Շղթան շարունակվում է. ահա թե ինչի են հանգեցրել «բարեփոխումները»
Տնտեսության մեջ երկնիշ աճ այդպես էլ չունեցանք, փոխարենը՝ ունենք գրեթե երկնիշ գնաճ։ Տասներկուամսյա գնաճը Հայաստանում հասել է 9,6 տոկոսի։
Սա վերջին մեկ-երկու տասնամյակի ամենաբարձր գնաճն է, որին առնչվում են սպառողները։
Կար ժամանակ, երբ Հայաստանում գնաճը նույնիսկ բացասական էր։ Շատ դեպքում էլ չէր անցնում 1-2 տոկոսից։ Բայց դա չէր խանգարում, որ այն ժամանակ որոշ ընդդիմադիր գործիչներ 1-2 տոկոսանոց գնաճը դարձնեին մատի փաթաթան ու սոցիալական երաշխիքներ պահանջեին իշխանություններից։
Հիմա չնայած գնաճը դուրս է եկել բոլոր գրված ու չգրված կանոններից, այս մարդիկ լռում են, նույնիսկ արդարացումներ փնտրում։ Բայց մոռանում են, որ այսօրվա բարձր գնաճի մեղավորը նաև իրենք են։ Դրա հիմքերն իրենք են դրել։
Երբ ժամանակին տնտեսության համար բարձրացնում էին գազի, էլեկտրաէներգիայի սակագները, իսկ բնակչության համար թողնում անփոփոխ, այն ժամանակ դնում էին այսօրվա թանկացումների հիմքերը։ Արտաքուստ ցույց էին տալիս, թե մտածում են բնակչության մասին, բայց թաքցնում էին, որ տնտեսության համար էներգակիրների թանկացումը բերելու է ապրանքների ու ծառայությունների գների բարձրացման, ու այդ ամենի ուղղակի ազդեցությունը կրելու են բոլորը։ Այն, ինչ հիմա տեսնում ենք։
Այսօրվա բարձր գնաճը նաև դրա հետևանք է, որն այն ժամանակ շատերը չէին ուզում տեսնել։ Իշխանություններն էլ խնամքով թաքցնում էին ու կեղծ մարդասիրություն խաղում։ Ժողովուրդն էլ հավատում էր ու ծափահարում։
Հիմա եկել է ծափահարելու հետևանքները քաղելու ժամանակը։
Թանկացումների մի մեծ հատված էլ կապված է այն օրենսդրական փոփոխությունների հետ, որոնք իշխանություններն անում էին՝ հարկային «բարեփոխումների» անվան տակ։ «Բարեփոխումների» անվան տակ ավելացնում էին հարկային բեռը՝ չմտածելով հետևանքների մասին։
Խոսքը, մասնավորապես, ենթաակցիզային ապրանքների ակցիզային հարկի մասին է, որը վերաբերում էր նույն բենզինին, դիզելին, շարժիչային գազին, խմիչքներին, ծխախոտին և այլ ապրանքներին։ Արդյունքը եղավ այն, որ այսօր այդ ապրանքների գներն անհամեմատ ավելի բարձր են, քան կարող էին լինել, եթե ժամանակին մի քիչ մտածեին հետևանքների մասին։ Զարմանալի չէ, որ հիմա միջազգային շուկայում վառելիքի գները շատ ավելի ցածր են, քան տարիներ առաջ, բայց հայաստանյան շուկայում դրանք հասել են չլսված ու չտեսնված բարձր մակարդակի։
Բենզինի ու դիզելի այսպիսի գներ Հայաստանում չի եղել նույնիսկ այն ժամանակ, երբ միջազգային շուկայում նավթի բարելը վաճառվում էր 150 դոլարով։ Այսօր այն տատանվում է 70-80 դոլարի սահմաններում։ Եվ այդ պայմաններում բենզինի գինը ներքին շուկայում 520-540 դրամի սահմաններում է։ Կա նաև բենզինի տեսակ, որի գինն անցնում է 600 դրամից։
Վառելանյութի նման գներ Հայաստանում երբեք չի եղել։ Բայց այսօր կա ու դրա հիմնական պատճառը այն հարկային «բարեփոխումներն» են, որոնք վերջին տարիներին իրականացրել են այս իշխանությունները։ Այդ «բարեփոխումների» հետևանքները շարունակական են ու առաջիկայում ևս պահպանվելու են։
Նման «բարեփոխումների» արդյունքը եղավ այն, որ դրանք հարվածեցին ոչ միայն սպառողի գրպանին, այլև տնտեսությանն ու պետական գանձարանին։
Հավանաբար շատերը գիտեն, թե ինչ է կատարվում հայրենական ծխախոտի արտադրության ոլորտում։ Երբեմնի ամենաարագ ու դինամիկ զարգացող տնտեսության այս ճյուղը հայտնվել է փակուղու առաջ։ Հարկային բեռի ծանրացումը՝ մի կողմից, համավարակն ու տնտեսական ճգնաժամը՝ մյուս կողմից, հանգեցրել են ոլորտի արտադրության ծավալների կրճատման։ Կրճատման մեծ բաղադրիչը հարկային բեռի ծանրացման հետ է կապված։ Դա հանգեցրել է ծխախոտի գների բարձրացման և իրացման ծավալների կրճատման։ Տուժել է նաև մրցունակությունը։
Ծխախոտի գների բարձրացումը դարձել է անընդհատ պրոցես։ Հաջորդ տարի ևս, երբ կրկին կավելանա ակցիզային հարկի բեռը, ծխախոտը էլի կթանկանա։ Միայն այս տարի ծխախոտի գնաճը կազմել է 9-10 տոկոս։
Նույնը տեղի է ունենում նաև խմիչքների հետ։ Հարկային բեռն այնքան են ավելացրել, որ գները կրկնապատկվել-եռապատկվել են։ Ու դեռ էլի բարձրանալու են։
Ամբողջ խնդիրն այն է, որ այդ «բարեփոխումներից» չի շահել նաև պետական բյուջեն։ Ակցիզային հարկից բյուջետային մուտքերը նույնիսկ նվազել են, որովհետև տնտեսությունը սկսել է բացասաբար արձագանքել հարկային բեռի ավելացմանը։
Սրանք գործոններ են, որոնք դրսի հետ կապ չունեն, կապված են իշխանությունների իրականացրած, այսպես կոչված, հարկային «բարեփոխումների» հետ, որոնք ներսում հանգեցրել են գների ահա այսպիսի կտրուկ բարձրացումների։
Իհարկե, թանկացումների շղթան այսքանով չի ավարտվում։ Եթե նախկինում այն ներառում էր հիմնականում սննդամթերքը և հատկապես առաջին անհրաժեշտության սննդամթերքը, հիմա նաև ոչ պարենային ապրանքներն են թանկանում։ Միայն այս տարի դիզելի գները ներքին շուկայում բարձրացել են՝ շուրջ 50, բենզինինը՝ ավելի քան 42 տոկոսով։ Հագուստի ու կոշիկի 12-ամսյա գնաճն անցնում է 12 տոկոսից։
Շատ վաղուց ոչ պարենային ապրանքների գները Հայաստանում այսպիսի կտրուկ թռիչք չէին ունեցել։
Գնաճը, գուցե լավ է տնտեսության համար, բայց անգամ նման բարձր գնաճի պայմաններում մեր տնտեսության զարգացումները շատ թույլ են։ Ոչ միայն երկնիշ, այլև կառավարության վերջին կանխատեսմամբ ակնկալվող 6,5 տոկոսանոց աճի մասին խոսելն է դարձել ավելորդ։ Տարեվերջից 1 ամիս առաջ այս տարվա համար հիմա արդեն հազիվ 4,5-5 տոկոս աճ է սպասում։ Դա էլ կլինի՞, թե՞ ոչ, դեռ հարց է։
Անգամ բարձր գնաճը փրկօղակ չեղավ իշխանության համար։ Տնտեսությունը չկարողացավ վերականգնվել նախորդ տարվա ճգնաժամից, իսկ հասարակությունը շարունակեց աղքատանալ՝ բարձր գնաճի ու եկամուտների անհամաչափ ավելացման պատճառով։ Այս իրավիճակը, անշուշտ, հղի է վատ հետևանքներով, որոնք արդեն տեսնում ենք ոչ միայն աղքատության խորացման, այլև արտագաղթի ծավալների ավելացման տեսքով։ Միայն տարվա առաջին 9 ամիսներին Հայաստանից գնացել ու չի վերադարձել ավելի քան 103 հազար քաղաքացի։
Արտագաղթը շարունակվելու և գուցե ավելի մեծ տեմպերի է հասնելու նաև հաջորդ տարի՝ հաշվի առնելով՝ ինչպես անվտանգության հետ կապված խնդիրները, այնպես էլ՝ սոցիալական լարվածության խորացումը։ Մինչ անվտանգության ոլորտում առաջընթաց չկա, արդեն հայտնի է, որ թանկացումներ են լինելու հանրային ծառայությունների դեպքում։ Պակաս պասիվ չի լինելու նաև գնաճը, որին սպառողներն առնչվելու են հաջորդ տարի։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ