ԱԺ-ն առաջին ընթերցմամբ քննարկեց ամանորյա տոնական օրերը կրճատելու նախագիծը
Ազգայինի ժողովի հերթական քառօրյայում առաջին ընթերցմամբ քննարկվեց «Տոների և հիշատակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու կառավարության ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է կրճատել ամանորյա հանգստյան օրերի քանակը: Այն ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Փոփոխություններով առաջարկվում է հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը ոչ աշխատանքային օրերի ցանկից հանել:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը նախարար Վահան Քերոբյանին տեղեկացրեց, որ նախագիծը շրջանառության մեջ դնելուց հետո իրեն շատերն են մոտեցել և խնդրել բարձրաձայնել, թե «ում մտքով է անցել, որ տոնը կարելի է խլել մարդուց»:
«Դուք նշեցիք, որ ամեն ինչն արվում է՝ մեր ժողովուրդն աշխատի, բայց Դուք նկատե՞լ եք, որ մեր ժողովուրդը չափից ավելի է աշխատում. մեր ժողովուրդն աշխատում է կիրակի օրերին շինհրապարակներում, տոնական օրերին՝ խանութներում, մոլերում: Մեր ժողովուրդը հանգիստ, որպես էդպիսին, չունի: Եթե համեմատենք եվրոպական երկրների հետ, այնտեղ տարին երկու անգամ արձակուրդ են գնում, զբաղվում իրենց հանգստով, առողջությամբ, մեզ մոտ՝ 31-ից 7-ն է առիթ ընտանիքով հավաքվելու, իրար տեսնելու:
Ճի՞շտ է արդյոք այն պնդումը, որ այս ամենի հիմնական նպատակը հունվարի 7-ը աշխատանքային օր հռչակելու մոտիվ գտնելն էր. թե ինչ պետք է անեք, որ հունվարի 7-ն էլ խլեք, որովհետև մնացած բոլոր 4 տաղավար տոներին հաջորդած մեռելոցները խլեցիք, մնացել էր հունվարի 7-ը, դա էլ խլեցիք»:
Նախարարն արձագանքեց` իր մտքով է անցել և իր գործընկներների, ապա նկատեց՝ պարզվում է՝ նաև ձեր գործընկերների մտքով է դա վաղուց անցել: Նա հիշեցրեց, որ նման նախագիծ դեռևս Կարեն Կարապետյանի կառավարությունն է փորձել անցկացնել, ապա վստահեցրեց` բիզնես հանրությունը լայն կոնսենսուս ունի այս հարցի շուրջ. բոլորը կողմ են:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանն իր ելույթում նշեց, թե որևէ մեկից տոնը խլել չի ուզում, բայց նրա խոսքով` շատերը ամանորյա տոների համար վարկեր են վերցնում, սեղաններ գցում և մրցակցում՝ ով ինչ սեղան է գցել: Պատգամավորը պնդեց՝ պետք է վերջ տալ այդ ամենին:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը համաձայնեց` իսկապես նախագծի խորհուրդը, թե պետք է շատ աշխատել, կարևոր է, ապա հավելեց` այնպես չէ, որ հայ ժողովուրդը աշխատասեր չէ, ու նոր է պետք նման ազդակ տալ:
«Այլ հարց է, որ պետական ու քաղաքական պաշտոնյաները պետք է շատ, շատ ու ավելի շատ աշխատեն»,- ասաց նա:
Արամ Վարդևանյանի կարծիքով` պետք է անցումային շրջան նախատեսել. օրենքն անմիջապես ուժի մեջ մտնի վարչապետի, փոխվարչապետի, նախարարի, պատգամավորի համար, և ոչ թե՝ ամբողջ հայ հանրության:
Անդրադառնալով Կարեն Կարապետյանի կառավարության հեղինակած նման նախագծին՝ պատգամավորը հիշեցրեց, որ այդ նախագծով առաջարկվում էր հունվարի 2-ը և 7-ը թողնել ոչ աշխատանքային, և հիմա ևս առաջարկելու են այդ տեսքով նախագիծն ընդունել: