«Շանգրիլա» խաղատան լիցենզիան կամաց-կամաց վերականգնվում է. Պայմանավորվածություն-2.6 միլիարդ դրամը մոտ է ջրվելուն

2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններից ամիսներ առաջ՝ ապրիլ ամսին, 168.am-ը գրել էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի և Նիկոլ Փաշինյանի միջև կայացած քաղաքական-տնտեսական պայմանավորվածության մասին։

Հենց այս քաղաքական-տնտեսական պայմանավորվածության արդյունքում էր, որ Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ քաղաքական խաղից, դադարեց պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականն ու արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցության իմիտացիա ստեղծելով՝ իր ողջ թիմով դուրս մղվեց խորհրդարանից։

Տնտեսական պայմանավորվածության առաջին պտուղները Գագիկ Ծառուկյանը վայելեց ընտրություններից առաջ, երբ գործադիրը չզեկուցվող հարցով փոխեց ցեմենտի հումքի՝ կլինկերի վրա մաքսատուրք չսահմանելու մասին 2019 թվականի Կառավարության որոշումը, որն առաջացրել էր Գագիկ Ծառուկյանի ու «ԱրարատՑեմենտի» աշխատակիցների դժգոհությունն ու գործարանում գործադուլների պատճառ էր դարձել։

Գագիկ Ծառուկյանը կարողացավ իշխանությունների հետ գնալ քաղաքական-տնտեսական պայմանավորվածության, որպեսզի ընդունվի այնպիսի որոշում, որը կսահմանափակի իրանական էժան հումքի՝ կլինկերի ներմուծումը ու կնպաստի տեղական արտադրությանը: «ԱրարատՑեմենտը» հանրապետությունում ցեմենտ արտադրող ամենամեծ ընկերությունն է, բնականաբար, ենթադրելի է, որ Կառավարության ընդունած որոշման դրական ազդեցությունն ամենաշատը զգացել է հենց «ԱրարատՑեմենտ» գործարանը։

Տնտեսական 2-րդ պայմանավորվածությունը վերաբերում է 2019 թվականից լիցենզիայից զրկված «Շանգրիլա» խաղատանը։

Այս խաղատան լիցենզիան երկու տարի առաջ Ֆինանսների նախարարությունն ուժը կորցրած էր ճանաչել՝ հիմնավորելով, որ ընկերությունը մինչև 2018 թվականի հունիսը չի վճարել ընկերությանը դեռ 2014-ին նախարարության տված լիցենզիայի համար՝ պետական տուրքի տարեկան գումարի 25 տոկոսը՝ 2 միլիարդ 929 միլիոն դրամը։

Ընկերությունը դատի էր տվել Ֆինանսների նախարարությանը. այս պահի դրությամբ առկա դատական ակտով Վարչական դատարանը բավարարել է «Օնիրա Քլաբի» հայցն ու լիցենզիայից զրկելու մասին որոշումը ճանաչել անվավեր։

Ֆինանսների նախարարությունը չի հանձնվել ու վերաքննիչ բողոք է ներկայացրել. դատական նիստը նշանակվել է 2022 թվականի հունվարի 20-ին։

«Օնիրա Քլաբը» դատական հայցեր ունի նաև Պետական եկամուտների կոմիտեի դեմ. առ այս պահը դրանք ևս բավարարվել են, և դատարանն անվավեր է ճանաչել ՊԵԿ-ի սահմանած մոտ 6 միլիարդ դրամի պարտավորությունները։

Իհարկե, ինչպես Ֆինանսերի նախարարությունը, այնպես էլ Պետական եկամուտների կոմիտեն, վերաքննիչ բողոք է ներկայացրել, որն ընդունվել է վարույթ։

Թե ինչ որոշումներ կկայացվեն վերաքննիչում, պարզ կդառնա ոչ հեռու ապագայում, երբ ավարտվեն վերաքննիչ ատյանում երկու բողոքի քննությունները, սակայն այն, որ առ այս պահը և՛ Ֆինանսների նախարարությունը, և՛ ՊԵԿ-ը պարտվում են Գագիկ Ծառուկյանին, արդեն լուրջ հիմք են տալիս ենթադրելու, որ դեռ ընտրություններից առաջ Փաշինյան-Ծառուկյան տնտեսական պայմանավորավածություններ են եղել, և Գագիկ Ծառուկյանն էլ որոշում է կայացրել հանուն դրանց իր համար փակել քաղաքականության էջը։

Տեսանյութեր

Լրահոս