
Գազայի հիվանդանոցին իսրայելական հարվածներից զոհված լրագրողների թիվը հասել է 5-ի

Գազայի հատվածի «Նասեր» բժշկական համալիրը հայտնել է ևս մեկ լրագրողի զոհվելու մասին։ Այսպիսով, բժշկական կենտրոնի վրա իսրայելական հարձակման հետևանքով զոհված լրագրողների թիվը հասել է հինգի, իսկ ընդհանուր զոհերի թիվը՝ 19-ի: Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
Զոհված լրագրողների թվում են Reuters-ի, NBC-ի և Al Jazeera-ի աշխատակիցներ: Ընդհանուր առմամբ, ռազմական գործողությունների ընթացքում պաղեստինյան անկլավում զոհված լրագրողների թիվը գերազանցում է 240-ը։
Լրագրողների միջազգային ֆեդերացիան դատապարտել է լրագրողների սպանությունը Գազայում։ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը կոչ է արել պաշտպանել Գազայում գտնվող լրագրողներին՝ նշելով, որ Իսրայելը շարունակում է իր ջանքերը՝ «Գազայում տեղեկատվությունն աստիճանաբար վերացնելու» համար։
Ավելի վաղ իսրայելական օդանավերն ուղիղ հարված էին հասցրել «Նասեր» բժշկական համալիրի չորրորդ հարկին, այնուհետև, երբ արտակարգ ծառայությունները և լրագրողները գտնվել են դեպքի վայրում, բժշկական համալիրի տարածքին ևս մեկ հարված էր հասցվել։
Գազայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ 2023 թ. հոկտեմբերի 7-ից վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 62 744-ի, վիրավորվել է 158 259 մարդ։
Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։ Դեռ 50 պատանդ գտնվում է ՀԱՄԱՍ-ի մոտ. նրանցից միայն շուրջ 20-ն է ողջ մնացել: