Բրդուճ՝ Հայաստանի դիմաց
Քսանմեկերորդ դարում, երբ անգամ առևտրային ընկերություններն իրենց արբանյակների միջոցով տեղեկացված են մարդկանց շապիկի կոճակի գույնի մասին, «միջազգային հանրությունը» հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող ցանկացած միջադեպից հետո կողմերի միջև հավասարության նշան է դնում՝ «երկու կողմերին կոչ անելով դադարեցնել ռազմական գործողությունները, հռետորաբանությունը, և այլն և այլն»։
Այսինքն՝ Ադրբեջանը, ինչպես ընդունված է ասել, «ֆորա» ունի միջազգային հանրության կողմից և ամեն անգամ Հայաստանի դեմ հարձակվելուց հետո նրանից ստանում է Հայաստանին հավասարապես դատապարտող հայտարարություններ։ Սա այն է, ինչ կոչվում է աշխարհաքաղաքականություն, և սա նշանակում է, որ այս հակամարտության մեջ աշխարհն Ադրբեջանի կողմից է։
Բայց ինչպես բնության մեջ, այնպես էլ ու առավելապես քաղաքականության ասպարեզում, ոչինչ հենց այնպես չի լինում, և աշխարհի ադրբեջանամետությունն ունի իր պատճառները, որոնց թվում, բացի մի շարք օբյեկտիվ գործոններից, կան նաև բազմաթիվ սուբյեկտիվ հանգամանքներ։ Իսկ դրանց ընդհանրությունն այն է, որ աշխարհին ադրբեջանամետ է դարձրել ոչ միայն Ադրբեջանը՝ սեփական քաղաքականությամբ ու միլիարդավոր դոլարներով, այլ նաև Հայաստանը՝ իր իշխանությունների անխոհեմ գործողություններով, ավելի հաճախ՝ դրանց բացակայությամբ։
Այդպես է լինում, երբ արտաքին քաղաքականությունը վարվում է Իջևանի գործկոմի քարտուղարից գողացած անասնակերի փաստը չհրապարակելու դիմաց պերերիվի փող պոկելու տրամաբանությամբ։ Աշխարհը, ինչպես գործկոմի քարտուղարը, տալիս է պերերիվի փողը, բայց մինչ իրեն, նաև աշխարհին խաբող համարողը ծամում է հերթական բրդուճը, աշխարհը երկրից տանում է այն, ինչ հնարավոր չէր լինի ստանալ անգամ ամենագունեղ երազում։
Աշխարհի երկակիությունը այսօրվա խնդիր չէ, իհարկե։ Նույնը հաճախ տեղի էր ունենում նաև արցախաադրբեջանական շփման գծում կատարվող իրադարձություններից հետո, երբ կրկին ակնհայտ ադրբեջանական սադրանքին հաջորդում էր կողմերին ուղղված հավասարազոր դատապարտումն ու կոչը։ Բայց քանի որ այն ժամանակ Հայաստանը, այդուհանդերձ, իշխանություն ուներ, կարողացել էր հասնել հրադադարի խախտման միջադեպերի մշտադիտարկում ու հետաքննություն նախատեսող Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին, որոնք, սակայն, ամեն ինչ սեփական զրոյական կետից սկսողի կողմից նետվեցին Դուշանբեի վերելակի աղբամանը՝ Ալիևի հետ համատեղ ճմրթելուց հետո։
Հենց այդ՝ Ալիևի հետ վերելակային առանձնացման արդյունքում Հայաստանը գործնականում առանձնացավ աշխարհից՝ գեղարվեստորեն հաճելի վճռական մենակի փոխարեն՝ վերածվելով պետականորեն տրորվող կամազուրկ իզգոյի, որի հետ վարվում են սեփական մունդռիկության բերումով փողոցային հալածանքի ենթարկվող անընկեր երեխայի հանգույն։
Միջազգային հանրությունը, սովորության համաձայն ու սեփական շահերի բերումով, շարունակելու է Հայաստանի նկատմամբ երկակի ստանդարտների քաղաքականությունն այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում լրջագույն քաղաքական հարցերի վերաբերյալ որոշումները կայացվում են մունդռիկության կանխավարկածով՝ քաղաքավարությունից ելնելով դիվանագիտական ժպիտներն ու հայհոյանքի բացակայությունը ընկալելով՝ որպես սեփական խորամանկության արտահայտություն։ Կարևորը, սակայն, բրդուճի փողն է, որը աշխարհը, անկախ ամեն ինչից, տալիս է։ Որպես Հայաստանի հետ կատարվողի դիմաց թեյավճար։
Հարություն Ավետիսյան