Իշխանության և լիդերի ռեյտինգը զգալի անկում է ապրել. Վիգեն Հակոբյան
Երեկ ավարտվեցին հոկտեմբերի 17-ից տարբեր համայնքներում մեկնարկած ՏԻՄ ընտրությունները: Մի շարք խոշոր համայնքներում իշխանական ուժի պարտությունը հասարակական ու քաղաքական տարբեր շրջանակներ որակեցին էյֆորիայից իրականության անցման ցուցիչ:
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի գնահատմամբ՝ հասարակական տրամադրությունների տրանսֆորմացիան զգացվում էր ՏԻՄ ընտրությունների դեռ նախորդ փուլերում, «երբ իշխանությունը նույնիսկ ցավոտ պարտություններ կրեց նախ՝ Գյումրիում, ապա նաև՝ Գորիսում, Կապանում, Մեղրիում»:
«Այսինքն՝ այս տենդենցը մենք զգում ենք հոկտեմբերից սկսած: Այժմ՝ ՏԻՄ ընտրությունների վերջին փուլում ևս մենք տեսանք, որ իշխանության պարտությունը դառնում է խրոնիկ երևույթ: Այլ հարց է, թե հաղթողներն ինչպես են իրենց հաղթանակի հետ վարվում՝ ի՞նչ կոնֆիգուրացիաների մեջ են մտել կամ մտնելու, քանի որ առանցքային է այն, թե ինչպես է քվեարկում ընտրողը»,- ասաց քաղտեխնոլոգը:
Այս համատեքստում Վիգեն Հակոբյանն արձանագրեց ընտրությունների արդյունքների վրա հենց այդ տրամադրությունների տրանսֆորմացիայի ազդեցությունը, ապա ձևակերպեց ՏԻՄ ընտրությունների արդյունքների վրա ազդող մյուս էական գործոնների ցանկը՝ «ցուցակը գլխավորող լիդերի հեղինակությունը, գործնական և ընտանեկան կապերը, համայնքի վրա ազդեցությունը, քաղաքական ֆոնը՝ թե երկրում այդ պահի դրությամբ ինչ տրամադրություններ կան, ինչ ազդեցության մարդիկ կան, որոնք կարող են ազդել մարդկանց ընտրության վրա»:
Նրա համոզմամբ՝ եթե նախկինում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության բրենդի տակ ցանկացած թեկնածուի հայտնվելը, Նիկոլ Փաշինյանի կողմից նրան աջակցելը երաշխիք էր, որ նա կհաղթի, ապա այժմ երաշխիք չէ. «Փաշինյանի ասածը «մեսիայի պատվիրան էր», մինչդեռ այժմ տեսնում ենք, որ այդ քաղաքական ֆոնում փոփոխություն է տեղի ունեցել, այսինքն՝ երբ ՔՊ-ի ցուցակում արդեն դնում ես որևէ հերթական «ուսապարկի», ինչպես իրենք են իրենց անվանում, չի երաշխավորում, որ այդ «ուսապարկը» դառնալու է համայնքի ղեկավար: Այսինքն՝ քաղաքական իշխանության և լիդերի ռեյտինգը զգալի անկում է ապրել՝ մասնավորապես հունիսի 20-ի ԱԺ ընտրություններից հետո»:
Ի պատասխան հարցին, թե հատկապես ի՞նչ հանգամանքներով պայմանավորված՝ քաղտեխնոլոգը մանրամասնեց. «Քաղաքացիները և հատկապես նրանք, որոնք սահմանին շատ մոտ են ապրում, սկսել են գիտակցել`սին են խոստումները, թե Արցախի հանձնումը և ընտրություններում Փաշինյանին նորից իշխանության բերելը, նախկիններին ընտրություններով մերժելը, բերելու է կյանքի բարելավման, խաղաղության դարաշրջանի. հասկացան, որ մի քանի ամսվա մեջ այդ ընտրության արդյունքում թշնամին արդեն հայտնվել է իրենց ննջասենյակներում: Այսինքն՝ անվտանգության մակարդակը ոչ միայն չի բարելավվել, այլև զգալիորեն նվազել է և, ցավոք սրտի, էլ ավելի է նվազելու: Մարդիկ նաև իրենց գրպանի պարունակությամբ հասկանում են, որ այս իշխանությունն իրենց տանում է դեպի աղքատություն»:
Ի դեպ, նա ֆեյք տեղեկություն որակեց իշխանական ու մերձիշխանական ուժերի կողմից շրջանառության մեջ դրված պնդումը, թե դեկտեմբերի 5-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիրը», նախնական տվյալներով, հաղթել է 36 համայնքից 25-ում՝ նկատելով, որ ընդամենը 15-ում է իշխող ուժը կարողացել 50+1 ձայն հավաքել (մնացած տեղերում թեպետ մաթեմատիկորեն վերցրել են ավելի շատ ձայն, բայց ինքնուրույն իշխանություն չեն կարողանա ձևավորել, և չի բացառվում, որ կլինեն համայնքներ, որտեղ կկրկնվի Մեղրու դրվագը):
Ի վերջո, այդ տրամադրություններն ինչի՞ կբերեն՝ հարցին էլ քաղտեխնոլոգը պատասխանեց. «Այս միտումներն արդեն հանրության մոտ արմատավորում են համոզումը, թե գործող իշխանությունն այլևս անհաղթահարելի արգելք չէ, և որ պարտվելը նրանց համար դառնում է սովորական երևույթ: Սա ոչ միայն տեղական ընտրություններում է զգացվելու, այլև մուլտիպլիկատիվ էֆեկտ է ունենալու այլ ասպարեզներում ևս»:
Հիշեցնելով այս ընտրություններում արձանագրված մեկ այլ դրվագի՝ Սեմյոնովկա և Ծովագյուղ համայնքների՝ ընտրությունները բոյկոտելու քաղաքական ակցիայի մասին, Վիգեն Հակոբյանը չբացառեց, որ նմանատիպ քաղաքական ակցիաների ականատես կլինենք նաև իշխանությունների ներսում: