Ինչպես է Ալենը «վաստակել» թանկարժեք BMW-ն
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի 200 հազար դոլարանոց նոր ծառայողական ավտոմեքենայի թեման մի ամբողջ օր զբաղեցրեց հայ հասարակության մտքերն ու հույզերը, ներկայացվեցին բոլոր հնարավոր պատկերավոր համեմատություններն այն մասին, թե ինչպես կարող է սոցիալական, անվտանգային նման խնդիրներ ունեցող պետությունում պաշտոնյայի ավտոմեքենայի համար այդքան գումար ծախսվել։
Այդ վրդովմունքը, անշուշտ, տեղին էր, բոլոր համեմատությունները՝ արդարացված, ցասումը՝ հավաստի, հայհոյանքը՝ հասցեական։ Անգամ, եթե ճիշտ են տեսակետները, որ այդ թեման հրապարակ նետելով՝ իշխանությունը հասարակության ուշադրությունը շեղեց շատ ավելի կարևոր խնդիրներից, այդ թվում՝ Սոչիի ու Բրյուսելի հանդիպումներից, հերթական սպասվող զիջումներից և այլն։
Բոլոր այս քննարկումներում ու քննադատություններում, սակայն, շրջանցվեց ամենակարևորը՝ երևույթի խորքային շերտը, այն, որ Ալենին թանկարժեք մեքենա գնելով՝ գուցե իշխանությունը ոչ միայն հանրության ուշադրությունն է շեղում, կամ դա անում է հընթացս՝ ձեռքի հետ, այլ, որ այդպիսով արժանին է մատուցվում Ալեն Սիմոնյանին և գնահատվում է իշխանական այլասերվածության նրա մակարդակը։ Իսկ դրա հավաստիքը ոչ թե շքեղ մեքենա գնելու մասին կառավարության որոշումն էր, այլ Ալեն Սիմոնյանի մի հայտարարությունը անցած կամ նախանցած շաբաթ խորհրդարանի նիստերի դահլիճում։
Այդ հայտարարությունը հնչել էր անզգուշությամբ՝ խոսափողի անջատվածությունը ստուգած չլինելու հետևանքով։ Ահա այդ պահին, Ալենը, ըստ ամենայնի դիմելով ենթականերից որևէ մեկին, կես նախադասությամբ արտահայտեց այն խորքային պատճառը, որի համար իրեն 200 հազարանոց ավտոմեքենա է հասնում։ «Ասա՝ բեյջը կախի, ոտից դուրս կշպրտեմ դահլիճից»,- անջատված թվացող խոսափողով հայտարարեց Ալենը՝ չմանրամասնելով, թե խոսքն ում մասին է։
Բայց դա ընդհանրապես կարևոր չէ։ Կարևորն այն է, որ Հայաստանի երկրորդ կամ գուցե առաջին պաշտոնյան արդեն հասել է հոգեբանական այնպիսի դեգրադացվածության, որ կամայական մարդու մասին խոսում է «ոտից դուրս կշպրտեմ»-ով։
Սա շատ բազմաշերտ արտահայտություն է, որը ոչ միայն իշխանության այլասերման դրսևորում է պարունակում, այլ նաև Հայաստանի հասարակությանն ու ընդդիմությանն ուղղված հավաքական գնահատական։ Ալենը այդ հոգեվիճակին հասել է այն պատճառով, որ Հայաստանի հասարակությունն ու նրա անունից հանդես եկող ընդդիմությունը, ալենների հավաքականությանը, իր լեզվամտածողությամբ ասենք՝ «ոտից դուրս չի շպրտել» իշխանությունից բոլոր այն աղետներից ու արհավիրքներից հետո, որ վերջինիս մեղքով պատուհասել են Հայաստանին ու Արցախին։
Ահա, որովհետև նրանց «դուրս չեն շպրտել» իշխանական առանձնասենյակներից ու ծառայողական մեքենաներից, Ալենը կատարվածը համարել է մարսված, իրեն էլ՝ ոչ թե պոտենցիալ շպրտվող, այլ արդեն դուրս շպրտող։
Հայ մտահոգ հասարակությունը, սակայն, արձանագրել է ոչ թե հաբռգումի սույն ակտը, այլ նրա հեղինակին թանկարժեք մեքենա գնելու խայտառակությունը՝ այդպես էլ չհասկանալով, որ ինչպես ամեն ինչ, այնպես էլ Ալենի մեքենան ունի պատճառահետևանքային կապ, իսկ այդ կապն ասում է, որ «ոտից դուրս շպրտող», հազարավոր զոհերի պայմաններում հունական ծովափնյա ակումբներում զվարճացող պաշտոնյան պետք է երթևեկի հենց թանկարժեք մեքենայով։ Որովհետև, եթե այդ նույն հասարակությունը չի արձանագրում ու չի քննադատում այլասերումը, ապա պետք է հանգիստ ընդունի նաև դրա հետևանքը, տվյալ դեպքում՝ թանկարժեք ավտոմեքենան։
Առողջ ու իրապես ժողովրդավարական հասարակությունում Ալեն Սիմոնյանի՝ «ոտից դուրս շպրտելու» ինքնախոստովանական հայտարարությունը կարող էր դառնալ ընդհուպ նրա պաշտոնանկության պատճառ, որովհետև ահա այդպիսի հասարակություններում գերակայում են արժեքներն ու սկզբունքները։ Հայաստանում, սակայն, ցասման պատճառ է դառնում ոչ թե պաշտոնյայի սանձարձակությունը, այլ նրա ավտոմեքենայի գինը, ինչն էլ մեզ տարբերում է արժեքներով ապրող հանրություններից։
Ռոբերտ Տեր-Սարգսյան