«Ես վտանգ եմ տեսնում, որ այս իշխանությունները համաձայնել են 5կմ միջանցք տրամադրել ադրբեջանցիներին, իսկ 5կմ-ն դա Լաչինի միջանցքն է»․ Արմեն Բաղդասարյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանն է:

Բանախոսը համոզված է.

  • Մեր երկրում տիրող անիշխանությունը, որը սկսվել է դեռևս 3.5 տարի առաջ, հասել է գագաթնակետին:
  • Այս իշխանությունները հրաժարվում են բոլոր իրենց պարտականություններից. Հայաստանում տեղի է ունենում անկախ պետականության լուծարման գործընթաց:
  • Մարդիկ կարծես համակերպվել են, որ մենք անկախ պետականություն չունենք, որ մեր փոխարեն՝ օտար երկրները պետք է անվտանգության հետ կապված և առհասարակ մեր բոլոր խնդիրները լուծեն… Բայց մարդկանց աչքերն աստիճանաբար բացվում են, և լավ կլիներ՝ ավելի արագ տեղի ունենար:
  • Ազատ խոսքը սահմանափակելու վտանգները. այս իշխանությունները բոլորից լավ են պատկերացնում ազատ խոսքի, ազատ մամուլի ուժը, որը թավշյա հեղափոխության ակտիվ գործիքներից մեկն էր: Իշխանությունները վտանգ են զգում, դրա համար են լռեցնում մամուլը, ազատ խոսքը: Փաշինյանի համար ժողովրդավարությունը, ազատ խոսքն արժեքներ չեն: Նպատակը մեդիա դաշտի առանցքային դեմքերին վախեցնելն է:
  • 2003 թվականին Ադրբեջանի նախագահ ընտրվելուց հետո Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե բանակցությունները սկսում է զրոյից, և Ալիևը հիմքեր ուներ դա ասելու՝ ժամանակ էր շահում պարտված իր երկիրը զարգացնելու համար:
  • 2019 թվականին Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Ես բանակցությունները սկսել եմ ոչ թե Սերժ Սարգսյանի կետից, այլ իմ սեփական կետից, սա կարևոր նրբություն է». սխալ էր բանակցությունները նոր կետից սկսելու մասին հայտարարելը, և Փաշինյանի կամքից էլ չէր կախված, թե ինքը որ կետից է սկսելու:
  • Ադրբեջանցիների համար դրական ազդակ է, որ Հայաստանը համաձայնի Սյունիքով միջանցք տրամադրել, ուստի, երբ ադրբեջանցիներն ասում են, թե Հայաստանի իշխանությունների կողմից դրական ազդակ կա, ուրեմն այդ հարցը քննարկվել է և ինչ-որ համաձայնություն եղել է:
  • Ես վտանգ եմ տեսնում, որ այս իշխանությունները համաձայնել են 5կմ միջանցք տրամադրել ադրբեջանցիներին, իսկ 5կմ-ն դա Լաչինի միջանցքն է:
  • Արևմուտքին Հայաստանը չի հետաքրքրում. Արևմուտքն ունի ռազմավարական հակառակորդներ՝ Ռուսաստանը, Իրանը, հետագայում՝ նաև Չինաստանը: Արևմուտքին պետք է թուլացնել այս երկրներին, և նա դա անում է Թուրքիայի և Ադրբեջանի միջոցով:
  • Իրանը զգուշանում է Ադրբեջանից, որովհետև կարծում է, որ Արևմուտքը Ադրբեջանի տարածքը կօգտագործի իր դեմ պայքարում: Իրանը զգուշանում է նաև Հայաստանից, որովհետև Հայաստանի իշխանությունների հետ երկարաժամկետ պայմանավորվածություն ձեռք բերել հնարավոր չէ, Հայաստանի իշխանությունները երկու շաբաթը մեկ կարող են դիրքորոշում փոխել:
  • Սյունիքում՝ Թուրքիային և Ադրբեջանին՝ ոչ թե ճանապարհ, այլ՝ միջանցք է պետք, որպեսզի կտրեն Հայաստանն Իրանից:
  • Մենք 30 տարի բողոքում էինք շրջափակումից, հիմա վախենում ենք շրջափակման վերացումից:
  • Էքսպանսիա կլինի, իսկ վտանգները կանխել հնարավոր է օրենսդրական կարգավորումներով, բայց այս իշխանություններին հետաքրքրում է միայն՝ ով փող կբերի. «կապիտալը հայրենիք չունի, փողը հոտ չունի» սկզբունքով է առաջնորդվում այս իշխանությունը:
  • Ցավոտ հարցերը լուծելու ժամանակը մոտենում է, և օգտվելով մեր թույլ վիճակից՝ բոլորն ակնհայտորեն արագացնում են. Ադրբեջանը՝ խաղաղության պայմանագիր կնքելը պարտադրելով, Ռուսաստանը՝ Սյունիքով ճանապարհ բացելով, որն իրենց վերահսկողության տակ պետք է լինի:
  • Մենք այս իրավիճակից շահած դուրս գալու ռեսուրս և շանս չունենք: Մեր շահը կլինի այն, որ կարողանանք նվազ կորուստներով դուրս գալ, իսկ դա հնարավոր կլինի միայն իշխանափոխության դեպքում:
  • Իշխանությունների վարկանիշը գահավիժում է, և դա էլ հենց ՏԻՄ ընտրություններում պարտության պատճառներից մեկն է:
  • Նիկոլ Փաշինյանը համայնքներին չէր կարող վախեցնել նախկինների վերադարձով. իր այդ խաղաքարտը չկարողացավ աշխատեցնել և պարտվեց Գորիսում և Գյումրիում, տարբեր համայնքներում:
  • Իշխանությունները պարտվում են, երբ իրենց դեմ պայքարում է կազմակերպված ընդդիմությունը, և այդ դեպքում վարչական ռեսուրսը, ուժային ճնշումները չեն ազդում:
  • Իշխանությունների վարկանիշը գահավիժում է, բայց ընդդիմության վարկանիշն էլ չի ավելանում, կամ, եթե ավելանում է, ապա շատ քիչ:
  • Հայաստանի քաղաքական դաշտում ձևավորվել է վակուում, իսկ դա լցնելու համար հայտնվում են զանազան պրոյեկտներ, օրինակ՝ Ռուբեն Վարդանյանի պրոյեկտը, կամ, ասենք, նախկինում Արկադի Վարդանյանի, Արամ Կարապետյանի… բայց կարճաժամկետ պրոյեկտները չեն աշխատում:
  • Նոր քաղաքական ուժերի կամ ծրագրերը փոխած հին քաղաքական ուժերի անհրաժեշտություն կա:
  • Հասարակությանն արթնացնել է պետք, իսկ դա քաղաքական ուժերի ֆունկցիան է:
  • Հասարակությունը պետք է սովորի և կարողանա տարբերել պոպուլիստ ստախոսին՝ լուրջ, պատասխանատու քաղաքական գործչից:
  • Պոպուլիզմի դառնությունը տեսել ենք, պոպուլիզմի ժամանակն անցել է, մարդկանց աչքերը քայլ առ քայլ բացվում են:
  • Նոյեմբերի 9-ը չի ավարտվել, նոյեմբերի 9-ը շարունակվում է:

Տեսանյութեր

Լրահոս