«Այսպես կոչված «միջանցքային» քննարկումները ճիշտ հարթությունում չի քննարկվում». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսպես կոչված «միջանցքային» քննարկումները ճիշտ հարթությունում չի քննարկվում։

Խնդիրն այնքան նրանում չէ, թե ինչ ջանքեր է գործադրում (կամ չի գործադրում) ՀՀ իշխանությունը ցույց տալու իր վճռականությունը միջանցքի հարցը օրակարգից հանելու մասով։

Գլխավոր խնդիրն այն է, որ Ադրբեջանը ոչ միայն շարունակում է պնդել այդ հարցը, այլ պարզ լեզվով հայտարարում, որ եթե այն դիվանագիտական ճանապարհով չկարգավորվի, ապա դա կիրականացվի ռազմական ճանապարհով։

Ի՞նչ է այս տեսանկյունից ձեռնարկում իշխանությունը արտաքին ճակատում՝ չեզոքացնելու կամ նվազագույնին հասցնելու հարձակման հավանականությունը։ Եթե կարճ, ապա ոչինչ։

Երկրորդ, ինչ է արվում թշնամու հավանական հարձակման ուղղություններում՝ թշնամու հնարավոր հարձակումը ճիշտ ժամանակին ու ճիշտ տեղում կասեցնելու և ըստ անհրաժեշտության հարված հասցնելու համար։

Ընդ որում՝ ռազմական տեսանկյունից, մի շարք գործոնների հաշվարկը կարող է ցույց տալ, որ թշնամուն առավել արդյունավետ հակազդեցություն ապահովելու համար մեկնարկում անհրաժեշտ կլինի կետային հարվածներ հասցնել։ Բայց դրա համար եղած ռեսուրսների խորը հաշվարկ է հարկավոր։

Կրկնում եմ՝ բոլոր խնդիրները պետք է դիտարկել այն համատեքստում, որ Ադրբեջանը չի բացառում ուժի կիրառման միջոցով միջանցքի ապահովումը, իսկ դա, այդ թեմայով բանակցությունների տապալման պայմաններում, առավել հավանական է դառնում»։

Տեսանյութեր

Լրահոս