Ադրբեջանն առաջ ընկնավ Հայաստանից. Ի՞նչ վտանգներ է ստեղծում Իրան-Ադրբեջան-Վրաստան նոր տրանսպորտային պայմանավորվածությունը
Մինչ ՀՀ ԱԳ նախարարը հայտարարում էր մոտ ապագայում Իրանի հետ Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքի ստեղծման վերաբերյալ պայմանագիր ստորագրելու մասին, դեկտեմբերի 7-ին Իրանը, Ադրբեջանն ու Վրաստանը պայմանավորվում են Պարսից ծոցը Սև ծովի հետ կապող տարանցիկ երթուղու ստեղծման մասին։ Ավելի ուշագրավն այն է, որ սա տեղի է ունենում անմիջապես ադրբեջանաիրանական շաբաթներ առաջ բռնկված սուր դիվանագիտական հակամարտությունից հետո, որը հարթելուն պես Իրանն ու Ադրբեջանը Թուրքմենստանի հետ գազի փոխանակման աննախադեպ խոշոր համաձայնագիր ստորագրեցին:
Բարդ է չարձանագրել, որ Ադրբեջանը տարածաշրջանային ձևաչափերում աննախադեպ ճկունություն է ցուցաբերում և Հայաստանից առաջ ընկնում նույնիսկ այնպիսի ծրագրերում, որոնց դեպքում Իրանի շահը ակնհայտորեն հայկական դաշտում է, իսկ Հայաստանի համար Իրանի հետ Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքի ծրագիրն ունի ոչ միայն տնտեսական, տարանցիկ, քաղաքական մեծ նշանակություն, այլև աշխարհաքաղաքական բացառիկ նշանակություն, քանի որ թուրանական ծրագրերի ազդեցությունը սահմանափակելուն պետք է ուղղված լինի: Հայաստանի գերպասիվ և անկարողունակ դիվանագիտությունը կարող է ճակատագրական դառնալ ՀՀ-ի համար:
Իրանական ISNA-ի փոխանցմամբ, Իրանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև եռակողմ համաձայնություն է ձեռք բերվել Պարսից ծոցը Սև ծովի հետ կապող տարանցիկ երթուղու գործարկման մասին: Այս մասին հայտարարել է Իրանի միջազգային տարանցման և փոխադրումների վարչության գլխավոր տնօրեն Ջավադ Հեդայաթին: «Ադրբեջանի և Վրաստանի հետ երկու հանդիպումների անցկացումից հետո մենք նրանց առաջարկել ենք տարածաշրջանային մերձեցման համար նոր տարանցիկ միջանցք ստեղծելու նախաձեռնություն»,- հայտարարել է Հեդայաթին:
Վերջինիս խոսքով՝ այս նախագիծն առաջարկվել էր դեռ 8 տարի առաջ, սակայն հաշվի առնելով, որ այդ համաձայնագրում ներգրավված են եղել շատ երկրներ, այն չի հաջողվել իրականացնել համաձայնության բացակայության պատճառով: «Վրաստանն ու Ադրբեջանը մեծ ջանքեր են գործադրել իրենց տրանսպորտային ենթակառուցվածքի բարելավման և զարգացման համար, ուստի մենք փորձել ենք ընդլայնել համագործակցությունն այդ երկու երկրների հետ»,- ասել է նա:
Հեդայաթին մանրամասնել է, որ նախ առաջիկա չորս ամիսների ընթացքում Իրանից փորձնական բեռներ կուղարկվեն՝ Աստարայի սահմանով դեպի Ադրբեջան, ինչպես նաև Վրաստանի սևծովյան նավահանգիստներով դեպի Բուլղարիա կամ Արևելյան Եվրոպայի այլ երկրներ։ Կողմերը նշում են, որ դեռ փորձելու են դյուրացնել ծրագրի տեխնիկական հնարավորությունները, դիտարկելով փորձնական փոխադրումները: Ադրբեջանն ու Իրանը պայմանավորվել են նաև Աստարա գետի վրայով նոր ճանապարհային կամուրջ կառուցելու շուրջ։ Այսինքն՝ Իրանն ու Ադրբեջանն ինտենսիվ կերպով քննարկում են տրանսպորտային համագործակցության հնարավորությունները, կոնկրետ պայմանավորվածությունների գալով, և թե այս ծրագիրն ինչպես կհարվածի Հայաստանի դերին Սև ծով-Պարսից ծոց միջանցքի և «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի նախագծերում, դեռ հայտնի չէ, սակայն չի բացառվում, որ Հայաստանը զրկվի ևս մեկ կարևոր տարածաշրջանային պրոյեկտից, քանի որ Ադրբեջանը փորձում է օգտագործել բոլոր տարանցիկ տրանսպորտային հնարավորությունները և ավելի ջանասիրաբար այն դեպքերում, երբ Ադրբեջանին այլընտրանք դիտարկվում է Հայաստանը:
Դեռևս հոկտեմբերի կեսին ՀՀ իր առաջին այցը կատարեց Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը, ում հետ մամուլի ասուլիսի շրջանակում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնավորապես նշել էր.
«Մենք անդրադարձել ենք մեծ տարածաշրջանում ենթակառուցվածքների հարցին, և դա վերաբերում է նաև Հյուսիս-Հարավ միջանցքին։ Նախարար Ջայշանկարն ինքն ասաց, որ և՛ Հայաստանը, և՛ Հնդկաստանը հետաքրքրված են այս նախաձեռնության կատարելագործման և կյանքի կոչման մեջ։ Մենք, բնականաբար, քննարկել ենք նաև Չաբահար նավահանգստի շուրջ ընթացող վերջին դրական զարգացումները, Հնդկաստանի և Հայաստանի միջև ճանապարհային ուղիղ հաղորդակցության հաստատման խնդիրը և արդեն Հայաստանից դեպի հյուսիս՝ Վրաստանով դեպի Ռուսաստան, և գուցե նաև՝ Սև Ծովով դեպի Եվրոպա հետագա տարանցիկ փոխանցումների հարցը։ Սա մեր օրակարգի կարևոր բաղկացուցիչ մասն է։ Ինչ վերաբերում է Պարսից Ծոց-Սև Ծով նախաձեռնությանը, ապա ես կարող եմ, թերևս, ամենաթարմ տեղեկությունն ասել, որ երեկ իրանական կողմի հետ քննարկել ենք այս հարցը, և կարող եմ ասել, որ այս ծրագրի, համաձայնագրի առումով ևս իրադարձությունները բավականին դինամիկ են զարգանում, և հուսամ՝ մոտ ապագայում կունենանք ստորագրված համաձայնագիր»։
Սակայն Հայաստանի դեպքում ամիսներն անցնում են, և այս ուղղությամբ, ի տարբերություն Ադրբեջանի, առաջընթաց տեղի չի ունենում: Եվ ստացվում է, որ Հայաստանի տարածաշրջանային ապաշրջափակումը տեղի է ունենում բացառապես թուրանական սցենարով: Իրան-Ադրբեջան-Վրաստան համաձայնությունից հետո շատ են կարծիքներն այն մասին, որ Հայաստանը կարող է զրկվել ընդհանրապես այս ծրագրերում իր տարանցիկ հնարավոր նշանակությունից, և առավելապես խոսքը Պարսից ծոց-Սև ծով ծրագրի մասին է:
«168 Ժամ»-ի հետ զրույցում վրացագետ Ջոնի Մելիքյանն ասաց, որ վրացական կողմից դեռ պաշտոնական որևէ արձագանք չկա, բայց սա ընդամենը կարելի է դիտարկել այն պրոցեսի շրջանակներում, որը գոյություն ուներ տարածաշրջանում դեռ ութ տարի առաջ, որևէ նորություն չկա, այսօր միգուցե որոշ առաջընթացներ կան այս ուղղությամբ, դրա համար իրանական կողմը ինչ-որ կերպ արձագանքում է դրան:
«Բայց մենք պետք է իրավիճակը ռեալ գնահատելով՝ հասկանանք, որ այս տարածաշրջանն աշխարհաքաղաքական տեսանկյունից չափազանց կարևոր դիրք ունի: Եթե Վրաստանի մասին խոսենք, ապա իրենք վերջին տարիներին փորձում են իրենց դիրքերն ամրապնդել և տարածաշրջանային հաբ լինել, որը կապում է բոլոր հարևաններին, ուստի տարիների ընթացքում բավականին լուրջ աշխատանքներ են կատարվել թե երկաթգծի հետ կապված՝ կա Բաքու-Թբիլիսի-Կարսը, որը սահմանափակ կերպով, բայց գործում է, Վրաստանն ունի իր երթուղին, դեռևս կան խնդիրներ պետական վրացական երկաթգծի հետ, բայց դա ևս գոյություն ունեցող բան է, և նաև բավականին լուրջ ներդրումներ են արվել Ասիական զարգացման բանկի կողմից Վրաստանի ճանապարհային հնարավորություններն ընդլայնելու համար բարձրորակ մագիստրալների կառուցման հարցում, որոնք կապում են վրաց-ադրբեջանական սահմանը վրաց-թուրքականին, և այսօր նաև լուրջ պրոյեկտ է իրականացվում՝ եղած ճանապարհը դեպի Ռուսաստան կլինի ավելի ապահով ու բարձրորակ, ինչը ցույց է տալիս, որ այս տարիների ընթացքում բավականին լուրջ գործ են արել: Քանի որ այսօր կան հնարավորություններ, տարբեր ուղիներով աշխատում են բոլոր հարևանների հետ, և այս վերջին իրադարձությունը կարելի է պայմանավորել այն հանգամանքով, որ կան արդեն գոյություն ունեցող ենթակառուցվածքներ և դրանց շրջանակում յուրաքանչյուրը փորձում է իր դերը կարևորել։
Սակայն դրանցից կարևորը Վրաստանն է, որովհետև Վրաստանը դեպի ծով ելք ունի, Փոթիի նավահանգիստն ունի, որը մեծ հնարավորություններ է տալիս, ներդրումներ են արվում, որպեսզի ավելի մեծ տոննաժով նավեր սպասարկվեն, որն էլ ավելի կբարձրացնի Վրաստանի կարևորությունը: Եվ այս պարագայում, եթե Իրանն ու Ադրբեջանը կարողացել են ինչ–որ համաձայնության գալ, իսկ նրանք, ինչպես գիտենք, Հյուսիս-Հարավ ծրագրի շրջանակներում երկաթգծային հաղորդակցություն պետք է ապահովեին Ռուսաստանից դեպի Իրան և Պարսից ծոց, դրա հետ կապված երկար տարիներ խնդիրներ կան, Իրանը Ադրբեջանի հետ միացված չեն այդ կապով, երկաթգծային ճանապարհային հաղորդակցություններ կան, և ինչքանով այդ ամենը իրականություն կդառնա և բեռնափոխադրումները դրանով կգնան՝ այլ հարց է:
Այս պարագայում մենք պետք է մեր եզրակացություններն անենք, և հիմնականում այն, ինչ պետք է հասկանանք, հետևյալն է, որ պետք է ռեսուրսները մոբիլիզացնենք և ավարտին հասցնենք Հյուսիս-Հարավ մեր ճանապարհը, որը դեպի Իրան պետք է դուրս բերի, ինչից հետո կարողանանք հավակնենք տարբեր այսպիսի գործընթացներին մասնակից դառնալ»,- ասաց Ջոնի Մելիքյանը՝ հավելելով, որ Հայաստանն իր կողմից իր անելիքը պետք է անի, որպեսզի կարողանա որևէ տարածաշրջանային տարանցիկ դերակատարություն ստանձնել:
Իր հերթին՝ իրանագետ Վարդան Ոսկանյանը մեզ հետ զրույցում ասաց՝ ակնհայտ է մի բան, որ Իրանի համար Հայաստանով Պարսից ծոց-Սև ծով միջանցքն ունի կենսական նշանակություն, և իրանցիներն իրենց ունեցած գործիքակազմով ջանք չեն խնայելու, որպեսզի այդ ծրագիրը կյանքի կոչվի, հաշվի առնելով ներկա աշխարհաքաղաքական իրողությունները, որտեղ ըստ էության փորձ է կատարվում սահմանափակել Իրանից դեպի Հյուսիս ելքերի հնարավորությունները:
Հետևաբար, նրա խոսքով, ադրբեջանաթուրքական տարածքին որպես այլընտրանք՝ իրանցիները մշտապես դիտարկել են ՀՀ տարածքը, և դա քննարկվում է նաև այժմ, Հայաստանի հետ հատվածում իրանական դիրքորոշումների փոփոխություն տեղի չի ունեցել:
«Մենք պետք է տարբերակենք նաև իրանական Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային հանգույցի ծրագիրը Հնդկական Հյուսիս-Հարավ հանգույցի ծրագրից: Իրականում գործում են երկու ծրագրեր, որի հայաստանյան հատվածները համընկնում են, բայց ծրագրերը տարբեր են, հետևաբար՝ մեկը մյուսին առնչվում է ոչ ամբողջությամբ, այլ մասնակիորեն, և կարծում եմ՝ հնդկական ծրագիրն էլ այս պահի դրությամբ ուժի մեջ է, բայց սա չի նշանակում, թե հայկական կողմը չպետք է աշխատանքներ իրականացնի և ձեռքերը ծալած նստի, սպասի մեր բարեկամների, դաշնակիցների գործողություններին, առավել ևս՝ սպասի թշնամիների գործողություններին: Իսկ ադրբեջանական ամբողջ արտաքին քաղաքական ուղեգիծը միտված է սպասարկելու Հայաստանի և Արցախի հանրապետությունների դեմ թշնամական գործողություններին: Հետևաբար՝ Իրանի և Վրաստանի միջոցով իր պետության համար բարեպատեհ տրանսպորտային հնարավորություն ապահովելու այս երազանքը չպետք է մեզ հիասթափեցնի»,- ասաց Ոսկանյանը:
Նրա խոսքով, ադրբեջանական կողմը պարբերաբար խոսում է ապաշրջափակման մասին, բայց դրան զուգահեռ՝ փաստացիորեն իրականացնում է գործողություններ, որոնք միտված են ոչ միայն Հայաստանից առաջնայնությունը խլելուն տարբեր միջպետական ծրագրերի շրջանակներում, այլ ուժեղացնելու ՀՀ շրջափակումը լրացուցիչ ճնշում բանեցնելու համար:
«Հետևաբար՝ ՀՀ-ում հատկապես որոշում ընդունողները և իրենց իշխանություն համարողները պետք է հստակորեն հասկանան, որ իրենց պոպուլիստական «խաղաղության դարաշրջանը» ըստ էության անիրականանալի ծրագիր է, ուստի պետք է սթափվել ու աշխատել թշնամու գործողություններին ոչ միայն համարժեք արձագանքելու, այլ նաև այդ գործողությունները կանխելու ուղությամբ»,- ասաց նա:
Ոսկանյանը նշեց, որ Ադրբեջանի բռնապետը հասկանում է, թե ինչպիսի խոշոր մարտահրավերների առջև է կանգնել իր իշխանությունը և պետությունը հակաիրանական հռետորաբանությամբ, որն ադրբեջանական ինքնության առանցքներից մեկն է: Չնայած հակաիրանական բնույթին, նրա խոսքով՝ Ադրբեջան կոչվող կազմավորումը և նրա ղեկավարությունը հասկանալով ռիսկերը՝ փորձում են դրանք հնարավորին չեզոքացնել Իրանի հետ բարիդրացիական հարաբերություններ ստեղծելու պատրանքներ ձևավորելով: «Իրանն էլ փորձում է հավելյալ լծակներ ձևավորել, իսկ Ադրբեջանին իրանակենտրոն ծրագրերում ներառելը Իրանում դիտարկվում է՝ որպես փափուկ ուժի քաղաքականություն, հետևաբար, եթե իրանցիներն աշխատում են ադրբեջանցիների հետ, չի նշանակում, թե դա արվում է ի հաշիվ Հայաստանի, այլ հարց է, որ ակտիվություն պետք է դրսևորի հայկական կողմը, որպեսզի մենք լինենք տարածաշրջանում տարբեր ծրագրերի առումով առաջատարը: Նման հնարավորություններ ակնհայտորեն կան»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Պարսից ծոց-Սև ծով միջանցքի հայաստանյան պայմանագրի ստորագրման հեռանկարներին, որոնց մասին ամիսներ առաջ խոսում էր Արարատ Միրզոյանը, Վարդան Ոսկանյանն ասաց, որ որևէ տեղեկություն չունի դրա մասին, սակայն ակնհայտ է, որ իրանական կողմը շահագրգիռ է, քայլեր է ձեռնարկում Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու հատկապես Սյունիքի հատվածում նախատեսվող շինարարական ծրագրերում ներգրավվածություն ունենալու համար: «Նաև իրանական կողմը հստակորեն հայտարարել է, որ այդ ճանապարհը կարևորագույն նշանակություն ունի, և իրանցի պաշտոնյաների այցերը ՀՀ խոսում են այն մասին, որ ակնհայտ է, որ իրանական կողմի դիրքորոշումները չի փոխվել և չի էլ փոխվելու: Բաքվի բռնապետը փորձում է հնարավորինս սահմանափակել մեր եղած հնարավորությունները»,- ասաց նա: