ԵՊՀ-ն զավթված է. քաղաքականացված ԵՊՀ-ն և հերթական միֆի փոշիացումը
Եվ այսպես, հոկտեմբերի 29-ին հաստատվեց Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) հոգաբարձուների խորհրդի կազմը, հաստատվեց Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, այն նույն Նիկոլ Փաշինյանի, ով երբ դեռ նոր էր զբաղեցնում վարչապետի աթոռը, ու խաչակրաց արշավանք էր սկսել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի դեմ՝ ամենաայլանդակ գործիքակազմի ներգրավմամբ, հայտարարում էր, թե վերջացել է քաղաքականացված բուհ-երի դարաշրջանը:
Պահելով ձևական ընթացակարգն ու ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամներ նշանակելով բուհ-ի պրոֆեսորադասախոսական կազմից նաև՝ Հիմնադրի անունից առաջադրված անդամներն են փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը, ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:
Լիազոր մարմինն առաջադրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը, Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը, «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի ձեռագիր հավաքածուների թվայնացման բաժնի ղեկավար Գուրգեն Գասպարյանը, «Հակադոպինգային գործակալություն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն, կենս. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արեգ Հովհաննիսյանը:
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմում են նաև ուսխորհրդի անդամներ:
Բավական է նայել Հիմնադրի ու լիազոր մարմնի կողմից առաջադրված ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամների անուններին, որպեսզի հասկանալի դառնա՝ ինչ խնդիր են ուզում լուծել իշխանությունները, իսկ խնդիրը մեկն է՝ Մայր բուհ-ի տոտալ քաղաքական վերահսկողություն:
Մինչդեռ կային ժամանակներ՝ ոչ վաղ անցյալում, երբ ընդդիմադիր թերթի խմբագիր, ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան պարբերականը քարը քարի վրա չէր թողնում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ դառնալու փաստից, թեպետ, ինչպես Համալսարանի հնաբնակներն են նշում, երբեք ԵՊՀ-ն այնքան ու այնպես տոտալ քաղաքականացված չի եղել, ինչպես այսօր:
Նույն քաղաքականությունն էր վարում «Ազատություն» ռադիոկայանը, երբ, օրինակ, 2018 թվականի նոյեմբերի 5-ին գրում էր այն մասին, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ է շարունակում մնալ Սերժ Սարգսյանը:
«Ցավոք սրտի, տարիներ շարունակ այդ կառավարման մարմինները վերածվել էին զուտ ձևական՝ վերջում ռեկտորի հաշվետվություն լսող մարմնի։ Ես կարծում եմ, որ նաև փիլիսոփայությունը կառավարման խորհրդի պետք է փոխվի»,- ընդգծել էր այն ժամանակվա ԿԳ փոխնախարարի ժամանակավոր պաշտոնակատար, ներկայումս Երևանի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար (ժ/պ) Հովհաննես Հովհաննիսյանը։
Նա նաև ասել էր՝ «Որոշակի քննարկումներ դեռ պետք է անենք, որպեսզի վերջնական մոդելը հասկանանք՝ ինչպիսին պետք է լինի: Բայց մի բան հստակ է՝ պետությունը այստեղ շատ քիչ մասնակցություն է ունենալու։ Քննարկվում է ֆինանսավորման չափ-մասնակցություն հարաբերակցությունը, այսինքն՝ որքանով պետությունը ֆինանսավորում է, այդքան չափով էլ մասնակցի կառավարման գործունեությանը»։
Թե ինչ չափով է քաղաքական իշխանությունը մասնակցում բուհ-ի կառավարմանը, հիմա մենք բոլորս, իհարկե, 3 տարի անց շատ պատկերավոր տեսնում ենք: