
Ռուս խաղաղապահներն արձակուրդների ընթացքում համալիր դասընթացներ են կազմակերպել ավելի քան 50 աշակերտի համար Լեռնային Ղարաբաղում. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները դպրոցական արձակուրդների ժամանակ «Խաղաղության» ինտերակտիվ դասընթացներ են կազմակերպել միջին և բարձր դասարանների ավելի քան 50 աշակերտի համար Ստեփանակերտի դպրոցում: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:
«Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայության մեկամյակի լրանալուն ընդառաջ միջոցառումների շարք ենք իրականացնում, որոնց ժամանակ լուսաբանում ենք խաղաղապահ զորակազմի գործունեությունը, հանդիպում ենք աշակերտների և ուսուցիչների հետ: Այժմ, նույնիսկ արձակուրդների ժամանակ դպրոցներում դասընթացներ ենք անցկացնում: Դպրոցներում երկրորդ դասարանից ռուսերեն են անցնում, այդ իսկ պատճառով շփումը երեխաների հետ բավականին ըմբռնելի մակարդակով է տեղի ունենում: Երեխաները մեծ ցանկությամբ են ներկա գտնվում նման միջոցառումների»,- ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի հումանիտար արձագանքման կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Կորոլյովը:
Պարապմունքների ընթացքում զինծառայողները երեխաներին պատմել են խաղաղապահ զորակազմի ստորաբաժանումների գլխավոր առաջադրանքների, ինչպես նաև Ռուսաստանում և աշխարհում խաղաղապահ ուժերի ստեղծման պատմության մասին:
Հաղորդվում է, որ նոյեմբերին հումանիտար արձագանքման կենտրոնի սպաները 10 ուսումնական հաստատություն կայցելեն Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջաններում և հումանիտար օգնություն կհատկացնեն աշակերտներին: