«Դա նույնն է՝ ոնց որ բոլորին հրավիրես մի տեղ, հետո ասես՝ ինչի՞ են մեր առնետները էդքան շատ». Հայկ Մարության

Ավագանու հերթական նիստին օրակարգային հարցերի քննարկումից հետո մտքերի փոխանակման ընթացքում Երևանի ավագանու անդամ Էռնեստ Ավանեսովն անդրադարձավ բազմաբնակարան շենքերի աղբամուղերի փակման հարցին՝ նշելով, որ քաղաքացիներից՝ հիմնականում ծերերից, հաշմանդամություն ունեցողներից կամ բազմաբնակարանային շենքերի վերջին հարկերում ապրողներից, հաճախ տարբեր բողոքներ է ստանում՝ ընդգծելով, թե մինչ նման որոշում կայացնելը պետք է այլընտրանքային լուծում առաջարկվեր այդ հարցին:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն էլ ավելի քան 12 րոպեանոց ելույթով արձագանքեց ավագանու անդամի բարձրացրած հարցին՝ նշելով, թե այս հարցն այլընտրանք չունի ու սա՝ Երևանը 21-րդ դարին համահունչ միջավայր ունեցող քաղաք դարձնելու ճանապարհն է:

«Ուզում եմ հայտարարել, որ այլընտրանք այդ հարցին, այլ լուծում այդ հարցի համար չկա: Եվ ես դա ոչ թե ուղղակի հայտարարում եմ, այլ դա տալիս է միջազգային փորձը, եվրոպական լավագույն քաղաքների փորձը և բոլոր քաղաքներում, որտեղ ես եղել եմ, հատուկ գնացել եմ, ուսումնասիրել եմ, նայել եմ, հարցուփորձ եմ արել, և բոլոր քաղաքներում կան տարիքով մարդիկ, և բոլոր քաղաքներում կան, ցավոք սրտի, հաշմանդամություն ունեցող մարդիկ, բոլոր քաղաքներում կան տարբեր տիպի շենքեր՝ վերելակներով շենքեր, առանց վերելակ շենքեր, և բոլոր քաղաքներում, միևնույն է՝ չկան աղբամուղեր: Խոսքը զարգացած, նորմալ, լավ էն քաղաքների մասին է, որը մենք որպես նշաձող ենք վերցրել և գնում ենք դեպի այդ քաղաքները՝ նկատի ունեմ զուտ մեր քաղաքային տնտեսության մասով: Եվ մենք պետք է հասկանանք՝ էնտեղ դա ինչպես է արվում, և նույն ձև անենք: Բոլոր տեղերը այդ հարցը լուծված է:

Ես ներողություն եմ խնդրում, բայց եթե մարդու, քաղաքացու տանը, բնակարանում բնակվում է մեր քաղաքացին, իրեն բնականաբար պետք է առնվազն սնունդ, չէ՞: Էդ սնունդը ինչ-որ մի կերպ գալիս, հասնում էր բնակարան: Այդ նույն կերպով՝ ոնց գալիս է սնունդը, հասնում է բնակարան, նույն կեպով աղբը պետք է գնա, հասնի աղբամանի մեջ:

Իմ կողմից հստակ հանձնարարական կա, որ այն աղբամուղերը, որոնք փակվում են, միանգամից աղբամանը օրենքի նորմերին համապատասխան տեղադրվելու է էդ շենքի համար և սկսում է աշխատել նորմալ, Երևանի՝ Հայաստանի մայրաքաղաքին վայել ավտոմեքենաներով, աղբատար մեքենաներով, ոչ թե, կներեք, 60-ականների, 70-ականների ԶԻԼ–երով, բաց վերևով, բահերով, որը տեղում մտնում են բունկերի մեջ օրը ցերեկով կամ գիշերը… էդ գարշահոտությունը, էդ անտիսանիտարիան, էդ առնետների հավաքակայանը բառիս բուն իմաստով: Մենք բացառվում է, բացառվում է առնետների դեմը առնենք, եթե մենք ունենք աղբամուղեր և բունկերներ: Դա նույնն է՝ ոնց որ հրավիրատոմս բոլորին հրավիրես մի տեղ, հետո ասես՝ ինչի՞ են մեր առնետները էդքան շատ: Դա ուղղակի հրավեր է, հրավեր բոլոր առնետներին, որ՝ «եկեք, էստեղ ուտելիք կա, դուք էստեղ ապահով եք, ձմեռը տաք է, ամառը հով է, եկեք, կերուխում արեք և մնացեք էստեղ»: Դա նույնն է ոնց որ հրդեհ հանգցնես, բայց էս մյուս կողմից անընդհատ բենզին լցնես»,- ասաց Հայկ Մարությանը:

Ապա քաղաքապետը հիշեց Ալ. Թամանյանին՝ ասելով, թե երբ Թամանյանը Երևանը կարգի էր բերում, Երևանի բնակիչները նրան ատում էին:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս