ԿԲ-ն ստիպված է խոստովանել, որ սպասումները չեն արդարացել. ինչու են այսքան արագ փոխվում կանխատեսումները
Հայաստանի տնտեսության զարգացումների վերաբերյալ Կենտրոնական բանկի վերջին շրջանի լավատեսությունը, որի հիման վրա բարձրացվեց նաև տնտեսական աճի կանխատեսումը, չի արդարացել։ Տնտեսական ակտիվությունն այս փուլում ավելի թույլ է եղել, քան ենթադրվում էր։
«ՀՀ տնտեսության ընթացիկ զարգացումները նախանշում են կանխատեսումների համեմատ որոշակի ավելի թույլ ակտիվության մասին՝ հիմնականում պայմանավորված գյուղատնտեսության ճյուղի անկմամբ, ինչպես նաև համավարակի տարածման հերթական ալիքի հետևանքով ծառայությունների ճյուղի ակնկալվող դանդաղմամբ»,- վերաֆինանսավորման տոկոսադրույքի նոյեմբեր ամսվա արձանագրության մեջ այսպիսի ամրագրում է արել Կենտրոնական բանկի խորհուրդը։
Ընդամենը մեկ-երկու ամիս առաջ ԿԲ-ն շատ ավելի լավատես էր տնտեսության զարգացումների և հատկապես գյուղատնտեսության ու ծառայությունների վերաբերյալ։ Դրանց հիման վրա էլ բարձրացրել էր տնտեսական աճի իր սպասումները։
«2021թ. Հայաստանի տնտեսական աճի ընթացիկ զարգացումները գնահատվում են սպասվածից ավելի դրական։ Կենտրոնական բանկն այս տարվա համար նախկինում կանխատեսել էր 4,6 տոկոս տնտեսական աճ։ Ներկայումս կանխատեսում ենք ավելի բարձր տնտեսական աճի ցուցանիշ՝ 5,4 տոկոս։ Դա պայմանավորված է գյուղատնտեսության և ծառայությունների ճյուղերի ավելի մեծ աճերով։ Այս ոլորտներում ունենք առաջանցիկ աճ, որն իր հերթին՝ նպաստում է ավելի բարձր տնտեսական աճին»,- սեպտեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել էր Կենտրոնական բանկի նախագահը։
Այսպիսի լավատեսական գնահատականներից կարճ ժամանակ անց ԿԲ-ն ստիպված էր խոստովանել, որ կանխատեսումները չեն արդարացել։ Տնտեսության իրական զարգացումները շեղվել են սպասումներից։
Օգոստոս-սեպտեմբերին ունեցանք տարեկան տնտեսական ակտիվության աճի դանդաղում. 2 ամսում տնտեսական ակտիվությունը կրճատվեց 0,8 տոկոսային կետով՝ 5,2-ից իջնելով 4,4 տոկոսի։
Գործերը, մեղմ ասած, լավ չեն հատկապես այն ոլորտներում, որտեղ ընդամենը 1-2 ամիս առաջ Կենտրոնական բանկն ավելի առաջանցիկ աճեր էր կանխատեսում ու դրանց հիման վրա բարձրացնում տնտեսական աճի իր ակնկալիքները։ Խոսքը գյուղատնտեսության և ծառայությունների մասին է։
Գյուղատնտեսության ոլորտում 9 ամսվա արդյունքում ոչ միայն աճ չկա, ինչպես ակնկալում էր Կենտրոնական բանկը, այլև ունենք 1,5 տոկոս անկում։ Անկումը գյուղոլորտում ձևավորվել է գերազանցապես երրորդ եռամսյակի ընթացքում։ Մինչ այդ գյուղատնտեսությունը գնում էր առաջանցիկ տեմպերով։
Առաջին կիսամյակի արդյունքներով, արձանագրվել էր նույնիսկ բավական բարձր՝ 6,7 տոկոս աճ։ Սա էլ որոշակի լավատեսական սպասումներ էր ձևավորել։
Բայց այդ սպասումները երրորդ եռամսյակում, կարելի է ասել, ամբողջությամբ չեզոքացան։ Ինն ամիսների արդյունքներով, գյուղատնտեսությունը կրկին վերադարձավ այնտեղ, որտեղ գտնվում էր վերջին մի քանի տարիներին։
Այն բանից հետո, երբ գյուղատնտեսությունը բախվեց ոռոգման խնդիրների հետ, նման հեռանկարը տեսանելի էր։ Ջրամատակարարումների ուշացումների հետևանքով բազմաթիվ գյուղացիական տնտեսություններ չկարողացան ժամանակին ոռոգում իրականացնել, ինչը հանգեցրեց բերքի կորուստներին։
Մյուս կողմից էլ զգացնել տվեց երաշտը։ Կառավարությունը չկարողացավ ժամանակին միջոցներ ձեռնարկել՝ վնասները հնարավորինս նվազեցնելու համար։
Այս երկու գործոնները պատճառ դարձան գյուղմթերքի արտադրության ծավալների կրճատման։ Նվազումը հիմնականում բուսաբուծության ճյուղում է։
Ծառայությունների հետ կապված մտահոգություններն առաջացել են համավարակի հետևանքով։ Թեև կառավարությունը հայտարարել է լոքդաունի չգնալու իր մտադրությունների մասին, այնուհանդերձ առանց դրա էլ համավարակը սկսել է ռիսկեր ստեղծել տնտեսության ու հատկապես ծառայությունների առանձին հատվածներում։
Համավարակի ցուցանիշով Հայաստանն այլևս դասվում է շատ բարձր ռիսկի գոտում գտնվող երկրների շարքին։ Իսկ դա անուղղակիորեն ազդում է երկրի զբոսաշրջային հոսքերի վրա՝ անկախ նրանից՝ կկիրառվե՞ն տնտեսական սահմանափակումներ, թե՞ ոչ։ Տուժելու են նաև ծառայությունների մյուս ճյուղերը։
Ծառայությունների ոլորտում այս պահին աճ ունենք՝ 5,4 տոկոսի չափով, բայց աճի տեմպը դանդաղում է։ Առաջիկայում դա ավելի ակնհայտ կլինի։
Կառավարությունն այդպես էլ ոչինչ չարեց այս իրավիճակում չհայտնվելու համար։ Մինչ ամբողջ աշխարհում համավարակը ընդլայնվում էր, Հայաստանում Քովիդի կանխարգելման միջոցառումներն արդեն տևական ժամանակ հետին պլան էին մղվել։ Մի բան էլ՝ իշխանություններն էին իրենց մասսայական միջոցառումներով նպաստում դրա տարածմանը։
Մինչև դանակը ոսկորին չհասավ, կանխարգելիչ քայլեր չարվեցին։ Բայց արդեն ուշ էր։
Հիմա ստիպված ենք հաշվել այն կորուստները, որոնք տնտեսությունը հերթական անգամ կրելու է համավարակի ընդլայնման ու տարածման հետևանքով։
Չնայած տնտեսական աճի կանխատեսումների համեմատ իրական զարգացումների շեղումները Կենտրոնական բանկը պայմանավորել է հիմնականում գյուղատնտեսությամբ և ծառայություններով, այնուհանդերձ այնպես չէ, որ արդյունաբերության մեջ գործերն ավելի լավ են և սպասումներն արդարանում են։
Նախորդ վերանայումների ժամանակ Կենտրոնական բանկը բարձրացրեց նաև արդյունաբերության աճը իր կանխատեսումը։ Ընդ որում՝ բավական կտրուկ՝ 0,7 տոկոսից հասցնելով 4,5 տոկոսի։ Նման թռիչքի համար ԿԲ-ն հույսը դրել էր հանքահումքային ապրանքների բարձր գների վրա։ Բայց տեսնում ենք, որ դա էլ չի արդարացնում սպասելիքները։
Վերջին տվյալներով, արդյունաբերության մեջ ունենք ընդամենը 0,7 տոկոս աճ։
Երկու ամսում աճի տեմպը կրճատվել է 1,4 տոկոսային կետով։
Ակնհայտ է, որ անգամ մետաղների բարձր գները չեն փրկում արդյունաբերությանը։ Հանքարդյունաբերության մեջ ևս ի հայտ են եկել անցանկալի երևույթներ, որոնք սպառնում են վերածվել համակարգային խնդիրների։
Արդյունաբերությանը, Կենտրոնական բանկի կողմից տարվա համար տրված 4,5 տոկոս աճի հավանականությունն այս պահին անիրատեսական է։
Մնում է սպասել տարվա ավարտին՝ համոզվելու համար, թե տնտեսության իրական զարգացումները որքանով են տեղավորվում հնչող կանխատեսումների մեջ։ Այս պահին դրանք կանխատեսումների օգտին չեն։ Բայց այնպես չէ, որ կանխատեսումները միշտ իրականանում են։
Տարվա ընթացքում ԿԲ-ն արդեն 3 անգամ վերանայել է գնահատականները, այն էլ՝ տարբեր ուղղություններով. տարվա սկզբին նախ նվազեցրեց տնտեսական աճը մինչև 1,4 տոկոս, այնուհետև միանգամից բարձրացրեց՝ 4,6, հետո՝ 5,4 տոկոսի։ Վերջին շրջանում հնչող գնահատականները ցույց են տալիս, որ լավատեսության այդպիսի բարձր դոզան բավարար հիմքեր չունի։
Ուստի չի բացառվում, որ առաջիկայում ԿԲ-ն գնա տնտեսական աճի կանխատեսման, այս անգամ՝ արդեն նվազեցման։ Վերջին ամիսների միտումները տանում են դրան։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ