«Նիկոլին Հայկ Մարությանով կփոխարինեն Նիկոլի տերերը. ծաղրածուին Ուկրաինայի օրինակով՝ նախագահ դարձնելով». Գագիկ Մինասյան
Աշխարհում գոյություն ունեցող բոլոր պոպուլիստական իշխանություններն ու այդ բոլորի պես՝ նաև Հայաստանի իշխանությունը, զգալով, որ կամաց-կամաց հողը փախչում է ոտքերի տակից, այդ իշխանությունն ամուր պահելու համար գնում է դեպի բռնատիրություն տանող ճանապարհով։ Այդ ճանապարհով գնալու վկայությունն է այն, որ ՀՀ իշխանության ղեկավարը վերացնում է ցանկացած այլակարծություն՝ իշխանությունը երկարաձգելու համար՝ այդ նպատակով կողքին պահելով միայն իրեն նվիրվածներին։ Այս իշխանությունը դա անում է՝ չենթարկվելով որևէ օրինականության, ու հենց այս ծիրում պետք է դիտարկել՝ ինչպես Երևանի արդեն նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի, այնպես էլ՝ ՏԻՄ ընտրություններից հետո բազմաթիվ համայնքներում հաղթած ոչ իշխանական թեկնածուների շուրջ իրականացվող բռնաճնշումներն ու ապօրինություները։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը՝ հավելելով.
«Ինչպես ընդդիմությունն է փորձում ընդդիմադիր դաշտում համախմբվել, այնպես էլ իշխանությունն է կոնսոլիդացվում՝ դնելով հստակ գիծ՝ ովքեր Փաշինյանի հլու կամակատարները չեն, հակառակորդներ են։ Առաջինը Փաշինյանը կոնսոլիդացնում է իշխանությունը, հետո երկրորդ քայլով կձևավորի իր սրտի ընդդիմությունը։ Ուշագրավ է, որ դա չի լինի միայն Նիկոլի սրտինը. այդ ընդդիմությունը կլինի նաև այն ուժերի սրտինը, որոնք Նիկոլին բերեցին իշխանության ու հիմա հասկանում են, որ նրա վարկանիշը գահավիժում է։ Այդ ուժերին պետք է պահեստային տարբերակ: Եվ ինչպես Ուկրաինայի դեպքում՝ ծաղրածուն դարձավ երկրի նախագահ, այնպես էլ Հայաստանում այդ նույն տարբերակը իրականություն կդարձնեն»։
Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ պատահական չէ, որ Հայկ Մարությանը երեկ քաղաքապետարանում իր ելույթում որևէ ֆունդամենտալ քննադատության չենթարկեց այս իշխանությանը, որը ավերածություն է բերել պետության գլխին, բայց նախընտրեց խոսել միայն մի քանի կոսմետիկ խնդիրների մասին։
«Դա, կարծես թե, գալիս է փաստելու, որ ուրիշները Հայկ Մարությանի համար քաղաքական պլատֆորմ են ստեղծում, որով նա կարող է փոխարինել այս իշխանությանը։ Ես հակված չեմ հավատալ, որ Հայկ Մարությանը կկարողանա դառնալ ինքնուրույն քաղաքական գործոն, Հայկ Մարությանը, վստահաբար, կգնա գործող քաղաքական ուժերից մեկի թիմն ու էնտեղ գուցե դառնա լիդեր։ Մարությանը անպայման չէ, որ դառնա Նիկոլի սրտի ընդդիմադիրը, բայց նա կդառնա Փաշինյանի տերերի սրտի ընդդիմադիրը։ Ինքը՝ Հայկ Մարությանը, արդեն նման հայտ ներկայացրել է, ու այսօրվա իշխանությունը նրա համար դրան հասնելու արահետ է բացում, այնպես որ, եթե Փաշինյանի տերերը նախատեսել են, որ այս քաղաքապետը պետք է դառնա գունավոր հեղափոխության երկրորդ փուլի առաջամարտիկը, այդպես էլ կփորձեն անել ու Նիկոլին Հայկ Մարությանով կփոխարինեն Նիկոլի տերերը»,- ասաց Գագիկ Մինասյանը։
ՀՀԿ ԳՄ անդամի խոսքով՝ Հայաստանում գունավոր հեղափոխության երկրորդ արարը սկսվելու մասին է վկայում նաև Սահմանադրությունը փոխելու՝ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի մտադրությունը, որը, իրականում ոչ թե նրանց, այլ Հայաստանին պարտադրվող օրակարգն է՝ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից։
«Մեր անկախության հռչակագրում երկու կարևոր դրույթ կա, որից այս իշխանությունը ցանկանում է ազատվել։ Առաջինը Գերագույն խորհրդի որոշումն է՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի՝ Հայաստանի միացման մասին, երկրորդ կետով ազատվում են Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման մասին դրույթից։
Հենց այս երկու կարևորագույն կետից են այս իշխանությունն ու նրանց միջոցով 2018 թվականին Հայաստանում իշխանափոխություն իրականացրած ուժերը ցանկանում ազատվել։ Նկատենք, որ այդ ուժերից թուրք-ադրբեջանական տանդեմը վերջին շրջանում մեր երկրում շատ բան է որոշում։ Թուրքիայի պարտադրանքով են տեղի ունենում գործընթացներ, որոնք առաջ հնարավոր էլ չէր պատկերացնել, ու հիմա այդ տանդեմը Հայաստանի առաջ դրել է Սահմանադրության փոփոխության նախապայման, իսկ այն, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը խոսում են Սահմանադրության փոփոխության մասին, նշանակում է, որ արդեն իսկ բավարարել են այդ նախապայմանները։ Ավելին, խոսվում է նաև այն մասին, որ նոր Սահմանադրության հետ մեկտեղ՝ կերկնեն իրենց առաջ քաշած 4-րդ Հանրապետության հռչակագիրը, որտեղ Թուրքիայի դրած նախապայմաններն արդեն չեն լինի»,- պարզաբանեց Մինասյանը։
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամի փոխանցմամբ՝այսօր ընդդիմությունը համախմբվելով՝ կարող է կանխել այս զարգացումը՝ ինչպես Սահմանադրության փոփոխությունը օգտագործելով որպես իշխանափոխությանը հասնելու ճանապարհ, այնպես էլ՝ այլ գործիքներ կիրառելով, ուստի պետք է սպասել, որ այն պահից, երբ Սահմանադրության փոփոխության ժամկետները հայտնի դառնան, ընդդիմադիր դաշտը պետք է նոր թափով գործընթացներ սկսի՝ բացառելով, սակայն, մինչ այդ ձեռքերը ծալած նստելը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում