Կոկորդիլոս բուծող հեղափոխական մարզպետը 1 րոպե ուշ պատասխանելու համար աշխատանքից ազատել է աշխատակազմի ղեկավարին և իր մորաքրոջ հարսին նշանակել

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի դեմ թվով 7-րդ հայցն է մտել դատարան։ Այս անգամ հեղափոխական մարզպետի որոշումը բողոքարկում է Արման Դերմոյանը, որին մարզպեը, ի վերջո, պաշտոնանկ արեց սկանդալային նկատողությունից հետո:

Հիշեցնենք, ավելի վաղ 168.am-ը գրել էր, որ Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարին Գարիկ Սարգսյանը պատժել է իր գրությանը 1 րոպե ուշացումով՝ 18:01-ին պատասխանելու համար. կանչել, ասել էր՝ հետդ չեմ ուզում աշխատել, հեռացիր:

Աշխատակազմի ղեկավար Արմեն Դերմոյանը պարզաբանում և գրավոր հիմնավորում էր պահանջել մարզպետից, որպեսզի իր քայլերի հաջորդականությունը հասկանա: Հոխորտացող մարզպետը դեմ առ դեմ հաշիվ պահանջողին այդպես էլ ի վիճակի չի եղել բացատրել, թե ինչ «կրիմինալ կա 1 րոպե ուշացումով «շեֆին» արձագանքելու մեջ»: Իսկ Դերմոյանը, հիշեցնենք, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալն էր, որի վրա էր դրված ղեկավարի պարտականությունները ՝ հաստիքը միտումնավոր թափուր պահելու պատճառով:

Մամուլում այս անհարկի նկատողությունը մեծ աղմուկ բարձրացրեց, Դերմոյանի նկատմամբ նշանակվեց ծառայողական քննություն:

Մարզպետարանի աշխատակիցները նկատում են՝ ծիծաղելի է, որ մարզպետն ուշացման համար պատժում է ենթակային, բայց ինքը նշանակվելուց հետո երբեք մարզպետարան առավոտյան 9:30-ից շուտ ոտք չի դնում: Մարզպետը 1 րոպեի համար տված հրամանով վախեցնում է ենթականերին՝ չիմանալով, որ պետական համակարգում ներդրված «մալբրի» (Mulberry) էլեկտրոնային կառավարման համակարգը թույլ է տալիս քաղծառայողին վերադասի գրությանը պատասխանել նաև 24 ժամվա ընթացքում:

Իսկ Դերմոյանի առաջին նկատողությունը, ըստ աշխատակիցների, «սարքած գործ է եղել, հանձնարարականից հետո զանգերով միջամտել են նրան՝ պլանավորված, որպեսզի նկատողության հիմքեր ստեղծեն ու հող պատրաստեն մարզպետի մտերմուհու համար»: Խոսքը մարզպետի մորաքրոջ հարսի՝ Լիլիթ Միրզախանյանի մասին է։ Ըստ մամուլի հրապարակումների, նրա կուրացիայի տակ է գործում ողջ մարզպետարանը, թեև նա ունի ընդամենը խորհրդականի կարգավիճակ: Բանն այն է, որ Լիլիթ Միրզախանյանը մարզպետի կատարյալ վստահորդն է համարվում, և հեղափոխությունից հետո համաձայնել է գալ մարզպետարան՝ աշխատակազմի ղեկավարի պաշտոնին նշանակվելու հեռանկարով, պարզապես չի հերիքել կառավարման տարիների փորձը: Ուստի, կոկորդիլոսների սիրահար մարզպետը այդ հաստիքը մտածված թափուր էր պահում մորաքրոջ հարսի համար:

Եվ ահա, Քաղծառայողի մասին օրենքի փոփոխությունից հետո միանգամից երկու բան տեղի ունեցավ՝ մի կողմից՝ փոփոխված չափանիշերով բաղձալի պաշտոնը հասանելի դարձավ Լիլիթ Միրզախանյանին, մյուս կողմից՝ մարզպետ Գարիկ Սարգսյանը փորփրեց և հիմքեր գտավ, որպեսզի Դերմոյանի ազատումով նվեր անի մորաքրոջ հարսին:

Լիլիթ Միրզախանյանը այլևս մարզպետարանի աշխատակազմի ղեկավարն է, իսկ Արման Դերմոյանը Արարատի և Վայոց ձերի ընդհանուր իրավասության դատարանում կվիճարկի մարզպետի ստորագրած ազատման հրամանը: Նա պահանջում է չեղարկել ազատման հրամանը, վերականգնել աշխատանքի և փոխհատուցել ապօրինի ազատման հետևանքով զրկված աշխատավարձի հանրագումարը:

Արման Դերմոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ 1 րոպեանոց ուշացման ծիծաղելի դեպքից հետո թեև ծառայողական քննությամբ հաստատվել էր իր կարգապահ աշխատանքը, միևնույն է, ինքը սպասում էր այս ազատման հրամանին: Իսկ որպես պատրվակ՝ ասում է՝ պնդել են, թե ԱԺ-ում հինգ ու կես տարի Փորձաքննության վերլուծական վարչությունում (նախկինում՝ Օրենսդրության վերլուծության վարչություն) աշխատելը բավարար հիմք չէ մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալը լինելու համար, հետևաբար՝ նախկին մարզպետ Արամայիս Գրիգորյանի նշանակումը ոչ օրինական է եղել: Մինչդեռ Դերմոյանի խոսքով՝ պաշտոնի անձնագրի հետ համապատասխանությունը ստուգվել է և իրեն՝ որպես քաղծառայողի, նշանակումն արվել է ԱԺ-ում ունեցած ստաժի հիմքի վրա:

Հիշեցնենք, Արարատի մարզում իբր հիմնադրվող կոկորդիլոսի բուծարանով հայտնի դարձած մարզպետը ժամանակ առ ժամանակ հայտնվում է տարբեր սկանդալային պատմություների կենտրոնում: Ամենահայտնի դեպքը, թերևս, 40 հա կաթիլային համակարգի մասին ոչ կոմպետենտ հայտարարությունն էր, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանը վրիպակ համարեց:

Հաջորդը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավին՝ Մասիսում գրանցված միջադեպն էր Նիկոլ Փաշինյան ելույթից հետո: Հիշեցնենք, մարզպետի տեղակալի ու վարորդի միջև ծեծկռտուք էր եղել, այս թեման ևս մամուլի հրապարակումներից հետո հասավ ոստիկանություն, սակայն լղոզվեց ու մոռացվեց արագ: Մյուս աղմկահարույց դեպքը մարզպետի մասնակցությամբ՝ միանգամից երեք մարզային բժշկական կենտրոնների (ԲԿ) պաշտոնանկ արված ղեկավարների դատական հայցերն էին ու Վեդու ԲԿ-ի ղեկավար Մ. Տալոյանին 5.6 մլն դրամ չփոխանցված վերջնահաշվարկի թեման:

Հիշեցնենք, նրանց բոլորին Գարիկ Սարգսյանի կողմից հարկադրված ազատման հրամաններն այսօր վիճարկվում են դատարանում, հարկադրանքի մասին հրապարակվեց մամուլում սակայն մարզպետի կուսակցության առաջնորդ, նրա կնքահայրը համարվող Նիկոլ Փաշինյանը երբեք չփորձեց անդրադառնալ դրան, ասում են՝ նույնիսկ նախատում չի եղել միայն այն բանի համար, որ Արարատի մարզպետը վարչապետի կուսակցության համար ընտրություններին բերել է 23 հազար ձայն:

Նշենք, որ հեղափոխությունից հետո և առաջ, պարզվում է, Գարիկ Սարգսյանն ինքն էլ ակտիվ ներգրավված է դատական հայցեր տալու գործընթացի մեջ: Իր որոշումները բողոքարկած ԲԿ-ների ղեկավարների դեմ հայցերից առաջ, պարզվում է, Գարիկ Սարգսյանը դեռ Նոր կյանքի գյուղապետ դարձած ժամանակ դատի է տվել իր մանկապարտեզի վարիչին:

 Սյուզի Բադոյան

Տեսանյութեր

Լրահոս