Հրաժարվում եմ հավատալ, որ Փաշինյանի մարմնի տարբեր մասերն ուտողները ֆեյքեր չեն, այլ քաղաքացիներ. Հայկ Մամիջանյան

«Ամեն ինչ նորմալ կլիներ, եթե այս օրինագիծը չբերեր մի քաղաքական ուժ, որն իշխանության է եկել քաղաքական գործիչների պատուհանների տակ թաղումներ կազմակերպելով, պսակներ բերելով, լենտաներ կապելով, ու, ըստ իմ տեղեկությունների, դրա կազմակերպման ծանր բեռն իր վրա ստանձնած քաղաքական գործիչը մեր այս դահլիճում է նստած»,- ԱԺ-ում անդրադառնալով նախորդ գումարման ԱԺ-ում ընդունված վիրավորանքը քրեականացնող օրենքին՝ նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորներն ԱԺ լիագումար նիստում ներկայացրել են քրեական և քրեադատավարական օրենսգրքերում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկում են ծանր վիրավորանքի քրեականացման մասին օրենքի չեղարկում:

Հայկ Մամիջանյանը թվարկեց այս իշխանությունների օրոք ընդդիմադիր գործիչների հանդեպ թիրախավորված մոտեցման այլ դրվագներ ևս. «Ամեն ինչ նորմալ կլիներ, եթե նոյեմբերի 9-ից հետո Հանրապետության հրապարակում տեղադրված  էկրանից տեսանյութ չհեռարձակվեր, որտեղ մեր, իմ գլուխն առաջարկում էին ջարդել:  Էդ չե՞ք հիշում, թե՞ դուք տեղյակ չեք եղել՝ Հրապարակի էկրանին ինչ է «գնում»  (ընդ որում, այդ զինծառայողը, հետո պարզվեց՝ մատուցող էր. զինծառայող չէր):

Նորմալ կլիներ, եթե այն քաղաքական ուժը, որը եկել է իշխանության, ֆեյքերով հայտնի չլիներ, որովհետև ես հրաժարվում եմ հավատալ, որ Նիկոլ Փաշինյանի մարմնի տարբեր մասերն ուտելու պատրաստակամությունը հայտնող ֆեյքերն իրականում քաղաքացիներ են.  դա ուղղորդված ֆեյքային արշավ է:

Ես նորմալ կվերաբերվեի, եթե մինչև այսօր մեր հրապարակումների տակ մեր «ազիզը թաղող» ֆեյքային գրոհներ չկազմակերպվեին.  դա՛ էլ հասարակություն լինել չի կարող»:

Տեսանյութեր

Լրահոս