Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն կտրում են կապերը. ինչպե՞ս կանդրադառնան որոշումները Հայաստանի վրա
ՆԱՏՕ-Մոսկվա հարաբերություններում լարվածության նոր փուլ է բռնկվել: Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն վերացնում են շուրջ երկու տասնամյակ գործող կապի խողովակները: Ռուսաստանը դադարեցնում է ՆԱՏՕ-ում իր ներկայացուցչության աշխատանքը։ Ռուսաստանյան դիվանագիտության ղեկավարի՝ Սերգեյ Լավրովի խոսքով՝ Մոսկվան այս քայլին է դիմում՝ հոկտեմբերի 6-ին Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից կայացված որոշմանն ի պատասխան, որի համաձայն՝ ՆԱՏՕ-ում ՌԴ լիազոր ներկայացուցչությունում աշխատող 8 դիվանագետներ զրկվել էին հավատարմագրերից։
«ՆԱՏՕ-ի գործողություններին ի պատասխան՝ մենք դադարեցնում ենք մեր մշտական ներկայացուցչության, այդ թվում՝ Գլխավոր ռազմական ներկայացուցչի գործունեությունը։ Դադարեցնում ենք նաև Մոսկվայում տեղակայված ՆԱՏՕ-ի ռազմական կապի առաքելության աշխատանքը։ Դրա աշխատակիցների հավատարմագրերը հետ են կանչվում նոյեմբերի 1-ից»,- ասել է Լավրովը։
Սրան զուգահեռ՝ Մոսկվայում որոշ շրջանակներ մեծ ագրեսիվությամբ են ընկալում նաև Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նոր հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի այցը ռեգիոն՝ Ադրբեջան, Վրաստան, Հայաստան: Վրաստանում հանդիպումների ժամանակ Կոլոմինան ուշադրություն է դարձրել անվտանգային մարտահրավերներին, որոնց առջև կանգնած են տարածաշրջանի երկրները, ինչպես նաև կարևորել է Վրաստանի շուտափույթ անդամակցությունը ՆԱՏՕ-ին: Ինչպես հայտնի է, սա Մոսկվայի «ամենացավոտ» կետերից մեկն է:
Բացի Կոլոմինայի տարածաշրջանային այցից, Վրաստան և ՈՒկրաինա այցեր կատարեց ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, ազդարարելով ԱՄՆ-Վրաստան, ԱՄՆ-Ուկրաինա պաշտպանական ոլորտում համագործակցության նոր փուլ: Վերլուծաբանների խոսքով՝ արարողակարգային հայտարարություններից բացի, Օսթինն ուշագրավ և սուր շեշտադրումներով հանդես եկավ.
- Սևծովյան ավազանի անվտանգությունը Եվրոպայում ՆԱՏՕ-ի առաջնահերթություններից է, որն առանց Վրաստանի հնարավոր չէ պատկերացնել:
- ԱՄՆ-ը թույլ չի տա ՌԴ-ին տարածաշրջանում ուժային բալանսի խախտման գործողություններ: Սա Օսթինն ասել է՝ ի պատասխան տարածաշրջանային «3+3» ձևաչափի մասին հարցին: «Մինչև նոր ձևաչափի մասին խոսելը, Ռուսաստանը, որը բռնազավթել է Վրաստանի տարածքի 20 %-ը, պետք է կատարի 2008 թվականի հրադադարի համաձայնագիրը»,- նշել է Օսթինը՝ պատասխանելով լրագրողների հարցին։
- Վրաստանը շարունակում է մնալ Հարավային Կովկասում ԱՄՆ գլխավոր ռազմավարական գործընկերը և թույլ չի տա ստատուս-քվոյի փոփոխություն Վրաստանում, հետևաբար՝ ողջ Հարավային Կովկասում:
- Պենտագոնը շարունակելու է վրացական բանակի մոդեռնիզացիան:
- Վաշինգտոնի համար, բացի ռազմական հարցերից, կարևոր է նաև ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը:
- Կիևում Օսթինը ՌԴ-ին կոչ է արել դադարեցնել Ղրիմի օկուպացիան, դադարեցնել պատերազմը Ուկրաինայի արևելքում, դադարեցնել ապակայունացնող գործունեությունը սևծովյան ավազանում:
- ԱՄՆ-ը ամեն կերպ աջակցելու է Ուկրաինային՝ ապահովելով նաև անվտանգությունը:
- Ըստ Օսթինի, որևէ երրորդ երկիր չի կարող արգելափակել Ուկրաինայի ՆԱՏՕ անդամակցության հարցը:
Տարածաշրջանային զարգացումներն ուսումնասիրող փորձագետներն ուշադրություն են հրավիրում հատկապես այն հանգամանքի վրա, որ այս ամենը տեղի է ունենում Բայդեն-Պուտին գագաթաժողովից և ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդի՝ օրեր առաջ Մոսկվա կատարած այցից հետո, ինչպես նաև սպասվող Բայդեն-Էրդողան հանդիպումից առաջ:
Միևնույն ժամանակ ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն արձանագրում է, որ Հյուսիսատլանտյան դաշինքն ամրացնում է իր ռազմական ենթակառուցվածքը Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետության սահմանին անմիջապես մոտ տարածքում, ռազմաքաղաքական իրադրությունը բարդ է։ «Այսպես, Լեհաստան և Մերձբալթյան պետություններ են նետվել Ամերիկայի Միացյալ Նահանգների ցամաքային զորքերի զրահատանկային բրիգադ և չորս բազմազգ գումարտակային տակտիկական խմբեր։ Կազմավորվել են դաշինքի կոալիցիոն դիվիզիաների շտաբներ Ռումինիայում, Լեհաստանում և Լատվիայում։ Ավելանում է նավահանգստային և օդանավակայանային ենթակառուցվածքների տարողունակությունը»,- ասել է Շոյգուն։
«168 Ժամ»-ի հետ զրույցում ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերն ասաց, որ որևէ աղմկահարույց բան չկա ՌԴ-ՆԱՏՕ հարաբերություններում տեղի ունեցող վերջին զարգացումներում, քանի որ, անկախ այդ հաղորդակցական խողովակների առկայությունից, հարաբերություններն ըստ էության սառեցված վիճակում էին: Քաղաքական, առավել ևս՝ ռազմական կապերը, ըստ Ֆելգենգաուերի, նվազագույն էին։
Նրա խոսքով՝ վերջին որոշումները ֆորմալ քայլեր են, որոնք ոչ ավելի բարդացնելու, ոչ էլ դյուրացնելու են իրավիճակը կողմերի միջև: «Ես դրանք չէի գերագնահատի, առավել ևս՝ հնարավոր պատերազմի մասին չէի խոսի, սակայն Արևմուտքի հետ հարաբերություններն ընդհանուր առմամբ շարունակում են վատթարանալ, ինչը ևս կանխատեսելի էր, բանակցությունները, երկխոսությունն օրեցօր բարդանում է: ՌԴ-ն կարող էր այլ կերպ արձագանքել ՆԱՏՕ-ի՝ դիվանագետներ կրճատելու որոշմանը, սակայն բավականին կտրուկ արձագանքեց, որում ևս, կարծում եմ, աննախադեպ ոչինչ չկա և ոչինչ դրան չի հետևելու»,- ասաց վերլուծաբանը:
Ֆելգենգաուերի կարծիքով, ՆԱՏՕ-ի քայլերում սևծովյան ավազանում և այլ ռեգիոններում անակնկալ չկա: «Գլխավոր խնդիրը հակամարտային բնույթ ունեցող հարաբերություններն են, զսպումը այն տեղերում, որտեղ ՌԴ-ն ունի ազդեցություն: Կարծում եմ՝ ՆԱՏՕ-ն արագացված նոր անդամակցությունների պատրաստ չէ, սակայն պահում է հռետորաբանությունը, իր գործընկերներին, քանի որ ակնկալիքները շատ մեծ են: Իսկ թե ինչ կարող է Հարավային Կովկասում, բացի Վրաստանի հետ հարաբերությունները շարունակաբար խորացնելուց, շատ աղոտ է թվում»,- ասաց նա:
Ըստ նրա, ԱՄՆ-ը հարավկվկասյան ռեգիոնում ակտիվության տարբեր շրջաններ է ապրում՝ ակտիվանում, ապա պասիվանում: «Իհարկե, տեղի երկրներից, նրանց հնարավորություններից ևս շատ բան է կախված, թե որքանով այդ ակտիվությունները իրավիճակ կփոխեն: Առաջիկայում ռեգիոնում արմատական փոփոխություններ չեմ ակնկալում»,- ասաց նա: