Լռությունը սպանում է պետությունը

Հասարակության խնդիրների մասին խոսելն ընդունված չէ ու քաղաքականապես ոչ դիվիդենտաբեր։ Քաղաքականությամբ զբաղվողների մեծ մասը գերադասում է մասնավոր զրույցներում վեր հանել հանրության բոլոր արատները, բայց հրապարակային խոսքում ներբող է ձոնում մեր հասարակության բացառիկության մասին։ Մինդեռ հասարակությունն ունի բազմաթիվ խնդիրներ ու արատներ՝ սկսած արժեքային ու բարոյական համակարգից, մինչև լավի ու վատի, արդարի ու անարդարի գնահատման խեղված չափորոշիչներ։

Հասարակության այդ հիվանդության ամենացայտուն ցուցիչը պետության այս որակն է, որովհետև առողջ հասարակությունը չի կարող ունենալ նման խեղված պետություն։ Կարելի է, իհարկե, հասարակությանը հաճոյանալու մեյնսթրիմի շրջանակներում հակադարձել, որ հանրությունը մեղք չունի, մեղավորը միայն իշխանություններն ու քաղաքական գործիչներն են, բայց իրականությունն այն է, որ այդպիսի անորակ իշխանություններ ու քաղաքական վերնախավ ծնվում են հենց ոչ առողջ հասարակություններում, քանի որ դրանք, վերջին հաշվով, հանրության ամենատարբեր շերտերի խտացված արտահայտիչներն են։

Տուրք տալով քաղաքական կոնյունկտուրային և չխոսելով հանրության խնդիրների մասին, քաղաքականությամբ զբաղվողներն ավելի են խորացնում հասարակության արատները՝ դրա շնորհիվ, ի դեպ, սպասարկելով սեփական նեղ քաղաքական շահերը։ Դա առավելապես վերաբերում է իշխանությանը, որը գոյացած լինելով որպես հասարակական անառողջության հետևանք, որպես քաղաքական համակարգի դիսֆունկցիա՝ այսօր հանդիսանում է խեղված հասարակության թիվ մեկ շահառուն, քանի որ որևէ առողջ հասարակություն մեկ ժամ անգամ չէր հանդուրժի նման որակի իշխանությանը։

Իսկ հանրային որակների ու արատների մասին խոսելու ընդդիմության հնարավորությունները խիստ սահմանափակ են, քանի որ հասարակությունն ապրում է հիմնականում իշխանության քարոզչական կաղապարներով, որոնց ինտեգրալ հետևանքն այն է, որ կորսված հարենիքը պակաս արժեքավոր է, քան որևէ նախկին պաշտոնյայի թալանով կառուցված դղյակի ազգայնացման ու դրա արդյունքում ոչինչ չստանալու, բայց հոգեպես բավարարված լինելու տեսական հեռանկարը։

Հասարակության արատների մասին խոսելու առաքելություն ու պարտավորություն պետք է ունենային մտավորականները, որոնք, սակայն, Հայաստանում կամ բացակայում են, կամ այնքան են սերտաճած իշխանական ու ընդդիմադիր քաղաքական շերտերի հետ, որ կաղապարված են վերջիններիս խմբային շահերով։ Նույնը վերաբերում է նաև եկեղեցուն, տարբեր մասնագիտական էլիտաների ներկայացուցիչներին, բոլոր նրանց, ովքեր գոնե ֆորմալ հնարավորություն ունեն հասարակության հետ խոսելու նրա իսկ արատների մասին։ Այդ խոսակցությունը, սակայն, չի ստացվում, որովհետև չի սկսվում անգամ։

Արդյունքում նաև, իսկ գուցե առաջին հերթին՝ հանրային արատներով պայմանավորված պետության անկումը շարունակվում է, ինչպես որ բնականորեն  խորանում է չբուժվող պացիենտի հիվանդությունը՝ բժիշկների բացակայության, կամ, որ ավելի վատ է՝ լուռ ներկայության պարագային։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս