Ավելի լավ է՝ ամեն համայնք մետրոյի մեկ կայարան ունենա, իսկ քաղաքային տրանսպորտը կաշխատի՝ ըստ այդ կայարանների. Ճարտարապետ
Երևանի մետրոյի նոր՝ Աջափնյակ կայարանի նախագծման մրցույթում հաղթող է ճանաչվել ռուսաստանյան «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը: Նախագծման աշխատանքների և մետրոյի հեռանկարային զարգացման խնդիրներ են քննարկել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և «Մետրոգիպրոտրանս» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Աբրամսոնը:
Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ քաղաքային տրանսպորտային բարեփոխումների մեջ կարևոր տեղ ունի մետրոպոլիտենի զարգացումը, և Երևանի քաղաքապետարանը հստակ քայլեր է ձեռնարկում նոր կայարանը կառուցելու նպատակով:
«Մրցույթի նախապատրաստումը և անցկացումը տևեց համարյա մեկուկես տարի: Այս պահին մենք հասել ենք ավարտական փուլին. մրցույթն ունեցավ հաղթող, որի հետ արդեն ստորագրվել է պայմանագիր»,- նշել է քաղաքապետը:
«Մետրոգիպրոտրանս» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Աբրամսոնը հանդիպման ընթացքում քաղաքապետին է ներկայացրել Աջափնյակի կայարանի նախագծման էսքիզային տարբերակները:
«Մետրոգիպրոտրանս» ընկերությունը, ի դեպ, Հայաստանի կառավարությանը 500 մլն դոլար արժողությամբ մետրոպոլիտենի զարգացման նախագիծ է առաջարկել։ Ծրագրին շահավետ պայմաններով պատրաստ է աջակցել Արտահանման վարկերի ապահովագրության ռուսաստանյան գործակալությունը։
«Մենք այդ միջոցներով երևի կկարողանանք թարմացնել նաև հին մետրոպոլիտենի ենթակառուցվածքները, ու նաև կարող ենք նախատեսել քաղաքի այն հատվածները, դեպի ուր կարող են ընդլայնվել կայարանները»,- ասել է Վալերի Աբրամսոնը:
«Վեց ամսվա ընթացքում պետք է ֆինանսավորվի այս նախագիծը, որպեսզի աշխատանքներն սկսվեն: Ուզում եմ տեղեկացնել, որ մետրոպոլիտենը հանդիսանում է պետական գույք, սա համայնքային գույք չէ, ուստի և ֆինանսավորումը պետք է արվի պետական բյուջեից, ոչ թե համայնքի բյուջեից: Մենք բոլորս էլ գիտենք, որ այսօր բավականին լուրջ խնդիրներ կան հանրապետությունում, և ես հուսով եմ, որ այդ խնդիրները հաղթահարելի են, որպեսզի նաև ֆինանսներ գտնվեն մետրոպոլիտենի համար»,- նշել է Հայկ Մարությանը:
Նախագծի նախնական տարբերակով նախատեսվում է Հրազդանի վրայով կամուրջ կառուցել միայն մետրոյի համար, «Մետրոգիպրոտրանսն» առաջարկում է նաև երկրորդ հարկ կառուցել ավտոմեքենաների կամ հետիոտնի համար:
«Փարիզ էսթ» համալսարանի քաղաքաշինության դոկտոր Մարիամ Խաչատրյանը կարծում է, որ երբ խոսում են մետրոյի զարգացման ծրագրի մասին, պետք է նախ հասկանալ՝ ո՞րն է ավելի ճիշտ՝ նոր կայարաններ բացե՞լը, թե՞ կանգառներն ավելի խտացնելը:
«Հիմա նայեք, մետրոն էֆեկտիվ չի աշխատում, կայարաններն իրարից հեռու են: Իսկ եթե կանգառները խտացվեն, ավելի արդյունավետ կաշխատի մետրոն: Որովհետև կանգառները եթե իրարից հեռու լինեն, մարդիկ կնախընտրեն երթուղայիններն ու ավտոբուսները: 500 միլիոնով 3-5 կանգառ կարող են սարքել ու մի կայարան, ասենք, Աջափնյակում: Մենք նաև մոդեռնիզացիայի խնդիր ունենք: Վերգետնյա մեկ կանգառը մեզ մոտ արժե 70-80 միլիոն, քանի որ պետք է սպասարկման սրահներ սարքեն, մոդեռնիզացիայի ժամանակ արդեն սպասարկման սենյակներ պետք չեն:
Կարող են ստորգետնյա սենյակներ կառուցել, կամ եթե կամուրջ սարքեն, 3-4 սենյակ կարող են սարքել: Եթե դա արվի, ապա նոր կանգառների բացումը կես գնով կլինի: Խնդիրն այն է, որ մետրոն առանց կայանելու է գնում: Հիմա, ասենք, ես «Զորավար Անդրանիկ» կայարանից գնում եմ Շենգավիթ: Տեղեր կան, որ վերգետնյա է գնում: «Փեթակի» կողքով անցնում է, այդտեղ կանգառ էր պետք, թե չէ մարդն այդ պատճառով երթուղային տրանսպորտ է նստում»,- մեզ հետ զրույցում ասաց Մարիամ Խաչատրյանը:
Ճարտարապետ Հակոբ Մանսուրյանի կարծիքով՝ քաղաքի բոլոր համայնքները պետք է մետրոյի հասանելիություն ունենան:
«Ինժեներական մասով պարզ է, այստեղ երևի նման փորձառու մասնագետներ չունենք, բայց կայարանի տեսքի առումով կարելի էր մրցույթ հայտարարել, որ այդ բաժինը հայաստանյան ճարտարապետներն անեին: Ինչ վերաբերում է կանգառները խտացնելուն, այդ առումով համաձայն չեմ, ավելի լավ է՝ ցրված լինի, ամեն համայնք մեկ կայարան ունենա, օրինակ, Մալաթիա-Սեբաստիան, Էրեբունին, Նուբարաշենը: Դա նախ թույլ է տալիս քաղաքն իրար կապող մետրոյի ցանց ունենալ, իսկ քաղաքային տրանսպորտը՝ ավտոբուս, երթուղային, աշխատում է ըստ մետրոյի կայարանների: Օրինակ՝ Մալաթիա-Սեբաստիայից գնում ես Էրեբունի, ու այնտեղից նոր նստում ես երթուղային՝ Էրեբունու որևէ փողոց հասնելու համար: Ու քաղաքային տրանսպորտն էլ չի պտտվում ամբողջ քաղաքով»,- նշեց ճարտարապետը: