«Տղաներն իրենց պարտքը հպարտորեն տվեցին, մենք նրանց հավերժ պարտք մնացինք». «Լևոնը» գրքի շնորհանդես հերոսի դպրոցում

Նոյեմբերի 28-ին Երևանի  Հովհաննես Պողոսյանի անվան թիվ 82 հիմնական դպրոցում տեղի ունեցավ 44-օրյա պատերազմում նահատակված ժամկետային զինծառայող Լևոն Չատինյանին նվիրված «Հիշատակի ղողանջներ» խոնարհման հուշ ցերեկույթը, որի ժամանակ նաև ներկայացվեց հերոսին նվիրված գիրքը՝ «Լևոնը»։

Գիրքը հեղինակել է «Գթության մայր» հասարակական կազմակերպության նախագահ, գեներալ-մայոր Լիլիթ Չիբուխչյանը։

«Այսօր մեզ կրկին համախմբել է մեր դպրոցի շրջանավարտ, 44-օրյա պատերազմի մասնակից, հերոսացած Լևոն Չատինյանը»,- միջոցառումը բացելով՝ ասաց դպրոցի տնօրեն Լիլիթ Ասլանյանը, ապա շարունակեց.

«Այս դահլիճում, որի բեմում հաճախ Լևոնն էր ելույթ ունենում զինվորականի դերում, կկայանա գրքի նվիրման արարողությունը: Գիտեք, ամբողջ գիտակցական կյանքում ես մտածել եմ, թե միայն ծնողի նկատմամբ է պարտքի զգացումն անմար: Բայց մեր Լևոնի և հազարավոր քաջարի տղաների սխրանքներն ինձ լրիվ այլ բան համոզեցին, որ անմար է նաև մեր հերոսների նկատմամբ մեր հոգու պարտքը: Նրանք չխնայեցին մեզ համար իրենց ունեցած միակ թանկ բանը՝ իրենց կյանքը, նրանք մինչև վերջին փամփուշտը պայքարեցին՝ հանուն մեր լինելու, հանուն հայրենիքի խաղաղության: Տղաներն իրենց պարտքը հպարտորեն տվեցին, մենք նրանց հավերժ պարտք մնացինք: Եվ մենք, ահա, արդեն մեկ տարի և ավելի փորձում ենք այդ սահմաններ չճանաչող պարտքի չափը կրճատել՝ կազմակերպելով մեր հերոսներին նվիրված հիշատակի, փառաբանման և խոնարհման միջոցառումներ: Քանի կանք, պիտի հիշենք, և քանի հիշում ենք, նրանք էլ կան»,- եզրափակեց խոսքը դպրոցի տնօրենը:

Ներկաներին ցուցադրվեց  նաև Լևոնի մանկության և պատանեկության, ինչպես նաև ծառայության ընթացքում արված  լուսանկարներով պատրաստված մի տեսանյութ, որով փորձել էին ներկայացնել հերոսի անցած կարճ, բայց իմաստալից կյանքը:

Միջոցառմանը ներկա էին «Առաջին գունդ» հ/կ նախագահ, գեներալ-լեյտենանտ Վաչագան Չիբուխչյանը, «Գթության մայր» հ/կ-ի Իտալիայի գրասենյակի փոխնախագահ Աիդա Ոսկանյանը, «Չղջիկներ» վետերանների միության նախագահ, գնդապետ Նվեր Գալստյանը, Հայաստանում եզդիների միության նախագահ Խդր Հաջոյանը, Լևոնի ընկերները, դասընկերները և այլք:

Հիշեցնենք, որ այս տարի Լևոնի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 28-ին, Հովհ. Պողոսյանի անվան դպրոցում բացվեց նաև նրա անվան դասասենյակ։

Լևոնը 20 տարեկան էր, մեծացել էր մանկավարժի ընտանիքում և դաստիարակվել  մեծ հայրենասերի ոգով, և այդ ոգով էլ նա հերոսաբար մարտնչել ու զոհվել էր իրեն վստահված դիրքը պաշտպանելիս։ Այս տարի հունվարին զորացրվելու էր, նրա հետ մայրը վերջին անգամ խոսել էր 2020 թվականի  հոկտեմբերի 2-ին, որից հետո նրա հետ այլևս չի հաջողվել կապ հաստատել․ Պատերազմի ավարտից հետո, 55-օրյա փնտրտուքից հետո միայն գտել էին նահատակված հերոսի մարմինը, նա  զոհվել էր բազմաբեկորային վիրավորումից։

Լևոնը դպրոցում ունեցել է հատուկ անուն՝ «գնդի որդի»՝ որպես  ծնողների  և դպրոցի մանկավարժական կոլեկտիվի մինուճարը։

Տեսանյութեր

Լրահոս