
Մարզպետարանից՝ ԱԻՆ. Գարիկ Սարգսյանի մորաքրոջ հարսը նոր գործի կանցնի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 8-ի որոշմամբ՝ Լիլիթ Միրզախանյանը նշանակվել է Արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր քարտուղար՝ 12 ամիս փորձաշրջանով։
Լիլիթ Միրզախանյանը մեզ հայտնի է Արարատի մարզպետարանից. նա Արարատի նախկին մարզպետ, կոկորդիլոսների հանդեպ հետաքրքրվածությամբ հայտնի Գարիկ Սարգսյանի մորաքրոջ հարսն է:
168.am-ն ավելի վաղ ներկայացրել էր Լ. Միրզախանյանի կարիերային աճը․ մասնավորապես՝ տեղեկացրել էինք, թե ինչպես է Գարիկ Սարգսյանը 1 րոպե ուշացումով արձագանքելու համար ազատման դիմում պահանջել աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Դերմոյանից և ապա նշանակել մորաքրոջ հարս Լիլիթին:
2020 թվականի դեկտեմբերի 11-ին Գարիկ Սարգսյանի՝ մարզպետի պաշտոնից հեռանալուց մեկ օր անց, Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ Արարատի մարզպետարանի գլխավոր քարտուղարի պաշտոնից ազատվեց նաև Լիլիթ Միրզախանյանը: Ու թեև դրանից հետո պատմությունը լռում էր նրա մասին. սակայն տեղեկացնենք, որ նա Գարիկ Սարգսյանի հետ պետությանը ծառայում էր արդեն Պետական գույքի կառավարման կոմիտեում, և գուցե այն պատճառով, որ շուտով Գարիկ Սարգսյանը պետք է լքի կոմիտեն՝ մասնակցելու ՏԻՄ ընտրություններին, Լիլիթ Միրզախանյանը հասցրել է նոր գործ գտնել՝ ստանձնելով ԱԻՆ գլխավոր քարտուղարի պարտականությունները:
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններ են սպասվում Արարատի մարզի Վեդի համայնքում: Այստեղ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն Արարատի նախկին մարզպետ, Պետական գույքի կառավարման կոմիտեի ներկայիս ղեկավար Գարիկ Սարգսյանն է: