Մտածում եմ, որ պետք է իշխանափոխություն լինի. Վեդու համայնքապետ
Դեկտեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններ կլինեն Արարատի մարզի Վեդի համայնքում: Այստեղ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն Արարատի նախկին մարզպետ, Պետական գույքի կառավարման կոմիտեի ներկայիս ղեկավար Գարիկ Սարգսյանն է:
Նկատենք՝ Գարիկ Սարգսյանի մարզպետի կարգավիճակով պաշտոնավարումը հատկապես հիշարժան է, մասնավորապես, կոկորդիլոսաբուծարանի ստեղծման մասին հայտարարություններով, որի աշխատանքների մեկնարկի ու ավարտի մասին, սակայն, պատմությունը լռում է:
168.am-ը Վեդու գործող համայնքապետ Վարուժան Բարսեղյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ կարծիք ունի Գարիկ Սարգսյանի առաջադրման վերաբերյալ և արդյո՞ք առաջադրվելու է ՏԻՄ ընտրություններում:
«Ես չեմ առաջադրվում և գնահատականներ էլ չունեմ. ժամանակը ցույց կտա, ընտրությունների արդյունքները ցույց կտան»,- ի պատասխան՝ նշեց Վեդի համայնքի ղեկավարը:
Նա հավելեց նաև, որ շարունակում է մնալ իր ընդդիմադիր սկզբունքներին հավատարիմ:
«Ես սիրում եմ իմ երկիրը, իմ ժողովրդին, իմ հայրենիքը, իմ պետությունը և մտածում եմ, որ պետք է իշխանափոխություն լինի, որպեսզի մեր երկիրն ավելի շատ զարգացման հեռանկարներ ունենա. մեր եղած ռեսուրսը բավարար չէ դա անելու համար:
Ես ոչ թե ինչ-որ դժգոհություն եմ արտահայտում, այլ իրական տրամաբանություն եմ տեսնում այդ ամեն ինչում»,- ասաց Վարուժան Բարսեղյանը:
Հիշեցնենք՝ պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին միացել են Հայաստանի մի շարք համայնքների ղեկավարներ, որոնց թվում էր նաև Վեդի համայնքի գործող ղեկավար Վարուժան Բարսեղյանը: