Առանձին հավաքածուների, թանգարանային առարկաների պահպանությունը հրատապ է, հակառակ դեպքում հազարամյակներով պահպանված մշակութային արժեքները կարող են քայքայվել. Դավիթ Պողոսյան
Հայաստանի պատմության թանգարանում կատարվող վերանորոգման աշխատանքների, նախագծերի, նոր գաղափարների շուրջ զրուցել ենք թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանի հետ:
– Պարոն Պողոսյան, Հայաստանի պատմության թանգարանի վերանորոգման աշխատանքները ո՞ր փուլում են և ե՞րբ կավարտվեն:
– Պետական ֆինանսավորմամբ նոր օդափոխության և ջերմախոնավային համակարգի անցկացման աշխատանքները սկսվել են դեռ նախորդ տարվա աշնանից, և որոշ ընդհատումներով շարունակվել են նաև 2021 թվականին։ Համակարգը տեղադրվում է Հայաստանի պատմության թանգարանի հուշարձան-կառույցի ողջ տարածքում՝ ցուցասրահներում, պահոցներում, աշխատանքային հատվածներում։ Անհրաժեշտ սարքավորումներն արդեն թանգարանում են, և կառույցի ներսում ավարտին են մոտենում դրանց տեղադրման աշխատանքները։ Ներքին բակում պետք է տեղակայվի նաև նոր կաթսայատունը, որի հետ կապված փաստաթղթային ընթացակարգն արդեն ավարտվել է։
Մեկ այլ կարևոր խնդիր է՝ տեղադրվող համակարգին անհրաժեշտ էլեկտրասնուցման հզորացումը, գազամատակարարման և ջրամատակարարման ապահովումը, որոնք առաջիկա անելիքների շարքում են։ Հուսով ենք՝ մոտակա ամիսներին կավարտվեն աշխատանքները, որոնց ձգձգումը պայմանավորված է թանգարանային կառույցի առանձնահատկություններով, ինչպես նաև որակյալ աշխատուժի ներգրավման խնդիրներով։
– Փորձում եք լուծել թանգարանի օդափոխության և ջերմախոնավային համակարգի կարգավորման հարցը: Որո՞նք են մյուս խնդիրները, որ հրատապ լուծման կարիք ունեն, և ինչքա՞ն գումար է անհրաժեշտ:
– Իր ավելի քան հարյուրամյա գոյության ընթացքում թանգարանը մշտապես հարմարվել է այն կառույցներին, որոնք տրամադրվել են իրեն կամ հարմարեցվել են թանգարանային գործունեության համար, որին զուգահեռ՝ ավելացել են հավաքածուները և շարունակում են համալրվել։ Արդյունքում՝ թանգարանն այսօր ունի գործունեության ոչ բավարար տարածք, հնացած ենթակառուցվածքներ և հուշարձան-կառույց, որը արդի թանգարանային գործունեության համար անհրաժեշտ պահանջներին համապատասխանեցնելը դժվար է։
Թանգարանի համար մշտապես և այսօր էլ ամենակարևոր խնդիրը եղել է իր տարաբնույթ առարկաների (շուրջ 400.000) պահպանության խնդիրները։ Այս առումով ջերմախոնավային համակարգի անցկացումը և գործարկումը կարող է շատ կարևոր խնդիր լուծել։ Սակայն մյուս խնդիրների հարցը հաճախ բավականին մեծ գումարների և կարևոր որոշումների հետ է կապված, որոնք կարող են լուծել ցուցադրական տարածքների ընդլայնման, արդիականացման, հատուկ թանգարանային սպասարկման, գիտակրթական տարածքների ձևավորման հիմնախնդիրները։ Առաջիկա խնդիրների շարքում առավել հրատապ են անվտանգության համակարգերի արդիականացումը և պահոցների, ցուցասրահների բարելավումը, դրանց վերակազմակերպումը։
Զուգահեռ առկա են խնդիրներ, որոնք վերաբերում են առանձին հավաքածուների, թանգարանային առարկաների պահպանությանը, որի լուծումը հրատապ է, հակառակ դեպքում հազարամյակներով պահպանված և մեզ հասած այդ մշակութային արժեքները կարող են քայքայվել։ Ինչպես հասկանալի է, առկա խնդիրները պայմանավորված են մեկը մյուսով, որոնց առանձնակի լուծումը հաճախ նվազ արդյունավետ է, սակայն թույլ է տալիս ժամանակի ընթացքում ապահովել թանգարանի անխափան գործունեությունը։
– Թանգարանը փակ էր, սակայն այդ ընթացքում մի շարք նախագծեր իրականացվեցին. որո՞նք էին դրանք:
– Իրավացի եք։ Թանգարանը նույնիսկ փակ վիճակում չի դադարեցրել իր գործունեությունը, ավելին, իրականացրել է իր բոլոր գործառույթները, նոր նախագծեր սկսել։ Վերջինները հիմնականում ուղղված են եղել համագործակցությամբ և նոր ձևաչափով գործընկերային հարաբերությունների հաստատմամբ թանգարանային հավաքածուների համալրմանը, պահպանության խնդիրների լուծմանը, ցուցադրության և գիտակրթական ծրագրերի կազմակերպմանը։ Արդյունքում՝ շուրջ չորս ամիս ՀՀ արտաքին գործերի նախարարության նախկին շենքում կազմակերպվեց «Դրվագներ ինքնության․ տարազ» խորագիրը կրող ցուցահանդեսը, որի ընթացքում 200-ից ավելի մշակութային արժեքներ ցուցադրվեցին, տարբեր ձևաչափերով մեկնաբանվեցին, սկսեցին իրականացվել թիրախային կրթական ծրագրեր՝ ցուցահանդեսի հիմքով, փոփոխվող ցուցանմուշներով։
Առանձնակի կարևորվեց գիտահետազոտական գործունեությունը թանգարանում, որի արդյունքներից էր «ՀՀ անկախության հռչակման 30-ամյակին» նվիրված գիտաժողովի կազմակերպումը և նյութերի հրատարակումը «Աշխատություններ Հայաստանի պատմության թանգարանի» ժողովածուի 8-րդ համարում, որի նախորդ համարը շուրջ քառասուն տարի չէր հրատարակվել։
Կրթական ծրագրերը սկսեցին կազմակերպվել հնարավորինս ինտերակտիվ և ներգրավման մեթոդաբանությամբ։ Այս տարի թանգարանը կազմակերպել է 30-ից ավելի կրթական ծրագրեր։ Հատկապես դրական արձագանք ստացավ դպրոցներում թանգարանային կրթական արկղիկով դասերի անցկացումը, որի համար հատուկ կրկնօրինակ, շոշափողական առարկաներ են գործածվում։ Թանգարանը այս տարի կազմակերպել է նաև շուրջ 50 տարաբնույթ միջոցառումներ, որից փոքր մասն է առցանց իրականացվել։
– Իսկ ի՞նչ նախագծեր եք իրականացնելու 2022 թվականի ընթացքում:
– Առավելապես մշտական ցուցադրության բացման ուղղությամբ ենք կենտրոնացնելու մեր ջանքերը, ինչպես նաև շարունակելու ենք զարգացնել գիտակրթական, հանրային ծրագրերը, հուշանվերային տեսականին։ Պետական ֆինանսավորմամբ արդեն իսկ սկսվել է թանգարանում առանձնակի արժեք ունեցող առարկների պահպանության բարելավումը և դրանց նորովի մատուցումը։ Այս առումով հատուկ կայուն ջերմախոնավային համակարգով ցուցադրական կահույք է պատրաստվելու թանգարանի եզակի նմուշներից մեկի՝ Արենիի քարանձավից հայտնաբերված հնագույն ոտնամանի համար։
Փորձելու ենք վերականգնել արտերկրյա թանգարաններում ցուցադրությունների կազմակերպման գործունեությունը, որի ուղղությամբ արդեն իսկ աշխատանքներ են տարվում։ Շատ ծրագրերի մասին չեմ ուզում նախապես խոսել, քանի դեռ դրանք գտնվում են քննարկման փուլում։ Հուսով եմ՝ բոլոր նախատեսված աշխատանքների իրականացումը բարեփոխման կվերածվի, և արդյունքները կգոհացնեն բոլորիս։
– 2021թվականին նոր համալրումներ եղե՞լ են թանգարանում:
– Այս տարի թանգարանի հավաքածուն ավելացել է ավելի քան 650 թանգարանային առարկայով։ Ուզում եմ առիթից օգտվել և շնորհակալություն հայտնել թանգարանի բոլոր նվիրատուներին և գործընկերներին, քանի որ նրանց շնորհիվ է ձեռք բերվել և ձեռք բերվում հավաքածուների մեծ մասը։ Ուրախությամբ պետք է նշել, որ տարեցտարի ավելանում է մեր այն հայրենակիցների թիվը, որոնք պատրաստ են արժեքավոր նմուշներ նվիրաբերել թանգարանին։