Շանսերը գնալով փոքրանում են. կառավարությունը բարդ ընտրանքի առաջ է
Հայաստանի տնտեսությունը չափազանց դանդաղ է դուրս գալիս ճգնաժամից։ Թեև որոշ աճ կա, այնուհանդերձ աճի տեմպն ավելի ցածր է, քան նախորդ տարվա անկումը։
Դա էլ քիչ է, վերջին շրջանում ռիսկերն են ավելացել. ահագնանում է համավարակը։
Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ կառավարությունը չի գնա տնտեսությունը կրկին փակելու ճանապարհով։
Մտահոգությունները, իհարկե, հասկանալի են՝ լոքդաունը կարող է ընդհանրապես սրբել-տանել այն ցածր տնտեսական աճն էլ, որը կա։ Բայց սա չի նշանակում, թե հնարավոր կլինի ընդհանրապես խուսափել սահմանափակումներ կիրառելուց։
Այդպիսի սահմանափակումներ արդեն իսկ կիրառվում են ուսումնական հաստատությունների նկատմամբ։ Մասնավորապես՝ երկարացվել են դպրոցական արձակուրդները։ Առայժմ՝ 1 շաբաթով, բայց արդեն խոսվում է այն կրկին երկարացնելու մասին։
Հեռակա ուսուցման են անցել բուհերը։
Կարող է թվալ, թե ուսումնական պրոցեսում իրականացվող այս սահմանափակումներն ազդեցություն չունեն տնտեսության վրա։ Բայց այդպես չէ։ Գուցե՝ ոչ շատ մեծ, սակայն ազդեցությունները կան, ու որքան երկար ձգվի այդ պրոցեսը, այնքան ազդեցություններն ավելի շատ կլինեն։
Դեռ հարց է, կհաջողվի՞ խուսափել այլ սահմանափակումներ ևս կիրառելուց։
Չնայած առանց սահմանափակումների էլ համավարակի ընդլայնումն ազդում է տնտեսության վրա։ Այդ ազդեցությունն ուղղակի է հատկապես ծառայությունների դեպքում։ Հոկտեմբերի 29-ից Հայաստանը շատ բարձր ռիսկի գոտում գտնվող երկրների շարքին է դասվում։ Իսկ դա անուղղակիորեն ազդում է երկրի զբոսաշրջային հոսքերի վրա։
Արդեն այժմ մեր առողջապահական համակարգը չի կարողանում լիարժեք սպասարկել Քովիդի հետևանքով առաջացած ամբողջ պահանջարկը։ Դրան զուգահեռ՝ ծանրաբեռնվածությունը շարունակում է ավելանալ։
Լարվածությունն առողջապահական համակարգում այս պահին շատ բարձր է։ Ու դեռ պարզ չէ, թե այն ինչքան կարող է դիմանալ։ Մի կողմից՝ կառավարությունը հակված չէ տնտեսական ահմանափակումներ կիրառել, մյուս կողմից՝ համավարակի թվերը գնալով աճում են։
Այսպես շարունակվելու դեպքում, վաղը սա կառավարությանը կանգնեցնելու է երկընտրանքի առաջ, եթե արդեն չի կանգնեցրել։ Ինչքան էլ հայտարարվի, որ չկա մտադրություն գնալ նոր սահմանափակումների, դա կարող է հարկադրված լինել։
Ոչ մեկն էլ հակված չէ լոքդաուններ կիրառել՝ վնասելով տնտեսությանը։ Պարտադրված են այդպես վարվում, որովհետև մարդկային կյանքերը գերադասում են տնտեսությանը հասցվող վնասներից։
Հայաստանի իշխանություններն առայժմ նախապատվությունը տալիս են տնտեսությանը։ Ու չնայած օրական տասնյակ մահեր ենք ունենում, հակված չեն տնտեսական սահմանափակումներ մտցնել։ Բայց դժվար է ասել, թե դա ինչքան կարող է շարունակվել։
Որ սահմանափակումները ծանր են նստում տնտեսության վրա, մեկ անգամ արդեն տեսել ենք։ Կրկին գնալ դրան, տնտեսական այսօրվա համեստ զարգացումների պայմաններում, նշանակում է՝ եղածն էլ կորցնել։
Վերջին ամիսներին, առանց այդ էլ, տնտեսական ակտիվությունը մեր երկրում սկսել է նահանջել։
Անցած տարվա 9 ամիսների 6,6 տոկոս անկումից հետո, այս տարի հաջողվել է ընդամենը 4,4 տոկոս աճ գրանցել։ Այն էլ՝ ոչ այնքան ներքին տնտեսության զարգացումների, որքան արտաքին բարենպաստ միջավայրի հաշվին։
Համաշխարհային շուկայում այս տարի անհամեմատ բարձր են մետաղների գները, ինչը դրական է ազդել՝ ինչպես տնտեսական աճի ցուցանիշի, այնպես էլ՝ արտահանման վրա։ Արդյունաբերության մեջ եթե մի փոքր աճ դեռ կա՝ բացառապես այս գործոնի շնորհիվ է։
Մետաղների գների աճն էական ազդեցություն է թողել հատկապես արտահանման վրա։ Միայն այդ գործոնի արդյունքում արտահանումն ավելացել է մի քանի հարյուր միլիոն դոլարի չափով։
Բայց դա չի նշանակում, թե մեր տնտեսությունը սկսել է ավելի լավ աշխատել։
Տնտեսության ամենակարևոր ճյուղերից մեկը՝ ի դեմս մշակող արդյունաբերության, դեռ անկման մեջ է։ Այն էլ՝ անցած տարվա անկումից հետո։
Սա նշանակում է, որ տնտեսության այս հատվածը շարունակում է մնալ ճգնաժամի մեջ և վերականգնվելու նշաններ առայժմ ցույց չի տալիս։
Տնտեսության մեջ արձանագրվող համեստ աճին նպաստել են նաև մասնավոր տրանսֆերտները, որոնք սովորաբար էական դեր են կատարում տնտեսության առանձին ոլորտներում խթաններ ստեղծելու գործում։
Դրսից ստացվող գումարները բավական ակտիվ են. նույնիսկ երկնիշ աճ ունենք։
Սրանք գործոններ են, որոնք ազդում են տնտեսական աճի վրա։ Բայց դրանցով հանդերձ, անցած տարվա ճգնաժամից ու պատերազմի հետևանքներից հետո մեր երկրում տնտեսական իրավիճակը շարունակում է շատ առումներով մտահոգիչ մնալ։ Խնդիրները, որոնք ծագել են, առայժմ ոչ մի կերպ չեն հանգուցալուծվում։ Անորոշությունները, որոնք կային անցած տարվա վերջին, այսօր էլ գրեթե նույնությամբ պահպանվում են։ Հեռանկարում ոչ մի պարզություն չկա։
Այսպիսի պայմաններում գնալով կառավարության հայտարարած 6,5 տոկոս տնտեսական աճի հավանականությունը փոքրանում է։ Ինն ամսում ունենք 4,4 տոկոս տնտեսական ակտիվություն։
Կհաջողվի՞ փոխել իրավիճակը տարեվերջի 3 ամիսներին, խիստ կասկածելի է։
Մինչդեռ, դրա վրա են հիմնված նաև հաջորդ տարվա տնտեսական աճի հեռանկարները։ Հաջորդ տարվա համար կառավարությունը նույնիսկ ավելի բարձր ակնկալիքներ է դրել. 7 տոկոս՝ 2 տոկոս լրացուցիչ աճի հեռանկարով։
Այս պահին հեռանկարները դրա համար հուսադրող չեն։ Հարցականի տակ է նաև ընթացիկ տարվա տնտեսական աճի 6,5 տոկոս սպասումը։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ