Հանե՛ք ձեր վարդագույն ակնոցները և նայեք իրականության աչքերին

Պատերազմի ավարտից անցել է ավելի քան մեկ տարի, սակայն իշխանությունների հայտարարած խաղաղության դարաշրջանը ոչ մի կերպ չի գալիս։ Հայաստանը շարունակում է նույնքան անորոշ վիճակում լինել, որքան մեկ տարի առաջ էր։

Այդ անորոշության հետևանքներն այսօր տեսնում ենք տնտեսության ու հասարակական կյանքի գրեթե բոլոր ոլորտներում։ Իշխանություններն իրենց բանն ու գործը թողած՝անընդհատ մեղավորներ են փնտրում։ Նիկոլ Փաշինյանը կրկին վերադարձել է իր սիրած զբաղմունքին՝ ֆեյսբուքյան ստատուսներ է գրում, դավաճաններ փնտրում ու փորձում իշխանության ձախողումների մեղքը բարդել ուրիշների վրա։

Չորս տարի պետական ինստիտուտները համառորեն քանդած ու պարալիզացրած իշխանության ղեկավարը, երկրին պատուհասած աղետի պատճառը համարում է պետականության ու պետական ինստիտուտների կայացածության ցածր մակարդակը։ Իսկ թե ինքը ինչ է արել 4 տարում այդ ինստիտուտները կարգի բերելու ու կայացնելու համար, ոչ մի խոսք չկա։ Պարզ է, որ չէր էլ կարող լինել, որովհետև եղածն էլ քանդել են, ու դրա հետևանք է նաև այն աղետալի վիճակը, որում հայտնվել է երկիրը։

Պետական ինստիտուտները ոչնչացնելու մեկնարկը տրվեց իշխանափոխությունից անմիջապես հետո։ Ամեն ինչ սկսվեց դրանց վարկաբեկումից ու պարալիզացումից։

Պետական կառավարման համակարգի բարեփոխումների անվան տակ, առանց բավարար հիմքերի, միավորեցին ու տարանջատեցին տարբեր կառույցներ, փոխեցին գործառույթները։ Կարծում էին, թե արհեստական միավորումներով ու տարանջատումներով պիտի բարձրանա պետական կառավարման համակարգի արդյունավետությունը։ Թե դրանից որքանո՞վ շահեց պետական կառավարումը, վկայում են այն համատարած ձախողումները, որոնք ունենք գրեթե բոլոր ոլորտներում։

Անվտանգային ու պաշտպանական համակարգերի մասին չենք խոսում, որովհետև բոլորն էլ տեսնում են, թե ինչ կատարվեց և ինչ է կատարվում այդ համակարգերում։ Այնտեղ էինք հասել, որ Ազգային անվտանգության ծառայությանը սատանաներ բռնելու հանձնարարություններ էին տրվում։

Խոսենք տնտեսական համակարգերի մասին։

Գյուղատնտեսությունը միավորեցին արդյունաբերության հետ ու սարքեցին էկոնոմիկայի նախարարություն։ Արդյունքում ո՛չ արդյունաբերության մեջ զարգացում կա, ո՛չ էլ գյուղատնտեության։ Վերջին 3-4 տարում գյուղատնտեսությունը միայն անկումային է եղել, այն էլ, անկում՝ անկումից հետ։ Ոչ մի տարում աճ չենք ունեցել։ Այս տարի ևս հույս չկա, որ աճ կունենանք։

Այս միավորումից չեն նվազել նաև գյուղատնտեսության ոլորտի խնդիրները, մի բան էլ ավելացել են ու ամեն տարի զգացնել են տալիս։ Եթե նախկինում գյուղացին դեռ գիտեր՝ ում դիմել խնդիրների դեպքում, հիմա դա էլ չգիտի։ Էկոնոմիկայի նախարարության կառուցվածքում գործում է գյուղատնտեսության ոլորտով զբաղվող 1-2 վարչություն, որոնք, հայտնի չէ, թե ինչով են զբաղված։

Թվում էր, թե արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը միավորել են մեկ նախարարության կազմում, որպեսզի կենտրոնացնեն եղած ռեսուրսները՝ պայմաններ ստեղծեն տնտեսության արտադրողականության բարձրացման համար։ Բայց ի՞նչ ունենք։ Մեր տնտեսության արտադրողականությունը շարունակում է նույնքան ցածր լինել, որքան նախկինում էր։ Այս խնդրի մասին, 4 տարի է՝ խոսում են, և ոչ մի առաջընթաց չկա։

Պարզ է, որ այդպես էլ պիտի լիներ, որովհետև արտադրողականության բարձրացման համար հարկավոր են ֆինանսական մեծածավալ ներարկումներ։ Ո՛չ դրսից կարողացան ներդրումներ բերել, և ո՛չ էլ պայմաններ ստեղծել, որպեսզի ներսից ներդրումներ կատարվեն։ Ներդրումային եղած փոքր հնարավորություններն էլ փոշիացրեցին՝ ներդրողներին հաթաթաներ տալով, պետական մամլիչի տակ դնելով ու տարբեր մեղքերի մեջ մեղադրելով։ Ոչինչ չկարողացան անել երկրի ներսում ձևավորված բավական լուրջ ներդրումային կապիտալը տնտեսության մեջ ներգրավելու համար։ Մի բան էլ այնպես արեցին, որ եղածն էլ դուրս գա տնտեսությունից։

Արժեթղթերի շուկան, որը կարող էր դառնալ ներքին ու արտաքին ներդրումների կլանման հարթակ, այսօր նույնքան անգործունակ է, որքան 4 տարի առաջ էր։ Ոչ մի առաջընթաց չկա արժեթղթերի բորսայի կայացման ոլորտում։

Պետական ապարատի բարեփոխումների անվան տակ միավորեցին երկրի բոլոր, այդ թվում՝ էներգետիկ ենթակառուցվածքները։ Այս միավորումից հետո էներգետիկան հայտնվեց լուսանցքում, ձախողեցին ոլորտում նախատեսվող մի շարք կարևոր ծրագրեր, որոնց հետևանքները սկսում ենք «վայելել»։

Խոսքը նախ և առաջ ատոմակայանի տեխնիկական վերազինման և շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի մասին է, որը մեկնարկի փուլում ընդհատվեց՝ իշխանափոխությունից հետո։ Այն պիտի ավարտվեր 2019թ., ավարտվեց 2021թ.։ Երկու տարվա ուշացման հետևանքով այսօր էլեկտրաէներգիայի սակագները բարձրացնելու խնդիր է առաջացել։

Ձախողեցին նաև Իրանի հետ նոր բարձավոլտ գծի կառուցման աշխատանքները։ Դրանք պիտի ավարտվեին երկու տարի առաջ, դեռ ավարտված չեն, ու հայտնի չէ, թե երբ կավարտվեն։

Օրակարգից հանվեց Վրաստանի հետ բարձրավոլտ գծի կառուցման ծրագիրը, որի արդյունքում Հայաստանը մտադիր էր ստանձնել տարածաշրջանային հաբի դեր, ու այդ առումով բավական մեծ ծավալի աշխատանքներ արված էր։ Այսօր արդեն դրա մասին խոսելն է ավելորդ։ Հայաստանն այլևս դուրս է մնացել տարածաշրջանային բոլոր ծրագրերից։

Իրանի հետ ժամանակին բավական հաջող զարգացող էներգետիկ համագործակցությունը ևս մնացել է սարերի հետևում։

Այդպես էլ չհասկացան, որ տնտեսությունն անընդհատ աշխատող օրգանիզմ է, և չի կարելի տնտեսության հետ վերաբերվել սեփական հայեցողությամբ։ Տնտեսությունը չի կարող պաուզաներով աշխատել։ Պաուզաներով աշխատելու արդյունքն էլ սա է։

Պետական կառավարումը խաղ ու պար չէ, որ ով ուզենա, ինչպես ուզենա՝ կառավարի։

Այդպիսի մտածողության հետևանք է, որ այսօր բազմաթիվ ոլորտներում ունենք կառավարման ճգնաժամ, ու այդ ճգնաժամը ստեղծել են մարդիկ, ովքեր 4 տարի շարունակ պետական ինստիտուտներին վերաբերվել են սեփական ամբիցիաներով ու մակերեսային ընկալումներով։ Հեռացրել են պրոֆեսիոնալներին և բերել մարդկանց, որոնք գաղափար չունեն պետական կառավարումից։ Չունենալով կադրային բազա՝ անընդհատ եղածի շուրջ են պտտվում։ Կարծում են՝ չկայացած կադրերին մի տեղից մյուս տեղ տեղափոխելով՝ բարձրանալու է նրանց աշխատանքի որակը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս