Կողմնորոշվեք՝ նոր հայտարարեք. ՀՀ նախագահի համար պարգևատրման արժանի է, ՔԿ-ի համար՝ փախուստի դիմա՞ծ
Արդեն կարծես թե ավանդույթ է դառնում, երբ նույն թեմայով տարբեր գերատեսչությունների հայտարարությունները, գործողությունները իրար հակասում են:
Պաշտպանության նախարարությունը (ՊՆ) հայտարարել էր, որ նոյեմբերի 16-ին տեղի ունեցած մարտերի հետևանքով հայկական կողմն ունի 6 զոհ, և, որ նրանցից մեկի ինքնությունը դեռ պարզվում է։
Այնուհետ ռազմական գերատեսչությունը հրապարակեց զոհվածներից 5-ի անունը՝ «1990թ. ծնված, ավագ լեյտենանտ Տարոն Սահակյան, պայմանագրային զինծառայողներ՝ 1991թ. ծնված, կրտսեր սերժանտ Մերուժան Հարությունյան, 1990թ. ծնված, շարքային Գուրգեն Սարգսյան, 1998թ. ծնված, կրտսեր սերժանտ Արթուր Մարտիրոսյան, 1980թ. ծնված, շարքային Դավիթ Ամիրյան»։
Նոյեմբերի 17-ին Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել.
«Սարգսյան Գուրգեն Աշոտի իսկական, արժանապատիվ հայ զինվորական ով գերի չհանձնվեց։ Փառք քեզ հայ տղամարդ»:
Նոյեմբերի 19-ին ՀՀ նախագահի հրամանագրով Գուրգեն Աշոտի Սարգսյանը հետմահու պարգևատրվեց Արիության մեդալով, իսկ նոյեմբերի 26-ին Դավիթ Հելբերտի Ամիրյանը և Արթուր Ջիվանի Մարտիրոսյանը հետմահու պարգևատրել են Մարտական ծառայության մեդալով:
Բայց դեկտեմբերի 11-ին Քննչական կոմիտեն (ՔԿ) հայտարարություն է տարածում, որտեղ նշվում է, որ նոյեմբերի 16-ին Ադրբեջանի ներխուժման ժամանակ մարտական դիրքերից փախուստի դիմած մի շարք զինծառայողներ կալանավորվել են: ՔԿ-ի հաղորդագրության մեջ ուշագրավ և հակասական մի ձևակերպում գրավում է մեր ուշադրությունը.
«…Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք՝ մարտական դիրքեր, որոնք անցել են հակառակորդի վերահսկողության տակ, փախուստի դիմած դիրքերի ընդհանուր 24 զինծառայողները հակառակորդի կողմից շրջափակվել և գերեվարվել են. նրանցից Գուրգեն Աշոտի Սարգսյանի, Արթուր Ջիվանի Մարտիրոսյանի և Դավիթ Հելբերտի Ամիրյանի սպանված դիերը 2021թ. նոյեմբերի 17-ին և 20-ին փոխանցվել են հայկական կողմին, 7 զինծառայողներ (այդ թվում՝ վերոնշյալ 4 անձինք) նոյեմբերի 26-ին և դեկտեմբերի 4-ին Ադրբեջանի կողմից վերադարձվել են հայկական կողմին, 14 զինծառայողների գտնվելու վայրը մինչև օրս անհայտ է»:
Բնավ, կասկածի տակ չդնելով տղաների հերոսությունը և այն հայտարարությունները, որոնք մինչ այս արվել էին, բայց հաշվի առնելով ՔԿ հաղորդագրությունը, հարց է ծագում՝ ՀՀ նախագահը պարգևատրել է փախուստի դիմած զինծառայողների՞: Ո՞վ է թաքցնում ճշմարտությունը, ո՞վ է խաղում տղաների անվան հետ, ո՞վ է որոշել, որ մի քանիսին պիտի պարգևատրել, մյուսներին՝ կալանավորել: Տպավորություն է, որ ձախ ձեռքը չգիտի, թե ինչ է անում աջը, ինչպես եղել է նաև 44-օրյա պատերազմի օրերին:
Ի դեպ, 2021-ի հունվարին ՀՀ նախագահը հետմահու պարգևատրել էր անհայտ համարվող զինծառայողների:
Միգուցե Պաշտպանության նախարարությո՞ւնն է այս անգամ ևս սխալ տեղեկություն հաղորդել: Ամեն դեպքում, գերատեսչությունները նման նուրբ հարցերում պետք է համագործակցեն: Ավելին, պիտի վերջ տրվի զինվորներին նվաստացնող այս պետական քաղաքականությանը, երբ շատ հաճախ պաշտպանության համար համապատասխան պայմաններ չեն ստեղծվում:
Այս թեմային դեռ կանդրադառնանք՝ ցույց տալու, թե պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանի «բանակցությունների» արդյունքում որքան տարածք ենք կորցրել, ինչը բերել է հակառակորդի դիրքերի բարելավման: