«Իմ գլխում չի տեղավորվում այն միտքը, որ հայը կարող է իր հայրենիքից հատվածներ հանձնել թշնամուն». Նաիրի Սահյան

Հայ մեծանուն բանաստեղծ Համո Սահյանի որդու՝ Նաիրի Սահյանի խոսքով՝ այն, ինչ այսօր կատարվում է Սյունիքի մարզում՝ առհասարակ տրամաբանական չէ․  խախտվել են մի շարք միջազգային օրենքներ, քանի որ թշնամին ապօրինի գտնվում է ՀՀ սուվերեն տարածքում։

«Լինի Սյունիքը թե ՀՀ այլ մարզ, պետք է հասկանալ, որ սա սուվերեն պետություն է, և խախտել սահմանը, նշանակում է՝ պատերազմ հայտարարել։ Պատերազմը նոր է ավարտվել, հիմա ի՞նչ են ուզում, այսինքն՝ սա 1915 թվականի կրկնությունն է այս ձևով։ Ինչո՞ւ է աշխարհը լռում, որովհետև աշխարհն էլ է կեղտոտ Թուրքիայի նման»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Նաիրի Սահյանը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք մանկապարտեզների ու նախակրթարանների վերաբերյալ արած հայտարարությանը, թե իր իշխանությանը մեղադրում են Սյունիքը մաս-մաս հանձնելու մեջ, մինչդեռ Սյունիքը հանձնել են մինչև 2018 թվականը, երբ 100 երեխայից 4-ն է հնարավորություն ունեցել գնալ մանկապարտեզ և նախակրթարան, Նաիրի Սահյանը նկատեց՝ չի կարողանում պատկերացնել մեկ հայ, որը կհանձնի հայրենիքը, լինի Սյունիքը թե այլ հատված։

«Այն, ինչ այսօր կատարվում է, ինձ համար անհասկանալի է, ես չգիտեմ՝ սա մտածվա՞ծ քայլ է, թե՞ ոչ, բայց իմ գլխում չի տեղավորվում այն միտքը, որ հայը կարող է իր հայրենիքից հատվածներ հանձնել թշնամուն։ Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը պարզապես քաղաքական քայլ է։ Գուցե Նիկոլ Փաշինյանը «սիրում» է իր ժողովրդին և ուզում է մի բան անել»,- շեշտեց նա։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի մեկ այլ հայտարարության, որ ադրբեջանական կողմը Որոտանի հատվածում անցակետը ՀՀ տարածքում չի դրել, այլ Ադրբեջանի, մեր զրուցակիցը նշեց.

«Թող բոլոր քարտեզները տպեն ու հրապարակեն, տեսնենք՝ ում տարածքում է։ Ասում են՝ երկրում ամեն ինչ ժողովուրդն է որոշում, այո՛, պետք է ժողովուրդը որոշի։ Դրանք մեր տարածքներն են, ամեն մի մետրի վրա մեր պապերի արյունն ու քրտինքն է, այդ հողը հենց այնպես չի ստեղծվել։ Ի՞նչ է նշանակում՝ իշխանություն, մինչև այսօր չհասկացան, որ իշխանություն ունենալը նշանակում է՝ այն ժողովրդին ծառայեցնել։ Ստանձնում են իշխանությունը, և վաղը ոտքերը կարծես թե ամպոտ լինի, ու մոռանում են, այսպես չի լինի»։

Նշենք, որ նոյեմբերի 11-ին Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաքի ժամանակ հայտարարել է, թե իրենց ասում են, որ Սյունիքը մաս-մաս հանձնում են։

«Եկեք նայենք, թե որն է Սյունիքի հանձնման բանաձևը: 2018 թվականի դրությամբ Սյունիքի մարզի նախադպրոցական տարիքի երեխաների 4 տոկոսն է ունեցել հասանելիություն մանկապարտեզների և նախադպրոցական հիմնարկների։ Դուք պատկերացնո՞ւմ եք, 100 երեխաներից միայն 4-ն է հնարավորություն ունեցել գնալ մանկապարտեզ 2018 թվականի դրությամբ։ Էս է Սյունիքի մարզի հանձնելը, երբ Սյունիքում մինչև 100 երեխա ունեցող աշակերտների թվով Սյունիքը բացարձակ առաջատար էր 2018 թվականի դրությամբ։ Այսինքն՝ հասկանալի է, չէ՞, ինչի մասին է խոսքը՝ մինչև 10, 20 աշակերտ ունեցող երեխաների թվով Սյունիքը ՀՀ-ում եղել է բացարձակ առաջատար։ Մենք Կառավարությունում խոսում էինք, որ Սյունիքի միայն մեկ համայնքում բոլոր երեխաներին կրթական պրոցեսում ներգրավելու համար կառավարությունը 9 մլրդ դրամ հատկացում է  անելու, ՀՀ պատմության մեջ նման դեպք չի եղել»։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին Հանրային հեռուստաընկերության եթերում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ ադրբեջանական կողմը հայկական կողմին տեղեկացրել է՝ այսօրվանից՝ գիշերը 12-ից սկսած՝ Գորիս-Կապան ճանապարհի հատվածում կիրականացնի սահմանային և մաքսային հսկողության գործառույթ, այսինքն՝ մաքսակետեր կտեղադրի։

Հիշեցնենք նաև՝ նոյեմբերի 11-ին Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խնդրի առնչությամբ ասել էր. «Հիմա այն մասին, թե ինչպես է պետք վերաբերվել Ադրբեջանի կայացրած որոշմանը։ Շահարկումներից խուսափելու համար պետք է հիշեցնեմ և ձեր ուշադրությունը հրավիրեմ այն փաստի վրա, որ ադրբեջանական անցակետը չի գտնվում ՀՀ տարածքում, խոսքն Էյվազլիի հատվածի մասին է։ Հիմա կարող է այլ հարց ծագել, իսկ հնարավոր չէ՞ր բանակցել, որ այդ ճանապարհին ՀՀ քաղաքացիների և բեռների նկատմամբ որևէ սահմանային հսկողություն չիրականացվեր, հնարավոր էր, բայց դրա գինը լինելու էր «միջանցքային» տրամաբանությունը»։

Տեսանյութեր

Լրահոս