Գերմանիան կմասնակցի Ուկրաինային անվտանգության երաշխիքների տրամադրմանը. փոխկանցլեր

Բեռլինը կմասնակցի Ուկրաինային անվտանգության երաշխիքների տրամադրմանը եվրոպական գործընկերների հետ միասին: Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս մասին հայտարարել է Գերմանիայի փոխկանցլեր, ֆինանսների նախարար Լարս Քլինգբայլը Կիև կատարած այցի ժամանակ:

«Կարևորն այն է, որ արդյունքում լինեն անվտանգության երաշխիքներ, որոնք կապահովեն, որ Ուկրաինան այլևս հարձակման չենթարկվի, և որ (ՌԴ նախագահ) Պուտինն այլևս չհամարձակվի հարձակվել Ուկրաինայի վրա», – ասել է Քլինգբայլը Կիև կատարած իր առաջին այցի ժամանակ:

Դրան հասնելու համար, ըստ փոխկանցլերի, ուկրաինական բանակը պետք է ուժեղանա, իսկ Ուկրաինայում զենքի արտադրությունն՝ ընդլայնվի:

Քլինգբայլը հայտարարել է, որ Գերմանիան «պատասխանատվություն կստանձնի» անվտանգության երաշխիքներ տրամադրելու գործում: Նա միևնույն ժամանակ շեշտել է, որ բանակցային ցանկացած գործընթաց պետք է սկսվի հրադադարից:

«Գնդակն այժմ նախագահ Պուտինի դաշտում է: Կարծում եմ՝ մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու», – ասել է նա՝ հավելելով, որ իր կարծիքով՝ Վլադիմիր Պուտինն իր դիրքորոշումը չի փոխում և չի ներգրավվում իրական, լուրջ բանակցություններում:

Տեսանյութեր

Լրահոս