«Եթե կարիք լիներ, մանրամասները կհրապարակեինք». Պաշտպանության փոխնախարարը՝ սահմանային կրակոցների մասին
Երեկ 168.am-ը գրել էր, որ Երևանի Էրեբունի ռազմական օդանավակայանում վայրէջք էր կատարել Ռուսաստանի Պաշտպանության նախարարության ինքնաթիռը: Ինքնաթիռում Հայաստանի և Ադրբեջանի սահմանների սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի անդամներն են եղել: 168.am-ի տեղեկություններով՝ հանձնաժողովի աշխատանքները ղեկավարելու է Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելության նախկին ղեկավար Ռուստամ Մուրադովը։
Այսօր ԱԺ-ում այս լուրի առնչությամբ լրագրողների հարցին ի պատասխան՝ Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը որևէ պատասխան չտվեց: Անպատասխան մնացին նաև լրագրողների մի շարք այլ հարցեր ևս՝ ի՞նչ գործընթացներ են տեղի ունենում, ի՞նչ իրավիճակ է սահմանին:
Փոխնախարարին ուղեկցող ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանն էլ լրագրողներին ասաց. «Ժողովուրդ ջան, հես ա կվերադառնանք՝ կխոսենք», սրան հետևեց Արման Սարգսյանի գրեթե նույնաբովանդակ պատասխանը:
«Եկեք որևէ բան չասեմ, ես վերադառնալու եմ՝ կխոսենք»,- հարցերին այդ պահին չպատասխանելը այսպես պատճառաբանեց Պաշտպանության փոխնախարարը։
Ինչ վերաբերում է սահմանային իրավիճակին, նա ասաց, թե ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել վերջին կրակոցների վերաբերյալ։
«Եթե կարիք լիներ, մանրամասները կհրապարակեինք»,- եզրափակեց փոխնախարարը։