Բաժիններ՝

Ուսուցիչներին ցածր վճարելը գին ունի

90-ական թվականների վերջին Հայաստանի կրթության օրակարգում բարեփոխումների 3 հարց կար։ Առաջինը՝ դպրոցների կառավարման համակարգի փոփոխությունն էր, երկրորդը՝ դպրոցների ֆինանսավորման համակարգի փոփոխությունը, երրորդը՝ գյուղական դպրոցների օպտիմալացման հարցը։ Առաջին երկուսն իրականացվեցին, երրորդը՝ չընդունվեց, քանի որ գյուղական դպրոցների միավորումը համարվեց ռիսկային։ Հետաքրքիր զուգադիպությամբ՝ այս երեք հարցերը նորից հայտնվել են Հայաստանի կրթության օրակարգում։ Բայց հակառակ առումով։ Նախարարությունը առաջարկում է հետ կանգնել առաջին երկու բարեփոխումից, իսկ երրորդին ընթացք տալ։

90-ական թվականներին Հայաստանում նախապատրաստական աշխատանքներ սկսվեցին դպրոցների կառավարումը խորհուրդների միջոցով իրականացնելու ուղղությամբ։ Առաջարկվեց դպրոցի տնօրենի պաշտոնը դարձնել ոչ թե նշանակովի, այլ ընտրովի։ 20 տարի անց առաջարկվում է տնօրենի պաշտոնը դարձնել նշանակովի։

Առաջարկվում է փոխել նաև ֆինանսավորման համակարգը և վերադառնալ ըստ դասարանների ֆինանսավորման համակարգին։ Փոխարենը, ընթացք է տրվում 90-ականների վերջին մերժված գյուղական դպրոցների օպտիմալացման ծրագրին։ Առաջիկայում Կապանի հարակից գյուղերում մի շարք դպրոցներ կմիավորվեն։

Այս պատմության մեջ տխուր է այն հանգամանքը, որ 20 տարի գործած համակարգը չի արդարացրել, և մենք ժամանակ ենք վատնել։ Ցավոք, այդպես էլ չհաջողվեց դպրոցների խորհուրդները դարձնել արդյունավետ։ Դրանք գործիք դարձան մարզպետարանների և նախարարության ձեռքում։ Նախարարությունը տարիներ շարունակ ոչ վերապատրաստումներ արեց, ոչ կարողություններ զարգացրեց։  Նույնը՝ ըստ աշակերտի թվի ֆինանսավորումը։ Այս մոտեցումն էլ բերեց դպրոցների բևեռացման, դպրոցների հարաբերությունների սրման։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վատ բարեփոխումներ իրականացնելով՝ մեր  բազմաթիվ երեխաների զրկել ենք որակյալ կրթության հնարավորություններից, բարեփոխումների այս նոր փուլը պետք է շատ լավ պլանավորվի, որպեսզի մի քանի տարի հետո նորից հետդարձի առջև չկանգնենք։ Նախարարությունը չպետք է խուսափի լայնամասշտաբ քննարկումներից։ E-draft-ը լավ հարթակ է, բայց այն ավելի շատ իրազեկման, քան հանրային քննարկման միջոց է։ Չպետք է համարել, որ փաստաթուղթն այդ հարթակում դնելով՝ մենք ապահովել ենք դրա հանրային քննարկումը։ Պետք է իրականացնել դեմ առ դեմ քննարկումների շարունակական գործընթացներ։ Չի կարելի մեկ-երկու փորձագետի ուսումնասիրության հիման վրա որոշումներ կայացնել։ Ցանկացած նոր գաղափար պետք է փորձության ենթարկվի, փորձարկվի։ Կրթությունը խաղալիք չէ, և իրավունք չունենք նորից երեխաների ճակատագրի հետ խաղալ։

Ոլորտում բաց, համարձակ, անշահախնդիր քննարկումների կարիք կա։ Մեր բարեփոխումների ձախողման գլխավոր պատճառներից մեկն այն է եղել, որ մենք երբեք չենք կարողացել համոզել ուսուցիչներին, դասախոսներին, տնօրեններին, ծնողներին մեր բարեփոխումների կարևորության հարցում։ Չես կարող հաջողության հասնել, եթե դպրոցի տնօրեններին չհամոզես, որ կառավարման այս նոր մոդելը լավն է։ Կարող ես կառավարությունում և Ազգային ժողովում կոճակ սեղմելով՝ հեշտությամբ հասնել քո ուզածին՝ մարդկանց պարտադրելով օրենք կամ ծրագիր։ Բայց չես կարող առանց այդ մարդկանց աջակցության օրենքը կենսագործել։ Մենք այս վիճակում ենք, որովհետև համակարգի մարդիկ լուռ սաբոտաժ են արել գրեթե բոլոր բարեփոխումները։ Բարձրագոչ հայտարարություններ ենք արել Բոլոնիայի համակարգի մասին, առանձնացված ավագ դպրոցների մասին։ Բայց գնացեք հարցրեք, թե քանի դասախոս է համաձայն, որ մեզ պե՞տք էր Բոլոնիայի գործընթացը կամ առանձնացված ավագ դպրոցները։

Մենք կարող ենք ամենավատ բարեփոխումն իրականացնելով՝ մեծ հաջողության հասնել, եթե համոզենք մարդկանց, նրանց դարձնենք այդ բարեփոխման կրողը։ Եվ հակառակը։ Ամենալավ բարեփոխումը կարող է ձախողվել, եթե մարդիկ չեն ընդունում այն։ Մեր ամբողջ եռանդը պետք է ուղղենք մարդկանց հետ հաղորդակցվելու, աշխատելու վրա, ոչ թե կաբինետներում մտածենք, թե որտեղից ինչ բարեփոխում ներկրենք։

Մենք պետք է հոգ տանենք ուսուցիչների, տնօրենների նկատմամբ։ Չի կարելի ուսուցիչներին տասնամյակներ շարունակ վճարել ցածր աշխատավարձ, հետո հայտարարել, որ նրանք անգրագետ են։ Այս կյանքում ամեն ինչ գին ունի։ Եթե մարդկանց պատշաճ չես վճարել, ապա մարդիկ չեն կարող քո ուզած արդյունքն ապահովել։ Շատ հեշտ է բարձր աշխատավարձ ստանալ, բարեկեցիկ ապրել ու բողոքել 28.000 դրամ աշխատավարձ ստացող Քիմիայի ուսուցչից։ Այդ բողոքը տեղին կլինի, եթե ինքդ գնաս դպրոց, 28.000 դրամ ստանաս ու որակյալ կրթություն ապահովես։

Իմ մոտ տպավորություն կա, որ նախարարությունն ուզում է դպրոցներից որակ պահանջել՝ առանց համապատասխան աջակցության։ Օրինակ՝ ասվում է, որ, եթե դպրոցի տնօրենը արդյունք չտա, չի կարող պաշտոնավարել։ Բայց ինչպես պետք է տնօրենը արդյունք ապահովի, եթե այսօր ուսուցիչներն ավելի վատ են ապրում, քան 2017 թվականին։ Վերջին 3 տարում ուսուցիչների աշխատավարձը բարձրացել է 10%-ով, բայց կյանքը թանկացել է շատ ավելի մեծ տոկոսներով։ Ուրեմն՝ այսօրվա 70.000 դրամը չունի նախկին 50.000 դրամի արժեքը։ Մենք անընդհատ խոսում ենք այն մասին, որ շուրջ 500 ուսուցիչ այսուհետ 30-50% հավելավճար են ստանալու, բայց լռում ենք այն մասին, որ տասնյակ-հազարավոր ուսուցիչներ այսօր ավելի վատ են ապրում, քան 4 տարի առաջ։  

Երբ Հայաստանի կրթության ոլորտում նոր փոփոխություն են նախաձեռնում, մարդիկ, որպես կանոն, անտարբեր են։ Բայց անցնում է մի քանի տարի, բոլորը սկսում են բողոքել կրթության նախկին նախարարներից։ Ո՞րն է պաշտոնաթող նախարարներից բողոքելու իմաստը։ Դրա փոխարեն՝ եկեք այնպես անենք, որ ցանկացած նոր բարեփոխում լինի կշռադատված, լավ նախապատրաստված,  բուռն քննարկումների բովով անցած, հանրության համար հասկանալի, համոզիչ։ Կանխենք, ոչ թե հետևանքների դեմ պայքարենք։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս