Հովիկ Չարխչյանը նոր գրքով լույս է սփռել Եղիշե Չարենցի և Արմենուհի Տիգրանյանի սիրո պատմության վրա
Արձակագիր Հովիկ Չարխչյանը «Չարենց և Արմենուհի. սիրախաղ կրակի հետ» գրքում ներկայացնում է Եղիշե Չարենցի և բանաստեղծուհի Արﬔնուհի Տիգրանյանի սիրո առավել ամբողջական պատմությունը նորահայտ վավերագրերի ու մինչ օրս անհայտ փաստերի հիման վրա:
Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ նոյեմբերի 19-ին «Դարան» գրախանութում:
Չարխչյանը փաստում է, որ Չարենցի և Տիգրանյանի հարաբերությունների մասին իրականում շատ քիչ է գրվել: Գրողը հիշում է, որ 2013-ին փորձել է անդրադառնալ թեմային, սակայն միայն երկու կամ երեք էջ է կարողացել գրել, քանի որ նյութեր գրեթե չեն եղել: «Արդեն ազարտ էր որոնել այն, ինչը գոյություն չունի և բեկոր առ բեկոր հավաքել այդ պատմությունն ու այն դարձնել ամբողջական փաստագրություն և՛ նրա համար, որ Չարենցի կենսագրության այդ սպիտակ էջը լրացվի, և՛ իբրև սիրո գեղեցիկ պատմություն, որը կարելի է գեղարվեստորեն մատուցել ընթերցողներին»,-շեշտում է նա:
Չարխչյանը Տիգրանյանին վերաբերող նյութերի մեծ մասը գտել է Վրաստանի, Եվրոպայի, ԱՄՆ-ի տարբեր արխիվներից, որտեղ բանաստեղծուհին անցկացրել է կյանքի մեծ մասը: Բոլոր հնարավոր աղբյուրները, որոնցից օգտվել է, Հայաստանում չկան մի պարզ պատճառով. Արմենուհի Տիգրանյանը ժամանակին համարվել է դաշնակցությանը հարող բանաստեղծուհի և 70 տարի Հայաստանում արգելված գրող է համարվել: Հայաստանում երբևէ Արմենուհի Տիգրանյանի որևէ գիրք չի տպագրվել, ինչը խոսում է նրա անձի նկատմամբ վերապահ վերաբերմունքի մասին:
Գրքով գրողը փորձել է վերադարձնել ոչ միայն Չարենցի կենսագրության բաց էջը, այլև ընթերցողներին հիշեցնել, որ ունեցել ենք հրաշալի բանաստեղծուհի, որի գործերը պետք է վերհիշել:
Խոսելով Չարենցի մասին՝ Չարխչյանը նշում է, որ ընթերցողները գրքում կգտնեն բազմաթիվ վավերագրեր, արխիվային փաստաթղթեր, բանաստեղծություններ, որոնք հրատարակվում են առաջին անգամ: «Գիրքն իր ամբողջ բովանդակությամբ նորությունների շղթա է, բայց ինձ համար էականը միայն էջեր բացահայտելը չէր, այլ գեղեցիկ և ողբերգական սիրո պատմությունը ներկայացնելը: Եթե մենք վերանանք հերոսներին անձնավորելուց, կտեսնենք, որ պատմությունն ինքնին գրավիչ է ու, կարծում եմ, ընթերցողներին կհուզի»,-շեշտում է արձակագիրը:
Ըստ Չարխչյանի՝ Եղիշե Չարենցի և Արմենուհի Տիգրանյանի սիրո լավագույն անդրադարձը Չարենցի բանաստեղծությունների շարքերն են՝ «Էմալե պրոֆիլը ձեր», «Գալանտ երգեր», որոնք արիստոկրատիկ շեշտադրումներ ունեն: «Նրանց հարաբերություններում կան որոշակի ասպետականության շեշտեր: Պատմության մեջ կտեսնեք Չարենցի ասպետական դրսևորումների բազմաթիվ օրինակներ ոչ միայն Արմենուհու նկատմամբ, այլև շատ այլ անձանց, որոնք հանգամանքների բերումով կարող էին նաև հայտնված լինել խրամատի մյուս կողմում, բայց Չարենցի համար չկան բաժանարար գծեր, և մարդկային հարաբերությունները վեր են ամեն կարգի գաղափարական, քաղաքական տարաձայություններից»,-ընդգծում է Հովիկ Չարխչյանը: