Եթե այժմ Չավուշօղլուն հայտարարում է նման քայլի մասին, նշանակում է՝ պահանջները բավարարվում են. թուրքագետ
Թուրքիան և Հայաստանը հարաբերությունները կարգավորելու համար կնշանակեն հատուկ ներկայացուցիչներ. այս մասին երեկ ուշ երեկոյան տեղեկացան ՀՀ «հպարտ» քաղաքացիները ոչ թե իրենց վարչապետ Նիկոլ Փաշինյանից և կամ Հայաստանի ԱԳ նախարարից, այլ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուից:
«Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերի շրջանակում շուտով փոխադարձաբար հատուկ ներկայացուցիչներ կնշանակվեն»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը2022 թ. մեջլիսում բյուջեի քննարկման ժամանակ:
Նա նաև շեշտել է, որ այս հարցում խորհրդակցել է Ադրբեջանի հետ, և հետագայում էլ այս գործընթացում միասին են առաջ շարժվելու: Ի դեպ, Չավուշօղլուն տեղեկացրել է նաև, որ առաջիկայում Ստամբուլ-Երևան չարտերային թռիչքներ են գործարկվելու:
Ուշագրավ է, որ այս հայտարարությունը մեջլիսում ծափահարություններով է ընդունվել:
Այսօր արդեն եղավ նաև Հայաստանի պաշտոնական արձագանքը. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը վերահաստատել է դիրքորոշումը, որ Հայաստանը, ինչպես նախկինում, այնպես էլ՝ այժմ, պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացին, ինչն արձանագրված է ՀՀ կառավարության ծրագրում։
«Այս առումով դրական ենք գնահատում Թուրքիայի ԱԳ նախարարի` հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին հայտարարությունը, և հաստատում, որ հայկական կողմը ևս երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի»,-նշել է Վահան Հունանյանը ԶԼՄ-ների հարցին ի պատասխան:
Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը, սակայն, կարծում է, որ եթե Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ինչ-ինչ քայլեր է կատարում, դա նշանակում է, որ Հայաստանն արդեն մեկ քայլ արել է, և Թուրքիայի ներկայացրած պահանջները բավարարվում են:
«Կարծում եմ, որ միջանցքի հետ կապված քննարկումներ վաղուց եղել են և ինչ-որ պայմանավորվածություններ կան: Չմոռանանք, որ մեր վարչապետը ցանկություն էր հայտնել Էրդողանի հետ տեսակցության, և եթե այն մակարդակին է հասել, որ ինչ-որ բաներ պետք է քննարկեն, նշանակում է, որ ամեն ինչ արդեն հստակեցված է ներքևի օղակներում: Այսինքն՝ վերևի օղակները կհանդիպեն ոչ թե ինչ-որ բաներ քննարկելու համար, այլ միայն ստորագրելու»,-նշեց թուրքագետը 168.am-ի հետ զրույցում:
Անդրադառնալով առաջիկայում Ստամբուլ-Երևան չարտերային թռիչքների գործարկման մասին Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությանը՝ Տիրան Լոքմագյոզյանը նկատեց, որ թուրքական ավիաուղիները ուղիղ չվերթեր են իրականացնում այն երկրների հետ, որոնց հետ Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ ունի:
Նա նաև հիշեցրեց, որ հայ-թուրքական արձանագրությունների ժամանակ դեռևս, երբ արդեն գրեթե ստեղծվում էին այդ հարաբերությունները, թուրքական ավիաուղիներն արդեն պատրաստել էին ամեն ինչ ուղիղ չվերթի համար. «Եթե Չավուշօղլուն խոսում է այսօր չվերթերի մասին, նշանակում է, որ արդեն հասել են ինչ-որ փուլի, որտեղ հարաբերություններն արդեն կարգավորվելու են: Իսկ հարաբերությունները կարգավորելու համար Թուրքիան արդեն 30 տարի 3 պայման էր առաջ քաշում՝ Ղարաբաղի հանձնումը, սահմանների ճանաչումը և Ցեղասպանության պահանջատիրությունից հրաժարումը, և եթե այժմ Չավուշօղլուն հայտարարում է նման քայլի մասին, նշանակում է, որ այդ պահանջները բավարարվում են:
Այդ ժամանակ դեռ «միջանցքի» հարց չկար, բայց այսօր մենք գիտենք, որ նաև այդ հարցն է դրված, և մենք Սյունիքը կորցնելու վտանգի առաջ ենք»:
Թուրքագետըչի բացառում, որ«միջանցք»-ը տալուց հետո հայկական կողմը արդարանա, թե՝ տեսեք, մենք միջանցքը տվեցինք, սակայն Սյունիքը փրկեցինք: