«Երազ» գործարանը վերաբացելով՝ չինական անհասկանալի արտադրության ավտոբուսների փոխարեն՝ կարելի է դրա կես գնով այստեղ ավտոբուս հավաքել. Փոխադրողների միության նախագահ
Երևանի հանրային տրանսպորտի լիարժեք արդիականացումը հետաձգվում է։ Կառավարության չզեկուցվող հարցով, որն է՝ ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1994-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, նոր ժամկետներ է սահմանվել։ Արդյունքում 2022թ.-ից սպասվող բարեփոխումները հետաձգվում են ևս 3 տարով` մինչև 2025թ.։
Խնդիրն այն է, որ նախկինում ընդունված որոշմամբ, նախատեսվում էր 2022թ. հունիսի 1-ից արգելել Երևանի ներհամայնքային կանոնավոր փոխադրումների երթուղիներում ներգրավված, 15 տարին լրացած ավտոբուսների ու միկրոավտոբուսների շահագործումը։
«ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի «ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր ընտրելու մրցույթ անցկացնելու կարգը հաստատելու, ՀՀ կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի N 762 և 2007 թվականի հունիսի 1-ի N 819-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1994-Ն որոշման 3-րդ կետի և որոշմամբ հաստատված կարգի 18-րդ և 19-րդ կետերի դրույթների համաձայն՝ Երևանի ներհամայնքային կանոնավոր փոխադրումների երթուղիներում ներգրավված, 10 տարին լրացած ավտոբուսների (միկրոավտոբուսների) շահագործումը 2022թ.-ի հունիսի 1-ից արգելվում է, և դրանք ենթակա են պարտադիր փոխարինման:
Ըստ այդմ՝ նշված օրվանից կարգելվի Երևանի ներհամայնքային կանոնավոր փոխադրումների երթուղիներում ներգրավված 2011թ․ թողարկման «Հիգեր» մակնիշի (249 հատ), 2010-2011թթ․ թողարկման «Հունդաի» մակնիշի (19 հատ), 2005-2009թթ․ թողարկման «Բոգդան» և «ՊԱԶ» մակնիշների ավտոբուսների (91 հատ), ինչպես նաև բոլոր միկրոավտոբուսների (մոտ 750 հատ) շահագործումը (այդ թվում՝ 2006թ․ թողարկման թվով 140 միկրոավտոբուսներինը, որպես 15 տարին լրացած, 2022թ․ հունվարի 1-ից):
Նշված տրանսպորտային միջոցների շահագործումն արգելելու պարագայում լրջագույն խնդիրներ կառաջանան Երևանի ներհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացում, և մայրաքաղաքի կանոնավոր ուղևորափոխադրումների ողջ գործընթացը կհայտնվի ձախողման եզրին:
Մայրաքաղաքի կանոնավոր ուղևորափոխադրումների գործընթացը չխաթարելու և քաղաքացիների անխափան սպասարկումն ապահովելու նպատակով, մինչև նոր շարժակազմերի (ավտոբուս, տրոլեյբուս) ձեռքբերումը, մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի հավաքակազմի վերջնական համալրումը և Երևանի հանրային տրանսպորտի նոր երթուղային ցանցի ներդրման գործընթացի ավարտը, առաջարկվում է վերանայել ավտոբուսների ծառայության ժամկետները՝ այն ավելացնելով 3 տարով»,- նշված է հիմնավորման մեջ:
Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանի խոսքով՝ լավ պահված հին երթուղայինները կարող են շահագործել, վատերը՝ ոչ:
«Ավտոտրանսպորտային պարկը համալրելու մի շարք տարբերակներ կան, բայց սխալ բաներ ենք անում: Գնացինք նոր որակի «Գազել»-ներ բերեցինք, որոնց կարիքը չկար, որովհետև դրանց փոխարեն ավելի լավ էր կրկին ավտոբուսներ բերել, որը կփոխեր ուղևորափոխադրումների որակը: Մեզ վերջնական 900-ից ավելի նոր ավտոբուս է անհրաժեշտ, բայց մինչև այդքանը ներկրեն, վարորդ չի մնա: Տարիների ընթացքում ինչքան տրանսպորտի վիճակը վատացել է, այնքան վարորդները հեռացել են այդ ոլորտից: Հարցին պետք է կոմպլեքս նայել, փորձել նախապես լուծել, օրինակ, վարորդների համալրման խնդիրը: Այս պահից սկսած՝ երիտասարդ մարդկանց պետք է հավաքել, սովորեցնել, որ միանգամից ստանան այն կատեգորիան, որը իրավունք կտա վարել ուղևորատար տրանսպորտ: Հետո պետք է աշխատանք տարվի ուղևորների հետ, որ սովորեն ոչ կանխիկ վճարման տարբերակին և այլն»,- մեզ հետ զրույցում ասաց Հրանտ Եղիազարյանը:
Փոխադրողների միության նախագահը հիշեցրեց «Երազ» գործարանի մասին, որը շրջիկ ավտոֆուրգոններ արտադրող գործարան էր Երևանում։ Գործարանի կազմի մեջ էին մտնում նաև Երևանի ավտոպահեստամասերի գործարանը, Երևանի ավտոբեռնիչների գործարանը և Երևանի հիդրոապարատուրայի գործարանը։
«Չինական անհասկանալի արտադրության ավտոբուսներ են բերում, այդ որակի ավտոբուս ու դա ձեռք բերելու համար ծախսվող գումարի կես գնով Երևանի տարածքում կարելի է ավտոբուս հավաքել: Դա մեծ խնդիր չէ: Պահանջվող զանազան ավտոմասերը կարելի է Ռուսաստանից գնել, իսկ ավտոբուս հավաքողներ այստեղ կան: Գործարանը վերաբացելու համար միայն ցանկություն է պետք, տարածքներ շատ կան: Կազմակերպելով ավտոբուսների արտադրություն՝ ժամանակ կշահենք, ավտոբուսներն էժան գնով ձեռք կբերենք, իսկ շահույթը կօգտագործվի էլեկտրամոբիլներ սարքելու և այլ գործերի համար»,- հավելեց Հրանտ Եղիազարյանը: