Ո՞նց կարող է 12 հոգի սպեց-ի ծառայող զենքը դնի, չոքի, հանձնվի. ուրեմն թող պագոնները դնեն, բերդում նստեն. Բորիս Ավագյան

Երեկ գնդապետ Բորիս Ավագյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ նոյեմբերի 26-ին Սոչիում կայանալու է Փաշինյան-Պուտին-Ալիև հերթական հանդիպումը։

Այսօր ՏԱՍՍ գործակալությունը հաստատեց տեղեկությունը՝ գրելով, որ Փաշինյանի, Պուտինի ու Ալիևի մասնակցությամբ Սոչիում բանակցություններ տեղի կունենան, իսկ ավելի ուշ Հայաստանի վարչապետի աշխատակազմը հաստատեց, որ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է նոյեմբերի 26-ին Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպմանը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ:

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում գնդապետ Բորիս Ավագյանը, անդրադառնալով Սոչիում սպասվող եռակողմ հանդիպմանը, նշեց, որ սա դեկտեմբերի 15-ին ընդառաջ Փաշինյան-Ալիև երկկողմ ձևաչափով հանդիպման օրակարգային հարցերը ևս մեկ անգամ հստակեցնելուն ու ընդգծելուն միտված հանդիպում է։

«Նոյեմբերի 26-ին կայանալիք հանդիպման օրակարգում դրված է սահմանների սահմանագծման և սահմանազատման թեման»,- ասաց Ավագյանը՝ նշելով, որ ռուսական կողմի համար աներկբա է մեկ բան՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները հնարավորինս արագ պետք է լինեն հստակեցված, որպեսզի սահմանագծի վրա պարբերաբար ադրբեջանական զինված ուժերի հարձակումների ու սադրանքների դեպքում հստակ լինի, որ Ադրբեջանն է անցել սահմանն ու դիմել հարձակման։

Ավագյանի խոսքով՝ դա է պահանջում նաև միջազգային հանրությունը, որը հայկական կողմի առաջ հարց է դնում՝ իսկ ո՞րն է այն իրավական հիմքը, որով հայտարարում եք, որ ադրբեջանական կողմը մտել է հայկական տարածք։

Ըստ Ավագյանի՝ այն, որ Նիկոլ Փաշինյանի համաձայնության ներքո ադրբեջանական կողմը եկել և անցակետեր է դրել Գորիս-Կապան ճանապարհի 21-րդ կմ-ի վրա, արդեն իսկ նշանակում է, որ Փաշինյանը հիմք է ընդունել ինչ-որ քարտեզ, իսկ թե ո՞րն է այն, մեր զրուցակցի կարծիքով, Փաշինյանը պարտավոր է հանրությանը ներկայացնել։

«Եթե Փաշինյանը թույլ է տվել Կապանի օդանավակայանից 50 կմ–ի վրա ադրբեջանական զորքին տեղակայվել, եթե նա Գորիս-Կապանի 21 կմ-ն համարել է Ադրբեջան, դա նշանակում է՝ ինչ-որ քարտեզով է այդ ամենն անում։ Այստեղ անհրաժեշտ է, որ Փաշինյանը հանրությանը բացահայտի, թե ի՞նչ է ստորագրում Հայաստանի Հանրապետության ժողովրդի անունից»,- ասաց Ավագյանը։

Խոսելով Ադրբեջանում պահվող հայ գերիների մասին՝ Ավագյանը նշեց, որ իրեն հայտնի չէ Կառավարության կազմում որևէ մեկը, որը պատերազմից հետո զբաղվում է գերիների վերադարձի խնդրով։

«Օրերս գերիների ծնողներին տեսա Կառավարության շենքի մոտ, դժգոհում էին, ուզում էին ինչ-որ մեկից տեղեկություն ստանալ, իսկ թե ով է այդ խնդրով զբաղվում, ես տեղյակ չեմ»,- ասաց Ավագյանը։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե դեռ պետք է զինվորական կանոնակարգերով պարզել, թե ինչ հանգամանքներում են մեր զինվորները գերի ընկել, թե «զինվորական կանոնագրերը սահմանում են՝ որ դեպքում գերի ընկնելը չի համարվում հանցագործություն», Բորիս Ավագյանն ընդգծեց՝ այս հարցում պետք է տարանջատել 44-օրյա պատերազմի ընթացքում և նոյեմբերի 16-ին գերի ընկածների գերեվարվելու հանգամանքները։

Ըստ նրա՝ ի տարբերություն 44-օրյա պատերազմի ժամանակ գերի ընկածներին, որոնք հիմնականում ՄՈԲ-ի տղաներ էին, նոյեմբերի 16-ին գերի են ընկել պայմանագրային զինծառայողներ։

«Որքանով տեղյակ եմ, նոյեմբերի 16-ին գերի է ընկել 13 հոգի։ Ես հաշվում եմ, որ նոյեմբերի 16-ին գերի ընկած տղաները իրավունք չունեին հանձնվելու. 12 հոգով կարելի էր շաբաթով դիրք պահել, ինչո՞ւ են հանձնվել, գերի ընկել ու ծնկի եկել։ Այդ 12 հոգին սպեց-ի ծառայող են եղել, ո՞նց է սպեց-ի ծառայողը չոքում ու հանձնվում, դրա իրավունքն ունի՞, եթե այդպես էր, ուրեմն թող իրենց պագոնները հանեն ու գնան բերդում նստեն։ Կրկնում եմ՝ եթե իրենց ասում են՝ մի՛ կրակի, այդ դեպքում, թող զենքը հանձնեն ու հրամանը չկատարելու համար նստեն բերդում, որովհետև եթե դու պետք է հրաման կատարես ու գերի ընկնես, այդ դեպքում մի կատարի այդ հրամանն ու արի դատվի, արի ասա՝ ձեր հրամանը չեմ կատարել, ինձ դատեք»,- ասաց Ավագյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս