Տեր Զարեհը՝ Սուրբ Ծննդյան տոնի, պահոց շրջանի, գերեզմաններ այցելելու, Ջրօրհնեքի և Տնօրհնեքի մասին

Արարատյան Հայրապետական թեմի Սրբոց Առաքելոց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զարեհ Քահանա Աշուրյանի կարծիքով՝ թեպետ Նոր տարվա թոհուբոհի մեջ շատերի համար բարդ է Սուրբ ծննդյան պահքը պահել, բայց կան հավատացյալներ, որոնք հրաժարվում են ամանորյա շքեղ սեղանից:

«Դեկտեմբերի 30-ից սկսվում է Սուրբ ծննդյան պահքը: Իրականում այն 50 օր է տևում: 3 հիսնակի պահք ունենք՝ Սուրբ ծննդի հիսնակը, որը 3 շաբաթապահքերով է ընդհատվում, և վերջինը Սուրբ ծննդյան շաբաթապահքն է: Ունենք Սուրբ Հարության հիսնակը, որն ամբողջությամբ ենք պահում, և Պայծառակերպության՝ Վարդավառի հիսնակը, որը նորից 3 շաբաթապահքերով է ընդհատվում: Այս ընթացքը պահքի մեզ հնարավորություն է տալիս, որ ավելի պատրաստված մոտենանք Սուրբ ծննդյան տոնին, որի համար պետք է որոշակի աշխարհիկ դրսևորումներից հրաժարվենք: Դա արտահայտվում է նաև սնունդից հրաժարումի տեսքով, որովհետև սննդի պահեցողությունը պետք է տանի հոգևոր պահքի մեջ հաստատ մնալուն, և մարդը ունենա լիարժեք այն գիտակցումը, որ մարդը ի սկզբանե որպես բուսակեր ստեղծվեց, այլ ոչ թե՝ կենդանակեր: Առաջին իսկ զոհաբերության դրվագը Սուրբ Գրքում հենց այն պահն է, երբ Ադամն ու Եվան մեղք գործեցին, և Աստված իրենց մաշկեղեն զգեստ տվեց: Այսինքն՝ մենք սկսեցինք կենդանական ծագում ունեցող կերակուրներից օգտվել հենց մեղքից հետո, և հրաժարվելով այդպիսի ծագում ունեցող կերակուրներից՝ մենք վերադառնում ենք դրախտային անմեղ վիճակին»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Տեր Զարեհի խոսքով՝ Սուրբ ծննդյան սեղանին ընդունված է մատուցել քրիստոնեության խորհրդանիշներից ձուկը, չամիչով և բրնձով փլավը, որը խորհրդանշում է քրիստոնյաներին և աշխարհը.

«Չամիչի քաղցր հատիկները քրիստոնյաներն են, որոնք աշխարհի համը փոխում են: Նաև պասուց տոլման է օգտագործվում, չրեղեն, ընդեղեն»:

Քահանան ընդգծեց՝ Սուրբ ծննդյան տոնի օրը չի կարելի գերեզմանոց այցելել.

«Դրա համար նախատեսված է մեռելոց հիշատակի օր, որը հաջորդում է 5 տաղավար տոներից յուրաքանչյուրին, բայց վերջին տարիներին բավականին ինտենսիվ և մտածված ձևով իշխանությունները օրենքներ են ընդունում արգելելու կամ սահմանափակելու այս օրերին գերեզման այցելելը, որը դեմ է մեր հասարակության զգալի մասի հոգևոր ընկալումներին: Չմոռանանք, որ ինչքան էլ աշխարհիկ պետություն ենք, մեր հայրենակիցների զգալի մեծամասնությունը իրեն քրիստոնյա է համարում, և քրիստոնեական արժեքները իր համար կարևոր են, որպեսզի իր տեսակը պահի: Հավատացյալները թող բոյկոտեն, գնան գերեզմաններ: Տարվա մեջ 5 անգամը մեծ թիվ չէ: Այս մեծ գործազրկության ֆոնի մեջ այդ 5 օրը որևէ բան չի փոխելու»:

Հարցին՝ հունվարի 6-ին տեղի է ունենում Ջրօրհնեքի արարողություն. ի՞նչ է այն խորհրդանշում, նա պատասխանեց. «Մեր Տեր Հիսուս Քրիստոսի մկրտության խորհուրդն է, որովհետև Ավետարանն ասում է՝ երբ դարձավ 30 տարեկան, եկավ Հորդանան և մկրտվեց Հովհաննես Մկրտչի կողմից: Դա անվանում ենք նաև Աստվածահայտնության տոն, որովհետև երբ ջրից դուրս եկավ մեր տեր Հիսուս Քրիստոս, երկնքից Հայրը վկայեց՝ դա է որդին, իմ սիրելի, և Սուրբ Հոգին էլ աղավնակերպ իջավ Քրիստոսի վրա: Այսինքն՝ Սուրբ Երրորդությունն այդտեղ ամբողջությամբ հայտնվեց: Հավատացյալները օրհնած ջուր են տանում եկեղեցուց: Օրհնած ջուրը հիմնականում խմում ենք, որովհետև դրանում հեղված մյուռոնը նաև բուժիչ հատկություն ունի, և բազմաթիվ հրաշքներ են արձանագրվել մեր կողմից, երբ Ջրօրհնեքի օրհնված ջուրը հավատացյալը տարել է, հիվանդ է եղել և այդ ջրով բժշկվել է: Բայց այստեղ շատ կարևոր է հավատքի հանգամանքը»:

Ս. ծննդյան տոնակատարությունների շարքում կատարվում է նաև Տնօրհնեքի արարողություն: Տեր Զարեհը նշեց, որ հավատացյալները հիմնականում իրենք պետք է դիմեն իրենց հոգևոր հովիվներին՝ խնդրելով այցելել և օրհնել իրենց տները. «Տնօրհնեքի ժամանակ բերվում է Սուրբ ծննդյան ավետիսը, երգվում է շարականը, որը բարի ավետիսի ուրախ լուրն է մեզ տալիս: Օրհնվում է տան աղը, հացը և ջուրը: Ըստ Տիրոջ խոսքի՝ այնպես, ինչպես աղն է կերակրին համ տալիս, այդպես դուք՝ քրիստոնյաներդ, պետք է աշխարհին համ տաք: Ջուրը և՛ ֆիզիկական կյանքի խորհուրդն ունի, և՛ հոգևոր կյանքի, և՛ Քրիստոսն էլ ջրի հետ է համեմատվում: Հացը՝ որպես Տիրոջ մարմին, վերցվեց բոլոր կերակուրներից վերջին ընթրիքի ժամանակ՝ ավելի պատվելով այն: Այն եկեղեցու մանրակերտն է: Այս երեք պարագան օրհնելուց հետո նաև առիթ ես ունենում շփվել ընտանիքի հետ»:

Քահանան նշեց, որ հատկապես պատերազմից հետո շատ են մարդիկ, որոնք եկեղեցի են այցելում՝ նյութական աջակցություն ստանալու ակնկալիքով. «Բայց եկեղեցին անընդհատ չի կարող օգնել: Այո, Մայր Աթոռ Սուրբ էջմիածինը ունի իր սոցիալական գրասենյակը, թեմերն ունեն իրենց սոցիալական գրասենյակները, և եկեղեցին միշտ իր բարեգործական ծրագրերով իր հավատացյալ զավակների կողքին է, բայց միշտ չի կարող, որովհետև եկեղեցու հնարավորությունները շատ սահմանափակ և սուղ են: Դրա համար գոյություն ունի Սոցապնախարարությունը և շատ այլ կառույցներ, որոնք պետք է մտածեն այդ մասին»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս