
Դպրոցի ղեկավարի դերը պատուհան փոխելն ու ցանկապատ կառուցելը չէ. Ժաննա Անդրեասյան

Հայաստանում «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով դպրոցի կառավարման գործընթացը բաժանված է լինելու երկու հիմնական մասի՝ ուսումնական և վարչատնտեսական։ Ներկայում այս երկու ուղղությունն էլ ղեկավարում է դպրոցի տնօրենը: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշեց, որ թյուրըմբռնում կա այն մասին, թե դպրոցն ունենալու է երկու տնօրեն:
«Ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, դպրոցը չի ունենալու երկու տնօրեն: Դպրոցն ունենալու է մեկ տնօրեն, որը զբաղվելու է բովանդակային հարցերով: Պարզապես մենք նախատեսում ենք մեխանիզմ, որով գույքի կառավարման, վարչատնտեսական ղեկավարման հարցերն այլևս դպրոցի տնօրենի կողմից չեն կարգավորվելու: Չենք կարծում, որ դպրոցի տնօրենի գործը շենքի պահպանմամբ զբաղվելն է: Եթե դուք նայեք դպրոցի տնօրենների ներկայացրած զարգացման ծրագրերին, ապա ձեզ կթվա, թե շինարարության ծրագրեր եք կարդում: Մեր հավակնորդները գրում են՝ ես կկառուցեմ ցանկապատ, ես կփոխեմ պատուհանները և այլն: Գրեթե որևէ խոսք չեք գտնի, որը կվերաբերի կրթության կազմակերպմանը: Մենք չենք ընտրում մարդու, որը կգնա ու դպրոցի պատուհանը կփոխի. դա չէ դպրոցի ղեկավարի դերը»,-ասաց Ժաննա Անդրեասյանը:
Նախարարի տեղակալն ընդգծեց, որ պետությունը հսկայական միջոցներ է դնում, որ դպրոցի ենթակառուցվածքները բարելավվեն, բերվեն պատշաճ տեսքի, ապահովվեն նվազագույն պայմանները: Դպրոցի տնօրենից պահանջ պետք է լինի կրթության որակի մասով: Դպրոցի տնօրենն ընտրելու է ուսուցչական թիմին, մանկավարժական կոլեկտիվին: