
Փայտի և գոմաղբի գինը բարձրացել է. ջեռուցման այլընտրանքային տարբերակ են փնտրում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. Եթե Երեւանում եւ մարզային քաղաքներում մարդկանց համար ձմռանը տաքանալու հիմնական միջոցը գազը կամ էլեկտրաէներգիան է, ապա շատ գյուղերում գոմաղբն ու փայտն են: Հայաստանում գազի եւ էլեկտրաէներգիայի սակագները բարձր են, ինչի արդյունքում ՀՀ քաղաքացիների գերակշիռ մասը ստիպված է ձմռան ամիսներին բնակարանները ջեռուցելու այլընտրանքային տարբերակներ փնտրել: Խոսքը ոչ միայն փայտի, այլեւ գոմաղբի մասին է:
«Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ հարցման արդյունքում պարզեց, որ փայտի մեկ խորանարդ մետրի արժեքը սկսում է 35․000 դրամից եւ հասնում մինչեւ 40․000 դրամի: Ավելին, փայտավաճառներն ասում են, որ առաջիկա ամիսներին փայտի գինն է՛լ ավելի կբարձրանա, որովհետեւ փայտ չկա, եւ «անտառից չեն կարողանում հանել»: 21-րդ դարում շատ գյուղերում ունենալով գազաֆիկացման հսկայական ցանց՝ մարդիկ մնում են գոմաղբի հույսին: Այս տարի հատկապես գյուղերի բնակչության մեծ մասը, եթե ոչ բոլորը, նորից անցնելու են գոմաղբ վառելուն: Ասել է թե՝ հեռավոր մարզերում քիչ չեն գյուղերը, որտեղ առհասարակ նահանջ է քաղաքակրթությունից. մարդիկ նորից գոմաղբ են վառելու, ինչն ավելի էժան է:«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մեկ բեռնատար գոմաղբն այսօր Արագածոտնի գյուղերում արժե 70-75 հազար դրամ:
Կան գյուղացիներ, որոնք մեկ պարկ մանրացանն առաջարկում են 600 դրամով: Ընդ որում, խոսքը գազաֆիկացված բնակավայրերի մասին է, որտեղ, փաստորեն, գազ են օգտագործում միայն գյուղական հարուստները` մի քանի ընտանիք, իսկ մնացած բնակիչների համար գազը շքեղություն է, որը նրանք այլեւս չեն կարող իրենց թույլ տալ, միգուցե միայն՝ սուրճ պատրաստելու համար»: