Ինքը մի կողմից՝ հրաման է տալիս չկրակել, հետո քննարկում է, թե ինչպես են գերի ընկել. Աննա Մկրտչյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի գնահատմամբ՝ երեկ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի արած որևէ հայտարարություն չուներ քաղաքական, իրավական կամ դիվանագիտական  հենք։ Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում պատգամավորը պարզաբանեց նաև.

«Բոլորն են տեսել, որ նա ասում է, որ բանավոր պայմանավորվածություններ ունեն, ասում էր՝ դա հաջողություն է, որովհետև Հայաստանը մշտապես Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների կամ համանախագահների միջոցով է ապահովել շփումն ադրբեջանական կողմի հետ, իսկ այժմ ինքը ունի և՛ օպերատիվ կապ, և՛ բանավոր պայմանավորվածություններ։  Նա Ալիևի հետ խոսակցության ընթացքում իր նոթատետրում նշումներ է անում, ինչն իր կարծիքով՝ դրական ազդակ էր։ Երեկ ուղղակի այդ մարդը բոլոր հնարավոր ձևերով հերքեց այդ հանգամանքը»։

Ըստ պատգամավորի, Նիկոլ Փաշինյանն այդպես էլ հստակ չի պատասխանել իր այն հարցին, որ նոյեմբերի 9-ի իր ստորագրած հայտարարության 9-րդ կետը փաստում է, որ Հայաստանի վրա դրվում է  ուղղակի պարտավորություն ապահովելու Ադրբեջանի և Նախիջևանի անխոչընդոտ կապը և այդ կապի ապահովումը, ինչը որևէ կերպ ՀՀ պետական մարմինների վերհսկողության ներքո չէ, այլ 3-րդ պետության անվտանգության մարմիններն են վերահսկելու, հետևաբար՝ այս ամենն ի՞նչ է։

«Ցանկացած ձևաչափ՝ կլինի «3+3», նույնիսկ Մինսկի խմբի համանախագահներ, ես համարում եմ, որ Հայաստանն այնտեղ ներկայացուցիչ չունի։ Այնտեղ կան Հայաստանի բարեկամներ, դաշնակիցներ դրսից, և կան թշնամիներ։ Համարել, որ Հայաստանի շահը բանակցություններով, բանակի հզորացմամբ որևէ կերպ կարող է Նիկոլ Փաշինյանի օրոք կարգավորվել՝ կասկածում եմ։

Մենք բոլորս ենք տեսել Սոչիի հանդիպումը, այնտեղ պաշտոնական հաղորդագրությունների ժամանակ ես չտեսա, որ որևէ կերպ խոսվի այն մասին, որ վարձկանների կողմից ագրեսիա է տեղի ունեցել ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ, էլ չեմ խոսում ագրեսիայից, որը տեղի ունեցավ արցախցիների նկատմամբ։ Ես որևէ կերպ չեմ նկատել Արցախի ինքնիշխանության, Արցախի ժողովրդի կյանքի իրավունքի ապահովման հետ կապված շեշտադրումներ։ Սա նշանակում է, որ իրենք Արցախի էջը փակել են, ու հիմա Նիկոլը խնդիր ունի հայ հանրությանն ապացուցելու, որ պարտադիր չէ, որ Հայաստանի շուրջ լինի անվտանգություն, որ նորմալ է, երբ ՀՀ քաղաքացին կարող է առևանգվել։ Նիկոլը դրան կասի, թե գերվարվել է, հետո կսկսի այստեղ իր փոքրիկ խմբակի միջոցով համոզել հայ հանրությանը, թե՝ գիտե՞ք ինչ, նորմալ է, որ մենք հայ գերու հետևից չենք գնում։  Ինքը մի կողմից՝ հրաման է տալիս չկրակել, հետո քննարկում է, թե ինչպես են գերի ընկել»,- ընդգծեց Աննա Մկրտչյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս