բան չէր անի։ Բացի այդ, այսօր Ղազախստանում բնակվում է 30 հազար հայ, որոնց մեծ մասը՝ Ալմաթա քաղաքում, որտեղ կա առանձին հայկական թաղամաս։
Մենք կարող էինք մեզ թույլ տալ, որպեսզի կրկնվեին Քեսաբի դեպքերը, և կա՞ր արդյոք վստահություն, որ այդ ամբոխը թուրք-ադրբեջանական գործակալական ցանցի միջոցով չէր ուղղորդվելու հենց հայկական թաղամասի վրա, և այնտեղ տեղի չէր ունենա հայերի ջարդ։
Մեր կոնտինգենտի ներկայությունն այնտեղ ու ղազախական զինված ուժերի հետ համագործակցությունը կարող էր այդ ամենը կանխել։ Հետևաբար՝ հարց է առաջանում, եթե այդպես են մտածում, ապա ի՞նչ գործ ունեին հայ խաղաղապահները Կոսովոյում, Աֆղանստանում, Իրաքում, թե՞ դա ՆԱՏՕ-ի շրջանակներում էր, և ՆԱՏՕ-ին կարելի էր, սա էլ այն դեպքում, երբ Հայաստանը ՆԱՏՕ-ի անդամ չէ։ Մենք ՀԱՊԿ ռազմաքաղաքական դաշինքի անդամ ենք, և աշխարհաքաղաքական իրավիճակն այս պահին այնքան է փոխվել, և նոր աշխարհի կառուցման ենք մենք ականատես լինում, պետք է սովորել նրան, որ Հայաստանն ավելի ազնիվ է լինելու և իր ռազմաքաղաքական պարտականություններն է կատարելու դաշնակիցների հանդեպ»,- եզրափակեց Գրիգոր Բալասանյանը։
Հիշեցնենք, որ հունվարի 6-ին Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաևի դիմումի հիման վրա և Ղազախստանի ազգային անվտանգությանը և ինքնիշխանությանը սպառնացող վտանգների բերումով, որն առաջացել է, այդ թվում՝ արտաքին միջամտության արդյունքում, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն՝ որոշում է կայացրել սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի Հանրապետություն ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման և կարգավորման նպատակով։