Միֆը, թե՝ գիտությունն արդյունավետ չի աշխատում Հայաստանում՝ միանգամից հերքվում է․ Արեգ Միքայելյան

ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանն ամփոփել է հոբելյանական 2021 թվականը:

Աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը ասուլիսի ժամանակ հայտնեց, որ տարվա ընթացքում գիտական, ինչպես նաև կրթական և հանրային միջոցառումներ են կազմակերպվել:

Նա նշեց, որ 15 տարի առաջ Բյուրականյան միջազգային ամառային դպրոցների շարքի սկիզբն է դրվել, և բյուրականյան առաջին միջազգային ամառային դպրոցը կրել  է «Դիտողական աստղաֆիզիկա» խորագիրը: Թեև առաջին փորձն էր եղել, սակայն դպրոցին մասնակցել է 12 դասախոս՝ 6 երկրից (ԱՄՆ, Գերմանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Իտալիա, Հայաստան) և 30 ուսանող 8 երկրից (Հայաստան, Ռուսաստան, Ուկրաինա, Վրաստան, Իտալիա, Սերբիա, Ռումինիա և Հորդանան)։

2022թ․ կանցկացվի Բյուրականյան 8-րդ միջազգային ամառային դպրոցը:

«Միջազգային աստղագիտական միությունն ունի 82 անդամ պետություն, որոնց թվում նաև Հայաստանն է: Աշխարհում միջինում շատ ավելի քիչ աստղագետ կա, քան Հայաստանում: Լինելով փոքր երկիր՝ ՄԱՄ աստղագետների թվով Հայաստանը 47-րդն է:  ՄԱՄ-ն ունի 11 կենտրոններ՝ ամբողջ աշխարհում, որոնցից մեկը Հայաստանն է»,- ասաց Արեգ Միքայելյանը՝ հավելելով, որ առաջին անգամ դասընթացներ են կազմակերպվել նաև Պոլիտեխնիկական համալսարանում սովորող ինժեներների համար:

Բյուրականի աստղադիտարանի տնօրենը շեշտեց՝ Բյուրականի աստղադիտարանը միջճյուղային և բազմաճյուղային գիտությունների զարգացման ամենամեծ ջատագովն է:

«Միջազգային տվյալների շտեմարանը՝ «Scimzago»-ն, նշում է, որ Հայաստանը տարածքով 138-րդ տեղն է գրավում, բնակչության թվով՝ 134-րդ: Տնտեսական ցուցանիշներով համարյա համապատասխանում է իր այդ դիրքին, բյուջեով 136-րդն է, ՀՆԱ-ով՝ 130-րդ տեղում է աշխարհում տարբեր ցուցանիշներով, իսկ գիտական ցուցանիշներով 1.5 անգամ բարձր է, ասել է թե՝ գիտությունը մեզ մոտ էֆեկտիվ է աշխատում: Տվյալներ սկսել են տալ 1996 թվականից սկսած: Միջազգային տվյալների շտեմարանում ներկայացնում են յուրաքանչյուր երկրի դիրքն աշխարհում: Կան գիտության բոլոր բնագավառները՝ միասին վերցրած: Միայն 2020թ. տվյալներով՝ ՀՀ-ն 95-րդ տեղում է՝ բոլոր բաժինները ներառյալ, ֆիզիկա և աստղագիտություն բաժնում՝ 66-րդ տեղում է, իսկ աստղագիտություն և աստղաֆիզիկա ոլորտով մենք ամենաբարձր դիրքերում ենք, 52-րդ տեղում ենք՝ 2020թ. տվյալներով, իսկ 1996-2020թթ. կտրվածքով՝ 41-րդ: Մեր պետության կողմից ջանքեր են պետք, իսկ այն միֆը, որ ասում են՝ գիտությունն արդյունավետ չի աշխատում Հայաստանում՝ միանգամից հերքվում է: Ես հակառակը կասեի՝ տնտեսությունը մեզ մոտ լավ չի աշխատում: Նայեք տնտեսության ու գիտության ցուցանիշները»,- ընդգծեց Արեգ Միքայելյանը:

Ինչ վերաբերում է գիտաշխատողներին՝ Արեգ Միքայելյանը հայտնեց. «Աշխատակիցներին ապահովեցինք դյուրակիր համակարգիչներով, և կարող եմ ասել, որ բոլոր գիտաշխատողներն ունեն համակարգիչներ և կարող են արդյունավետ աշխատել ցանկացած վայրից»:

Նա նաև տեղեկացրեց, որ անցնող տարվա ընթացքում  Աստղադիտարան այցելած անաձանց թիվը շուրջ 24.000 է:

«Էքսկուսիաները մոտ 20.5 մլն դրամ եկամուտ են բերել»,- հավելեց Արեգ Միքայելյանը:

Տեսանյութեր

Լրահոս