Ղազախական զարգացումները, հնարավոր է՝ «դոմինոյի էֆեկտով» շարունակություն ունենան հարևան այլ ավտորիտար ռեժիմներում ևս․ Փորձագետ

Ղազախստանում իրավիճակը մնում է լարված: Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ ՀՀ զինված ուժերը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան են գործուղել խաղաղապահ ստորաբաժանում՝ թվով 100 զինծառայող։ Ինչպես նշում են Արտգործնախարարությունից, Հայ խաղաղապահների խնդիրը ռազմավարական նշանակության օբյեկտների պահպանությունն է լինելու։

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի գնահատմամբ՝ ղազախստանյան իրադարձությունները հերթական իրողությունն է, որն ապակայունացնում է Ռուսաստանի շուրջ իրավիճակը։

Փորձագետը հենց սրանով է պայմանավորում Ռուսաստանի Դաշնության կտրուկ արձագանքը խնդրին, այն է՝ կոնկրետ գործողությունների նախաձեռնում՝ նաև ՀԱՊԿ խողովակներով։

«Ակնհայտ է, որ նման որոշում կայացվեց, և, ընդհանրապես, այս գործընթացը գործարկվեց Ռուսաստանի ազդեցությամբ, քանի որ վերջին մի քանի ամիսներին հատկապես Ռուսաստանի շուրջ բավականաչափ կարևոր և մտահոգիչ գործընթացներ են տեղի ունենում,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արմեն Պետրոսյանը՝ հիշեցնելով ուկրաինական հակամարտության ակտիվացման, Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների սրման և այսօր արդեն ղազախական զարգացումների մասին՝ նկատելով,- ՌԴ իշխանությունները այդ իրադարձությունները գնահատում են՝ որպես հերթական գունավոր հեղափոխության փորձ՝ իրենց անմիջական հարևանությամբ, հետխորհրդային տարածաշրջանում, որը կարող է ուղիղ հետևանքներ ունենալ նաև հենց ՌԴ-ի վրա»։

Ի պատասխան հարցին, թե այս զարգացումներն ի՞նչ ազդեցություն կունենան Հայաստանի վրա, փորձագետը մի քանի հանգամանքներ առանձնացրեց։

«Այս զարգացումներում ուղղակիորեն շոշափվում են մեր տարածաշրջանում երկու առանցքային դերակատարների՝ Թուրքիայի և Ռուսաստանի շահերը։ Այսինքն՝ այս զարգացումները կարող են վերածվել հերթական մրցակցային տիրույթի այս երկու խաղացողների միջև և ավելի բարդացնել, խորացնել, կամ հակառակը՝ ավելի մտերմացնել երկկողմ հարաբերությունները, որոնք թե՛ բացասական, թե՛ դրական առումով կարող են անդրադառնալ Կովկասյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վրա»,- նշեց նա՝ մանրամասնելով, որ դրական միջավայրի առաջացումը հավելյալ կերպով կնպաստի Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունների սերտացմանը, ինչը չի բխում Հայաստանի շահերից, քանի որ Թուրքիան տարածաշրջանում ունի հստակ խնդիրներ՝ հատկապես տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հետ կապված, իսկ թուրք-ադրբեջանական սցենարով այդ խնդրի լուծմանն ընդդիմացող առանցքային կողմերից մեկը Ռուսաստանն է։

Ըստ Արմեն Պետրոսյանի՝ ղազախական զարգացումները, հնարավոր է՝ «դոմինոյի էֆեկտով» շարունակություն ունենան այդ երկրին հարևան, կամ այդ երկրի հետ որոշակի կապեր ունեցող այլ ավտորիտար ռեժիմներում։ Այս համատեքստում նա հիշեցրեց Հայաստանում 2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխությանը հաջորդած գործընթացները նաև Ռուսաստանի Դաշնությունում․

«Անգամ կարգախոս կար՝ «Ռուսաստանում՝ ինչպես Հայաստանում»։ Բնականաբար, ռուսական կողմից մտավախություն կար, որ կարող է նույն շղթայական ռեակցիայի միջոցով իրադարձությունները շարունակվեն ՌԴ տարածքում։ Եվ այս դեպքում  արդեն լուրջ խնդիրներ կառաջանային, և Ռուսաստանը ստիպված կլիներ իր ուշադրությունը շեղել նաև մեր տարածաշրջանից, կենտրոնանալ սեփական խնդիրների վրա, որից վստահաբար դարձյալ կօգտվեին Ադրբեջանը և Թուրքիան՝ առաջ մղելով սեփական օրակարգը։

Հնարավոր է՝ նաև նույն շղթայական ռեակցիայով նմանատիպ իրավիճակ կարող է առաջանալ նաև հարևանությամբ գտնվող ավտորիտար երկրներում՝ Ադրբեջանում և Թուրքիայում։ Եվ չնայած այնտեղ դեռևս չեն երևում ակնհայտ հնարավորություններ նման զարգացումների, բայց սովորաբար, ավտորիտար վարչակարգերի պարագայում նմանատիպ զարգացումները տեղի են ունենում շատ անակնկալ կերպով և ցանկացած չնչին պատճառով։ Իսկ նման իրադարձություններն արդեն ուղղակի ազդեցություն են ունենալու Հայաստանի վրա, որովհետև Ադրբեջանում, օրինակ, նման գործընթացները կարող են Ալիևին դրդել նոր ռազմական էսկալացիայի։ Նկատենք՝ Ադրբեջանի դեպքում ընդունված մեթոդ է ներքին լարվածությունն արտաքին մարտահրավերներով մեղմելու, շեղելու գործելաոճը»։

Տեսանյութեր

Լրահոս