Լինելով ՀՀ-ի ռազմավարական դաշնակիցը՝ Ռուսաստանը Ադրբեջանի թշնամին չէ․ Փաշինյան

«Հայաստանը, չեմ կարծում, թե կդիտարկի ՀԱՊԿ-ից դուրս գալու հանգամանքը, որովհետև, ուզում եմ ընդգծել, որ ՀԱՊԿ-ը ոչ միայն բազմակողմ, այլև ՌԴ հետ մեր ռազմավարական հարաբերությունների շատ կարևոր խողովակ և հարթակ է»,- այսօր հրավիրած առցանց ասուլիսում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նաև հավելեց, որ  Հայաստանը՝ որպես նախագահող երկիր,  պետք է աշխատի, որ ՀԱՊԿ-ը պատշաճ մասնակցություն ունենա տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում։

Նիկոլ Փաշինյանն այս համատեքստում, սակայն, կարևորեց նաև մի քանի փաստերի արձանագրում, որոնց, ըստ նրա, պետք չէ քննադատաբար մոտենալ, այլ ուղղակի ճանաչել․ «Օրինակ, ՀԱՊԿ երկրներից մի քանիսը վերջերս Թուրքիայի և Ադրբեջանի հետ, ըստ էության, թուրքական աշխարհի հռչակագիր, ռազմավարություն ստորագրեցին։ Տեղյակ եք, որ «Թյուրքալեզու երկրների կազմակերպությունը» վերանվանվեց «Թուրքական պետությունների, երկրների կազմակերպություն»․ սա իրողություն է, որը չի կարող համատեքստի վրա չազդել։

Հաջորդ իրողությունը հետևյալն է, որ ՌԴ-ն ՀՀ ռազմավարական գործընկերն է, և այդ գործընկերությունն անգնահատելի է։  Ես էլի ուզում եմ ընդգծել,  որ չափազանց բարձր եմ գնահատում ՌԴ դերը Հայաստանի անվտանգության ապահովման գործում և մեր գործընկերությունը, ուզում եմ  ընդգծել, որ բարձր եմ գնահատում ռուս խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում։

Եվ նաև՝ պիտի արձանագրենք, որ լինելով ՀՀ ռազմավարական դաշնակիցը, ՌԴ-ն, այնուամենայնիվ, Ադրբեջանի թշնամին չէ․ ՌԴ-ն դաշնակից և բարեկամ երկիր է նաև Ադրբեջանի համար, և սա է պատճառը, որ Ռուսաստանը փորձում է ոչ թե ուժային գործողություններով ինչ-որ լուծումներ գտնել կամ ներքաշվել ինչ-որ հակամարտության մեջ․․․ Իմիջիայլոց, մենք էլ չենք ուզում, որ ՀԱՊԿ երկրներից որևէ մեկը հակամարտության մեջ ներքաշվի Ադրբեջանի հետ․ մենք ուզում ենք, որ մեր դաշնակիցները և մեր գործընկերները օգտագործեն քաղաքական լծակները՝ մեր համատեղ փոխադարձաբար ճանաչված իրավունքները պաշտպանելու համար։

Մյուս կողմից, ես ասում եմ՝  Հայաստանն ինքն իրեն չի սահմանափակելու այս օրակարգը հետապնդելու համար միջազգային ամենատարբեր ատյաններում և օղակներում։

Եվ տեսեք, փորձ է արվում հակադրել՝ Բրյուսելի հանդիպում-Սոչիի հանդիպում․ այդ հանդիպումների մեջ չկա որևէ հակադրություն կամ հակասություն, որովհետև մենք չենք կարող հրաժարվել  մեր որևէ գործընկերոջ առաջարկից»։

Տեսանյութեր

Լրահոս