«Թուրքական կողմից ենք իմանում, որ հանդիպման հրավեր կա, որ գործընթացը մեկնարկել է». Նարինե Մեհրաբյան

«Ռուբեն Ռուբինյանն աչքի է ընկել իր՝ «խաղաղության դարաշրջան» բացելու հայտարարություններով: Արդյո՞ք հասարակությունը իրապես պատրաստ է այդ «խաղաղության դարաշրջանին», արդյո՞ք դա երկկողմանի է լինելու, թե՞ այն քաղաքական միֆերի խմբին ենք դասելու, որոնք իրականության հետ աղերս չեն ունենալու»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀՀԿ երիտասարդական կառույցի անդամ Նարինե Մեհրաբյանը:

Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը կլինի ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։ Իսկ Թուրքիայի կողմից հատուկ ներկայացուցիչ է նշանակվել ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան, իր հակահայ նախաձեռնություններով հայտնի Սերդար Քըլըչը:

Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավման տնտեսական բաղադրիչին անդրադառնալով՝ Նարինե Մեհրաբյանը հիշեցրեց, որ դեռևս 2017թ. կառուցվել էր Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային ճանապարհը, որը պետք է երրորդ տարում ունենար 3-5 մլն տոննա թողունակություն, իսկ 5-րդ տարում՝ 6-8 մլն տոննա թողունակություն. «Սակայն, հոկտեմբեր ամսին Ադրբեջանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը հայտարարեց, որ ծրագիրն իր չորրորդ տարում ունի 1.3 մլն տոննա թողունակություն: Կարևոր արձանագրում՝ երկաթուղու վրացական կողմը կառուցվել է ադրբեջանական երկու տարբեր տրանշների 1 տոկոսանոց և 5 տոկոսանոց փոխանցումների հաշվին: Ի՞նչ միջոցներով են կառուցելու հայկական կողմի երկաթուղին, Հայաստանի կողմից ի՞նչ ֆինանսներ են ներդրվելու, արդյո՞ք դրա տնտեսական արդյունավետությունը տեսնելու ենք»:

Նա նկատեց՝ հասարակության մեջ սոցիալական խնդիրներն արմատավորված են, և ՀՀ-ն այս պահին արտաքին կապիտալի ներգրավման մեծ պահանջարկ ունի, հետևաբար, ըստ Մեհրաբյանի՝ կա հետևյալ սպառնալիքը. «Սոցիալական բաղադրիչը հաշվի առնելով՝ ՀՀ քաղաքացին գուցե և ինչ-որ առումով դրական վերաբերվի Թուրքիայից եկող ներհոսքին՝ չմտածելով, որ դրա մուլտիպլիկատիվ արդյունքն այն է լինելու, որ դա ինչ-որ մի փուլում նույնիսկ առերեսվում է ՀՀ սուվերենության հետ»:

Հարցին՝ այսինքն՝ ինչպես «Արցախը տանք՝ հանգիստ ապրենք» միֆը հօդս ցնդեց, այդպես էլ հօդս է ցնդելու այս նոր միֆը, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո ավելի լավ կապրեն, նա պատասխանեց. «Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորենք, որ լավ ապրենք տերմինն իրականում քաղաքական միֆ է: ՀՀ ցանկացած քաղաքացի էլ միայն երջանիկ կլինի, եթե փակ սահմաններ չունենա և կարողանա լիաթոք տնտեսական շրջանառություն ունենալ, բայց այնուամենայնիվ, ցանկացած պրոցես անհրաժեշտ է իրականացնել աստիճանաբար, ոչ թե շոկային թերապիայով»:

Նա նկատեց, որ Թուրքիայի հետ հարաբերությունների որոշակի փուլ մուտք գործելու մասին հայ հասարակությունն իրազեկվում է ոչ թե Հայաստանի իշխանություններից, այլ Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուից:

«Թուրքական կողմից ենք իմանում, որ հանդիպման հրավեր կա, որ գործընթացը մեկնարկել է, որ բանագնացներ են նշանակվել: Կաղում ենք տեղեկատվական, դիվանագիտական և քաղաքական դաշտերում: Այս խնդիրների ծաղկաբույլը լուծելու համար անհրաժեշտ է համալիր մոտեցում, կարող քաղաքական ուժեր, մարդիկ, որոնք հստակ տիրապետում են այն քաղաքական գործընթացներին, որոնց մասին խոսում են, որոնք նույնիսկ երբ բանակցությունների ընթացքում հակադարձում ստանան, կարող են այնպիսի համարժեք թեզեր բարձրացնել, որից հայկական պետականությունը կշահի: Իմ բոլոր հարցազրույցներում ասում եմ՝ ես իրապես կարծում եմ, որ մենք չպետք է պարտվողական հոգեբանություն ունենանք: Այս մեկ տարվա ընթացքում բազմաթիվ կորսված հնարավորություններ ունեցանք, որոնք օգտագործելու դեպքում կարող էինք գերիների վերադարձի խնդիրն անհամեմատ ավելի վաղ լուծել, կարող էինք մշակութային ցեղասպանությունից ինչ-որ առումով խուսափել, կարող էինք Սյունիքում և ՀՀ սուվերեն տարածքում եղած գործընթացները ավելի այլ ուղղությամբ տանել»,- ընդգծեց նա:

ՀՀԿ երիտասարդական կառույցի անդամն անդրադարձավ ևս մեկ արտաքին մարտահրավերի. «Ռուսաստանը ՆԱՏՕ-ին առաջարկում է, որպեսզի հետ պահի իր զորքերը ՌԴ սահմանից և բացառի հետսովետական երկրների ներգրավումը ՆԱՏՕ-ի կազմում: Սա ևս տարածաշրջանային շատ լուրջ հետևանքների կարող է հանգեցնել, էլ չեմ խոսում այն մասին, որ շատ իրատեսական են այն գնահատականները, որ նոր երկաթյա վարագույրի ժամանակաշրջան բացելու հնարավորություն գուցե սա լինի, կամ գուցե ռազմական էսկալացիաների հանգեցնի: Եթե մենք ունենայինք գոնե այն ստատուս-քվոն, որ ունեինք, ես վստահաբար կպնդեի, որ Հայաստանը պետք է զուսպ և հավասարակշիռ քաղաքականություն վարի, բայց քանի որ ունենք իրավիճակ, որտեղ հնարավորինս պետք է կարողանալ Հայաստանի շահը պաշտպանել, ես կարծում եմ՝ այստեղ պետք է շատ զգոն լինել, որպեսզի հերթական անգամ չդառնանք այն մանրադրամը, որը խոշոր պետությունների շահերի բաշխման ընթացքում կարող է հերթական կորուստներն ունենալ»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս