«Պայքարը շարունակվում է…»․ Արթուր Վանեցյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհակալություն է հայտնել 42-րդ տարեդարձի առթիվ ստացած շնորհավորանքների համար։

«Սիրելինե՛րս,

Շնորհակալ եմ ծննդյանս տարեդարձի կապակցությամբ շնորհավորանքների և բարեմաղթանքների համար։

Բարեկամնե՛ր, ընկերնե՛ր, ծանոթ ու անծանոթ մարդի՛կ, ձեր բոլորի ջերմ վերաբերմունքը ու դրական սպասումները խիստ պարտավորեցնող են և ոգևորիչ։ Հավաստիացնում եմ՝ որպես Հայաստանի քաղաքացի և քաղաքական գործիչ, ամեն ջանք գործադրելու եմ արդարացնելու դրանք։

Մեր պետության և ազգի համար այս դժվարին պայմաններում մենք պարտավոր ենք նեցուկ լինել միմյանց, իրարից ուժ ստանալ և իրար ուժ տալ՝ դիմակայելու և կրկին որպես հզոր պետականություն ունեցող ժողովուրդ վերածնվելու:

Ձեր աջակցությունը ինձ անսպառ ուժ է տալիս ավելի եռանդուն կերպով պայքարելու բոլորիս, մեր պետության և հատկապես մեր երեխաների իրական և անվտանգ գալիքի համար:

Կյանքիս անցած 42 տարիների ուղիղ կեսը ծառայելով մեր Հայրենիքին և նրա անվտանգությանը, ինձ համար չկա և չի կարող լինել ավելի մեծ արժեք քան պետությունն է, քան Հայաստանի և Արցախի յուրաքանչյուր բնակչի անվտանգությունը: Այսուհետ նույնպես ապրելու եմ այդ բացարձակ արժեքների պաշտպանության և ամրացման անքննելի առաքելությամբ:

Կրկին շնորհակալ եմ բոլորիցդ և յուրաքանչյուրիդ կողքին եմ:

Հ.Գ. Պայքարը շարունակվում է…»։

Տեսանյութեր

Լրահոս