Փաշինյանի խոստումը ջուրը տարա՞վ. Հունվարի 1-ից նախատեսվում է ջրի սակագնի բարձրացում

««Վեոլիա ջրի» հետ մենք կարողացանք աշխատել, և, ըստ էության, դեկտեմբերին նախատեսված էր, որ ամբողջ հանրապետությունում խմելու ջրի սակագինը պետք է բարձրանա, բայց մենք քննարկեցինք և եկանք համաձայնության, որ խմելու ջրի սակագինը մինչև 2024 թվականը ՀՀ-ում չի բարձրանալու»,- սա Նիկոլ Փաշինյանի հերթական նախընտրական խոստումն է 2018 թվականին:

Իսկ հերթական խոստման հերթական մերժման արարին ականատես ու ունկնդիր եղանք այսօր Ազգային ժողովում. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Գարեգին Բաղրամյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց՝ Ջրային պետական կոմիտեի և «Վեոլիա» ընկերության հետ քննարկում են երկարաժամկետ գնային քաղաքականություն ունենալու հնարավորությունը։

«Ջրի սակագնի բարձրացման հայտը եղել է 43 դրամ՝ գործող 180-ի նկատմամբ։ Բայց ուզում եմ հիշեցնել, որ 2016 թվականի մրցույթով հաղթած բազիսային գինը 2022 թվականի համար արդեն 214 դրամ էր։ Մենք հիմա վերցնում ենք 214 դրամը և վրան ավելացնում այդ ճշգրտման գործակիցները»,- ասաց Գարեգին Բաղրամյանը՝ տեղեկացնելով, որ բարձրացումը նախատեսվում է հունվարի 1-ից։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը 168.am-ի հետ զրույցում հիշեցրեց՝ գործող իշխանություններն իրենց նախընտրական խոստումներում նշում էին ոչ միայն ջրի, էլեկտրաէներգիայի, գազի սակագինը պահպանելու, այլև նվազեցնելու մասին, իսկ այժմ ականատեսն ենք ճիշտ հակառակ երևույթի. «Վերջին երեք տարիների ընթացքում վերանայվել են բնական գազի, էլեկտրաէներգիայի սակագները, և շուտով կփոխվի նաև ջրի սակագինը:

Հիշեցնեմ՝ 2020 թվականի հուլիսի 19-ից վերանայվեց գազի սակագինը խոշոր գազ սպառողների, ըստ էության, տնտեսվարողների համար մոտ 6 տոկոսի չափով, 2021 թ. փետրվարի մեկից բիզնեսի համար բարձրացավ էլեկտրաէներգիայի սակագինը 10 տոկոսով: Ըստ էության, շղթայական ռեակցիա է տեղի ունենում»:

Այս տեսանկյունից, ըստ տնտեսագետի, կանխատեսելի էր նաև ջրի սակագնի վերանայումը՝ հաշվի առնելով հանգամանքը, որ ջրի սակագնի մեջ էլեկտրաէներգիայի մասնաբաժինը բավականին մեծ է, ինչպես նաև այն, որ «Վեոլիա ջուր»-ն այս տարիների ընթացքում իրականացրել է ներդրումային նախագծեր, և փորձելու էր այս կամ այն ձևով հետ բերել այդ ներդրումները:

Սուրեն Պարսյանից հետաքրքրվեցինք, թե ինչ կոնկրետ հետևանքների է բախվում և բախվելու տնտեսությունն ու քաղաքացին: Նա ի պատասխան՝ նշեց. «Այս ամենը հանգեցնում է ոչ միայն սոցիալական խնդիրների, այլև լուրջ հարված է հասցնում բիզնեսին. բիզնեսը կորցնում է իր մրցունակությունը՝ հատկապես ԵԱՏՄ շրջանակներում: ԵԱՏՄ անդամ բոլոր պետություններում սակագներն անհամեմատ ավելի ցածր են, և մեր ապրանքները դառնում են առավել թանկ և ոչ մրցունակ:

Իսկ բնակչության դեպքում՝ պետք է  փաստենք, որ մարդկանց եկամուտները այս տարվա ընթացքում 11 տոկոսով չեն աճել (նկատի ունի ջրի սակագնի նախատեսվող բարձացման շեմը.- Զ.Դ.). նման սակագների աճը պետք է համահունչ լինի մարդկանց եկամուտների աճին»:

Մեր զրուցակիցը համոզված է՝ այս իրավիճակը հնարավոր կլինի շտկել, եթե կառավարությունը և ՀԾԿՀ-ն կարողանան էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հնարավորություններ գտնել. «Նախատեսվում է, օրինակ, «Ռենկո» ընկերության նոր ՋԵԿ-ի մուտքը էներգետիկ համակարգ, ատոմակայանի վերաշահագործումը և այլն. եթե կարողանանք այս կամ այն ծրագրով նվազեցնել էլեկտրաէներգիայի սակագինը, հնարավորություն կունենանք  նաև վերանայել ջրի սակագինը»:

Սակագնի նվազման մեկ այլ գործոն է, ըստ տնտեսագետի, ջրային կորուստները կրճատելը.  ջրի կորուստները  համակարգում, շեշտեց մեր զրուցակիցը, կազմում են շուրջ 75 տոկոս:

«Այսինքն՝ ՀԾԿՀ-ն  տարիներ շարունակ աչք է փակում այս կորուստների վրա,  չի պարտադրում կորուստները նվազեցնել՝  այն մտավախությամբ, որ եթե ընկերությունը կորուստների կրճատման ուղղությամբ ներդրումներ կատարի, հետո բերելու է սակագնի մեջ դնի: Բայց մենք, ըստ էության, այժմ այդ կորուստների համար վճարում ենք և չենք պարտադրում՝ դրանք կրճատելու ուղղությամբ խիստ քայլեր իրականացնի»,- հավելեց նա:

Քանի որ սակագների թանկացման շղթան չի փակվում ջրի սակագնի հնարավոր թանկացման հարցով, և կրկին բանակցությունների սեղանին է գազի սակագնի հարցը, Սուրեն Պարսյանից հետաքրքրվեցինք, թե ինչ սպասումներ պետք է ունենալ այդ բանակցություններից: Ի դեպ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անգամ հայտնել էր, որ Երևանն ու Մոսկվան համաձայնության են եկել Հայաստանին մատակարարվող բնական գազի գնի հարցում:

Տնտեսագետի կարծիքով. «Գազի գինը սահմանի վրա կփոխվի՝ հաշվի առնելով նաև գազի ներկա գինը համաշխարհային շուկայում, որն այս պահին մոտ 900 դոլար է 1000 խմ-ի համար,  օրեր առաջ նույնիսկ հասավ 2000 դոլարի՝ այն դեպքում,  երբ ՀՀ-ն սահմանի վրա գազը ստանում է  165 ԱՄՆ դոլարով՝ 1000 խմ հաշվով:

Բելառուսը սեպտեմբերին կարողացավ կնքել նոր համաձայնագիր 120 դոլարի շրջանակում, իսկ Հայաստանը վերջին մեկուկես տարին կորցրեց: Երբ միջազգային շուկայում գազի գինը ցածր էր, Հայաստանը կարող էր այդ ժամանակ պայմանագիր կնքել ռուսական կողմի հետ՝ թեկուզ ֆիքսելով 165 դոլարը երկարաժամկետ կտրվածքով, սակայն կորցրեցինք այդ հնարավորությունը նույն Մհեր Գրիգորյանի ձախողած քաղաքականության հետևանքով,  ու  բանակցություններն ավարտեցինք այն ժամանակ, երբ գազի բորսայական գինն ամենաբարձրն է շուկայում:

Կարծում եմ՝ ռուսական կողմը կվերանայի գազի սակագինը. լավագույն դեպքում կթողնի նույնը, վատագույն դեպքում՝ կբարձրացնի առնվազն տասը տոկոսով»:

Սուրեն Պարսյանի համոզմամբ՝ ՌԴ-ն  սահմանի վրա գազի գինը կբարձրացնի՝ ստանձնելով մի շարք ներդրումային պարտավորություններ, այդ թվում՝ Հրազդանի 5-րդ բլոկի շահագործման առնչությամբ:

«Գազի գնի բանակցությունը մշտապես ընթացող գործընթաց է։ Մենք համաձայնության ենք եկել սահմանին և Հայաստանի տարածքում գազի գնի վերաբերյալ։ Բանակցություններն ընթանում են 2019 թվականից, բավականին ընդգրկուն քննարկումներ ենք ունեցել և մի շարք հարցերում համաձայնության ենք եկել»,- ասել էր ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Տեսանյութեր

Լրահոս