Հայաստանը «մուրճի եվ սալի արանքում»: Ի՞նչ անել

Արցախյան երկրորդ պատերազմից անցել է ավելի քան մեկ տարի: Այդ  ժամանակաշրջանը միանգամայն բավարար է  2020թ նոլեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ  կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման փաստացի արդյունքներն առարկայորեն գնահատելու  համար:  Իսկ իրերի իրական վիճակը հետևյալն է:

Այդ փաստաթղթով Ադրբեջանը ստանձնել էր ընդամենը մեկ պարտավորություն՝ վերադարձնել իր հսկողության տակ հայտնված գերիներին և այլ անձանց՝ բոլորը բոլորի դեմ սկզբունքով: Այդ կետը առ այսօր կատարված չէ:

Փոխարենը Հայաստանը ոչ միայն կատարել է իր ստանձնած բոլոր պարտավորություններն, այլև գերազանցել է դրանք: Մասնավորապես  վերադարձրել է ոչ միայն բոլոր  գերիներին, այլ նույնիսկ հանցագործներին, որոնց վերաբերյալ եռակողմ հայտարարության մեջ  խոսք անգամ չկար:  Մենք, որպես բարի կամքի դրսևորում,  թշնամուն փոխանցում ենք ականապատման քարտեզները, որի վերաբերյալ որևէ պարտավորություն ամրագրված չէ  եռակողմ հայտարարության մեջ, իսկ   Ադրբեջանը օկուպացնում է  մեր տարածքները՝ 41 քառ.կմ:

Հայկական կողմը  իր բանավոր ընկալումների հիման վրա  ետ է քաշում իր զորքերը 2020թ նոլեմբերի 9-ի դրությամբ զբաղեցրած դիրքերից, իբր թե  դեպի  Սյունիք պատերազմի տարածումը կանխելու նպատակով (ակնհայտ կեղծ հիմնավորում),  փոխարենը որևէ քայլ չի կատարում ռազմավարական բարձրունքներում  ամրապնդվելու  և  պաշտպանական նոր շփման գիծը  ինժեներական նվազագույն ենթակառույցներով  ամրացնելու ուղղությամբ: Ավելին, Ադրբեջանին հնարավորություն է տրվում  գրավել Գորիս- Կապան ռազմավարական ճանապարհի  21կմ հատվածը՝ գործնականում կտրելով կապը  Հայաստանի հարավային շրջանների հետ:

Այս ֆոնին  առավել քան զավեշտալի է  գործող իշխանության հրապարակային  հայտարարությունն Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանին  կապող  տրանսպորտային կոմունիկացիաների ձևավորման   իր  հանձնառության մասին ( թշնամու մոտ  առաջացնելով  սպասումներ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի›› կապակցությամբ):

Այս ամենի արդյունքում Հայաստանի սահմանները հայտնվել են  թշնամու ուղղակի և անդարձելի ռազմական սպառնալիքի ներքո, վտանգված է Հայաստանի տարածքային ամբողջականությունը  և  Հայաստանը՝ թե՛ ռազմական  և թե՛ դիվանագիտական  ուղղություններում սեփական նախաձեռնությամբ  հայտնվել է «մուրճի և սալի արանքում»:

Արդյունքում  հայաստանյան այսօրյա քաղաքական օրակարգի առանցքային խնդիրներ են դարձել սահմանների սահմանազատումն ու սահմանագծում և ապաշրջափակումը՝ ստվերելով  գերիների, անհետ կորածների,   տարածքների օկուպացման և Արցախի անվտանգության խնդիրները:

Թվում էր թե նման պայմաններում  հայկական  ցանկացած ադեկվատ իշխանության համար ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձի հարցը  պետք է լիներ հայ-ադրբեջանական ցանկացած բանակցությունների նախապայմանը, քանի որ դա 2020թ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ Ադրբեջանին վերապահված  միակ պարտավորությունն է և այն չի կատարվել: Այսինքն` պետք էր հրաժարվել որևէ  առարկայական բանակցությունից, այդ թվում Մոսկվայի միջնորդությամբ  ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման հետ կապված, քանի դեռ Ադրբեջանը չի կատարել իր հանձնառությունը: Մոսկվան պետք է շահագրգռված լինի այդ խնդրի լուծմամբ:

Այս ամենով հանդերձ  իրողություն է այն, որ  սահմանների և ապաշրջափակման խնդիրներն այսօր  այլևս առաջնային կարևորության խնդիրներ են համարվում  ոչ միայն  Հայաստան, Ռուսաստան և Ադրբեջան եռակողմ ֆորմատում, այլև Մինսկի խմբի շրջանակներում: Ուստի պրակտիկ քաղաքականության համար էական են դառնում  նշված  խնդիրների քննարկումներում հայկական կողմի   ելակետային  մոտեցումները:

Ստորև ներկայացվում են որոշ իրավաքաղաքական սկզբունքներ, որոնք կարող են և պետք է դառնան  բանակցություններում հայաստանյան  ցանկացած  իշխանության  մոտեցումների հենքը:

Սահմանների  սահմանազատման  եվ սահմանագծման  խնդիրը.

1. Որևէ  հիմնավորմամբ  հնարավոր չէ   հրաժարվել պետական սահմանի որոշակիացման (սահմանազատում և սահմանագծում)  անհրաժեշտությունից, քանի որ պետական սահմանը ցանկացած պետության  միջազգայնորեն ճանաչման  բացառիկ ատրիբուտներից  մեկն է:

2. Մինչ պետական սահմանի որոշակիացման բուն աշխատանքին անցնելը պարտադիր է բանակցել այն սկզբունքները, որոնցով  պետք է կողմերն առաջնորդվեն  պետական սահմանի սահմանազատման գործում:  Ընդ որում՝ բանակցություններում պետք է առաջնորդվել բանակցային հայտնի սկզբունքով՝  «եթե  չի բանակցվել թեկուզ մեկ սկզբունք, ապա ոչինչ չի բանակցվել»:

3. Սահմանազատման գործում   պետք է հիմք ընդունել  ԵԱՀԿ Քարտուղարության 2017թ. դեկտեմբերին հաստատված «Պետական սահմանի սահմանազատում և սահմանագծում. հրատապ խնդիրներ և լուծումներ»  փաստաթղթում ամրագրված սկզբունքները: Մեր պարագայում  մասնավորապես կարելի է   հիմք ընդունել հետևյալ սկզբունքները.

ա/ ուժի սպառնալիքով   կամ ուժի կիրառման սպառնալիքով  սահմանազատման  բացառումը***

*** Թեպետ միջազգային պրակտիկայում սահմանազատման գործընթացում հաճախ առաջնորդվում են «uti possidetis ati possidaitis – Ինչը տնօրինում ես, այն էլ տնօրինում ես» սկզբունքով, սակայն այս սկզբունքի կիրառումը  գործնականում  բավականին վիճարկելի է և  անհրաժեշտություն է առաջացել  սահմանել այլ  սկզբունքներ՝ որպես ռացիոնալ  հակակշիռներ նշված սկզբունքին: «ա» կետում նշված սկզբունքը այդ հակակշիռներից մեկն է:

բ/ պետական սահմանը չի կարող դառնալ անկայունության և  նոր սպառնալիքների աղբյուր

գ/  «Ինչը տնօրինում ես, այն էլ տնօրինում ես» սկզբունքը չի կարող նույնականացվել տարածքային ամբողջականության ճանաչման սկզբունքի հետ***.

*** 1992թ. միջազգային դատարանը Սալվադորի և Հոնդուրասի միջև ցամաքային և ծովային սահմանների շուրջ վեճի կապակցությամբ իր որոշմամբ սահմանել է սույն սկզբունքը և այն լայնորեն կիրառվում է  միջազգային իրավունքում: Մեր պարագայում այս սկզբունքն անկյունաքարային է Արցախի իրավական ճակատագրի տեսակետից:

դ/ սահմանամերձ բնակավայրերի բնակիչները պետք է ապահովված լինեն իրենց կենսունակության  համար  անհրաժեշտ հնարավորություններով ***

*** Այս սկզբունքն  ամրագրում է, որ  նշված բնակավայրերի բնակիչները սահմանազատման արդյունքում չեն կարող զրկվել  խոտհարքներից,, ավանդորեն օգտագործվող արոտավայրերից, ջրային աղբյուրներից, էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքներից  և բնակչի  բնականոն կյանքի համար անհրաժեշտ  այլ  հնարավորություններից (ցանկը բերված է ԵԱՀԿ վերը նշված փաստաթղթից)

ե/  հողի և անշարժ գույքի սեփականության իրավունքի ճանաչում***

*** Այս սկզբունքի կիրառման համար հիմք են ընդունվում սահմանազատման պահին գործող  կադաստրային քարտեզները:

Այս սկզբունքները կարող են լրացվել նաև վերը նշված փաստաթղթում տեղ գտած այլ սկզբունքներով, որոնք կարող են էլ ավելի ամրապնդել «ա-ե» կետերում շարադրված սկզբունքների լիարժեք իրականացումը: Սակայն բոլոր դեպքերում նշված սկզբունքները ենթակա են պարտադիր բանակցման (սահմանազատման գործընթացի անհրաժեշտ և բավարար պայմաններ):

զ/ սահմանազատման  գործում  «ա և բ» սկզբունքների կատարումն ապահովելու համար ադրբեջանական զորքերը պետք է ետ քաշվեն  2020թ դեկտեմբերի 14-ի դրութլամբ զբաղեցրած  դիրքերը: Այս պայմանը պետք է քննարկվի բոլոր վերը նշված սկզբունքների հետ՝  փաթեթով:

Մինչև սահմանազատման վերը նշված սկզբունքների և «զ» կետում շարադրված մոտեցման  շուրջ արձանագրված և համապատասխան ձևով    հաստատված պայմանավորվածության ձեռք բերումը կողմերը չեն կարող սկսել սահմանազատման բուն գործընթացը, այդ թվում  առկա ռազմական  և աշխարհագրական քարտեզների  հիման վրա:

է/ Սահմանազատման  գործընթացի անխափան և առանց ռազմական սադրանքների իրականացումն ապահովելու նպատակով նպատակահարմար է  բանակցել ռուսական զորամիավորումների տեղաբաշխման  հարցի վերաբերյալ՝  հայ և ադրբեջանական զինված ուժերի շփման գծի ողջ երկայնքով (կամ ռազմավարական առումով կարևորություն ներկայացնող հատվածներում):

Ապաշրջափակման խնդիրը

Որևէ  հիմքով սխալ կլինի հրաժարվել ապաշրջափակման իրականացումից:

Սակայն հայկական կողմը պետք է հրապարակավ  հայտարարի, որ ապաշրջափակումը կարող է  նպաստել իր  բուն նպատակի իրականացմանը՝  տարածաշրջանում  կայունության և խաղաղության հաստատմանը, եթե    դրա արդյունքում  կողմերի տնտեսական հնարավորությունները և տնտեսական անվտանգության ռիսկերը լինեն հնարավորինս բալանսավորված, իսկ տարածքային կամ աշխարհաքաղաքական սպառնալիքները՝   չեզոքացված:

Այսինքն ապաշրջափակման արդյունքում կողմերից որևէ մեկը զուրկ պետք է լինի  մյուս կողմի  նկատմամբ միակողմանի և անհավասարակշիռ տնտեսական ճնշում  գործադրելու  կամ  միակողմանի տնտեսական առավելություններ ստանալու նպատակով կոմունիկացիաներն օգտագործելու  որևէ հնարավորությունից:

Մենք պետք է հայտարարենք, որ  ապաշրջափակման նման նպատակադրումն է  կարող   նպաստել   ժամանակի ընթացքում կողմերի միջև վստահության ձևավորմանը, ինչը կարող է հանդիսանալ տարածաշրջանում երկարաժամկետ  խաղաղության  հաստատման կարևոր գրավական և ինչին արդարացիորեն  ձգտում են բոլորը, այդ թվում  միջնորդներն ու արտաքին ազդեցիկ ակտորները:

Ուստի ապաշրջափակումը պետք է սկսել նշված պահանջները բավարարող և արդեն գործող կամ նվազագույն ծախսերի միջոցով գործարկման ենթակա կոմունիկացիաների  գործարկումից:

Երկրորդ, ապաշրջափակումը պետք է իրականացնել փուլերով՝  յուրաքանչյուր փուլից հետո վերը շարադրված նպատակներին հնարավորինս առավել  մոտենալու նպատակադրմամբ:

Շարադրված մոտեցումների կոնտեքստում   ապաշրջափակման առաջին փուլում  նպատակահարմար է գործարկել  Բաքու-Ղազախ-Իջևան-Հրազդան-Երևան-Երասխ- Նախիջևան- Թուրքիա կամ Երևան-Գյումրի-Թուրքիա  երկաթուղին: Այսօր այն, ըստ էության, գործող է:

Հայաստանում     Իջևան- Դիլիջան հատվածը այսօր չի գործում փլուզման հետևանքով և Իջևանի բենտոնիտ արտադրող ընկերության արտահանման ծավալների կրճատման  պատճառով: Նշված հատվածը կարճ ժամկետում աշխատունակ վիճակի բերելը շատ մեծ ծախսերի հետ կապված չէ և միանգամայն իրատեսական է:

Ավելին, եթե կառուցվի  Ֆիոլետովո- Վանաձոր 35կմ երկարության երկաթգիծը, ապա Իջևան-Վանաձոր-Գյումրի-Ղարս երկաթուղային հաղորդակցությունը դառնում է թե՛ տնտեսապես և թե՛ անվտանգության տեսակետից ավելի շահավետ:

Պակաս կարևոր չէ նաև այն, որ Ռուսաստանից և դեպի Ռուսաստան  բեռնափոխադրումների համար նկարագրված  երթուղու երկարությունը   Ադրբեջանի տարածքում կազմում է շուրջ  650կմ (Դերբենդ- Ղազախ), իսկ Հայաստանի տարածքում՝  մոտ 300կմ (Իջևան-Երևան-Սադարակ): Այսինքն` նշված հարաբերակցությունը  նպաստավոր է   նաև  ողջամիտ   տարիֆային քաղաքականություն իրականացնելու տեսակետից:  Եթե հաշվի առնել նաև այն, որ  նշված երթուղին  շուրջ 250կմ ավելի կարճ է Բաքու-Հորադիզ-Մեղրի- Նախիջևան-Թուրքիա գծից, ուստի այն   ունի նաև  մրցակցային  լուրջ առավելություն:

Երկրորդական չէ նաև այն, որ Իջևան-Երևան երկաթուղով Ադրբեջանից Թուրքիա  երկաթուղու  երկարությունը համարյա հավասար է Բաքու-Թբիլիսի-Ղարս երկաթուղու երկարությանը՝ 829կմ, ուստի միանգամայն նպաստավոր է նաև  Ռուսաստանից Թուրքիա և հակառակ ուղղությամբ   բեռնափոխադրումներ իրականացնելու  համար, առավել ևս, որ երկաթուղու հայկական հատվածը այսօր  շահագործվում է Հարավկովկասյան Երկաթուղիներ ռուսական տրանսպորտային կազմակերպության կողմից:

Թեպետ  երկաթգծի նշված երթուղին Հայաստան-Ռուսաստան բեռնափոխադրումների հնարավոր ծավալների  համար  առաջիկա 10-15 տարիներին  առանձնապես պահանջարկված չի լինի,  այդուհանդերձ այն   ավելի է  բավարարում   կոմունիկացիաների ապաշրջափակման միջոցով փոխադարձ վստահության  և կայունության  ձևավորմանը և  միանգամայն իրատեսական է  ապաշրջափակման  առաջին փուլում գործարկելու առումով (ինչը չի կարելի պնդել այլ հնարավոր հաղորդակցության ուղիների մասով՝ համենայնդեպս զարգացումների ներկա փուլում):

Նույնը կարելի է պնդել նաև Հայաաստան-Նախիջևան-Իրան երկաթուղային հազորդակցության վերաբերյալ (Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը այսօր կազմում է ընդամենը 500 մլն $, այդ թվում Հայաստանից արտահանումը՝ 74մլն$): Ավելին, Հայաստան- Իրան տրանսպորտային հաղորդակցության խնդիրը պետք է դիտարկվի գլխավորապես Պարսից ծոցը Սև ծովին միացնող Հյուսիս-Հարավ տրանսպորտային ծրագրի շրջանակներում:

Բաքու- Ղազախ-Իջևան-Երևան-Նախիջևան երկաթուղին երկու տարի  շահագործելուց հետո  բարենպաստ պայմանների պարագայում վստահորեն կարելի է ձեռնամուխ լինել այլ կոմունիկացիաների գործարկմանը, ինչը պետք է իրականացվի  այդ ընթացքում մշակված և բոլոր երեք կողմերի միջև համաձայնեցված  ճանապարհային քարտեզի հիման վրա:

և, վերջապես, մեկ դիտարկում ևս, որը  հայկական  կողմը պետք է հաշվի առնի  ապաշրջափակման խնդրի  վերաբերյալ իր մոտեցումները ձևավորելիս: Մենք ծայր աստիճան շահագրգռված ենք Պարսից ծոց-Հայաստան-Սև ծով  Հյուսիս Հարավ տրանսպորտային մեգանախագծում, որը համընկնում է նաև   Հնդկաստանի և Չինաստանի  աշխարհատնտեսական  հետաքրքրություններին: Ուստի ընդհանրապես հրաժարվել ապաշրջափակման օրակարգից կամ այն անհիմն ձգձգելը  կարող է  ձախողել  նաև տարածաշրջանում Հայաստանի աշխարհաքաղաքական կորսված կարևորությունը վերակենդանացնելու  այդ  հնարավորությունը:

Այսպիսին են ներկայանում այն քայլերը, որոնք պարտավոր է  իրականացնել հայաստանյան  ցանկացած Կառավարություն մեր պետության անվտանգության և տարածքային ամբողջականության  ապահովման այս բախտորոշ ժամանակաշրջանում թե՛ սահմանազատման և թե՛ ապաշրջափակման խնդիրներում:

Ավելին,  այս քայլերի կատարումը՝  որպես անվերապահ իրականացման ենթակա հանրային պահանջ,  հանրությունը, որպես իր Պետության  և  պետական իշխանության իրական տեր, պետք է     ներկայացնի  Կառավարությանը: Այսինքն` այս պահանջները պետք է դառնան հանրության սեփականությունը և հանրությունը պետք է հանդես գա որպես դրանց լուծման գլխավոր շահառու:

Հանրային այս  պահանջների  կատարման հանձնառությունը  Կառավարությունը պետք է ստանձնի հրապարակավ և դրա կատարման գործընթացն ապահովի թափանցիկ ընթացակարգերով և հանրային հաշվետվողականության սկզբունքներին համապատասխան:

Հանրային նշյալ պահանջների կատարման ընթացքն ու արդյունքները  կարող են  և պետք է դառնան  ամենակարճ ապագայում  Կառավարության  հանդեպ հանրային վստահության  գլխավոր  նախապայմանը:

Խոսրով Հարությունյան 

ՀՀ նախկին վարչապետ

Տեսանյութեր

Լրահոս