
Դրսից է որոշվում. Փաշինյանն ո՞վ է, որ որոշի՝ պաշտպանական ծախսերն ավելացնի՞, թե՞ ոչ։ Նիկոլ Փաշինյանն անում է այն, ինչն իրեն թելադրում են. Հայկ Նահապետյան

Նախորդ շաբաթ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը մտադիր չէ հաջորդ՝ 2026 թվականին ավելացնել պաշտպանական ծախսերը։
«Հնարավոր է, որ 2026 թվականի բյուջեում ծախսերի էական աճ կամ պաշտպանական ծախսերի աճ ընդհանրապես չլինի։ Կարծում եմ՝ տրամաբանական է, մեր գնահատականն այս պահին սա է»,- Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունից առաջ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ևս խոսել էր այս մասին՝ նշելով, որ պաշտպանական ծախսերը չեն պատրաստվում հաջորդ տարի ավելացնել։
Անվտանգային և ռազմական հարցերով փորձագետ Հայկ Նահապետյանի բնորոշմամբ՝ սա Նիկոլ Փաշինյանի հստակ քաղաքականությունն է, որը թելադրված է Ալիևի կողմից։
«Մեծ հաշվով՝ դրսից է որոշվում մեր բանակի անձնակազմի քանակը, սպառնազինությունը, զինատեսակները։ Եթե Ալիևն է որոշում, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքում», որն իրականում «Թուրանի միջանցք» է, հայ մաքսավոր, սահմանապահ լինի՞, թե՞ ոչ, հետևաբար՝ Փաշինյանն այստեղ ո՞վ է, որ որոշի՝ պաշտպանական ծախսերն ավելացնի՞, թե՞ ոչ։ Նիկոլ Փաշինյանն անում է այն, ինչն իրեն թելադրում են»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Հայկ Նահապետյանը։
Նա հիշեցրեց՝ երբ Նիկոլ Փաշինյանին 2018 թվականին բերեցին իշխանության, նա չէր ասում, որ ՀՀ անկախության հռչակագիրը գլխացավանք է, չէր ասում, որ բանակի ծախսերը պետք է կրճատվեն։ Եկավ, պարտվեց ու այսօր էլ անում է այն, ինչ թելադրում են։
«Մեր պաշտպանական ծախսերի կրճատումը ձեռնտո՞ւ է Հայաստանին, իհարկե, ձեռնտու չէ, իսկ այն, ինչը ձեռնտու չէ Հայաստանին, օգուտ է Ադրբեջանին։ Այսօր Ադրբեջանին ու Թուրքիային ձեռնտու է Փաշինյանի իշխանությունը, որովհետև նրանից բացի, դժվար թե գտնվի մեկը, որ նրանց համար կանի այն ամենը, ինչ այսօր անում է Նիկոլ Փաշինյանը։
Թուրքիայի ու Ադրբեջանի համար Հայաստանը՝ որպես դիմադրողականության օջախ, «Թուրանի» ճանապարհի խոչընդոտ, պետք է դուրս մղվի։ Այսօր մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները մեր տարածաշրջանում Ադրբեջանն ու Թուրքիան են։ Արցախն այս երկրների համար խոչընդո՞տ էր, այո՛, ամբողջությամբ հայաթափվեց, «միջանցքը» խոչընդո՞տ էր, այո՛, բացեցին, Ռուսաստանի տնտեսական ներկայացվածությունը Հայաստանում խոչընդո՞տ է, այո՛։ Հիմա սրա դեմ են աշխատում, որից հետո Հայաստանը լավագույն դեպքում կարող է դառնալ թուրք-ադրբեջանական վիլայեթ, վատագույն դեպքում՝ առհասարակ չլինի»,- հավելեց Հայկ Նահապետյանը։
Նրա բնորոշմամբ՝ միայն տգետը կարող է ասել, որ ստեղծում է պրոֆեսիոնալ բանակ, ու կրճատի ռազմական ծախսերը։
«Ավելին՝ «պրոֆեսիոնալ բանակ» հասկացություն գոյություն չունի, ի՞նչ է, երբ 90-ականներին Արցախյան ազատամարտում հայերը հաղթեցին, պրոֆեսիոնալ բանակ ունեի՞ն։ Առաջին պատերազմում սիրողական բանա՞կ էինք ստեղծել, մինչև հիմա սիրողական բանա՞կ է, հիմարություն է։ Անհիշելի ժամանակներից բանակի կազմավորման 3 սկզբունք կա՝ զորակոչային, պայմանագրային և վարձկան։ Մեր բանակը զորակոչային ու պայմանագրային է, օրինակ, ԱՄՆ-ում զորակոչային բանակ չկա, կա միայն պայմանագրային և մասնավոր»,- ընդգծեց Հայկ Նահապետյանը։