Ո՞ւր մնաց Նիկոլ Փաշինյանի նախընտրական խոստումը. Ջրի սակագինը հունվարի 1-ից կբարձրանա

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ Ջրային կոմիտեի և «Վեոլիա ջուր» ընկերության հետ երկարաժամկետ թիմային քաղաքականություն ունենալու հնարավորություն են փորձում ստեղծել:

«Այսինքն՝ վարձակալության պայմանագրում այնպիսի փոփոխություններ անենք, որ առաջիկա 10 տարվա համար ունենանք կայուն գնային քաղաքականություն, այսինքն՝ այդ պայմանագրին մնացել է 10 տարի։ Դա ենթադրում է սակագնի որոշակի բարձրացում, որը կմնա կայուն 10 տարիների ընթացքում։ Որ ասում եմ՝ կայուն, չի նշանակում՝ կոնկրետ այդ թիվը 1-2 դրամ տատանումներ կարող է լինել, այն հիմնարար սկզբունքները, որոնք կան վարձակալության պայմանագրում, այսինքն՝ դեռևս 2016 թվականի մրցույթում հաղթած բազիսային գինը ենթակա է ճշգրտման որոշակի բանաձևերով»,- նշեց Գարեգին Բաղրամյանը։

Ըստ  հանձնաժողովի նախագահի, ջրի սակագնի բարձրացման վերաբերյալ հայտը եղել է 43 դրամ, այսինքն՝ գործող 180-ի նկատմամբ։

«2022 թվականի բազիսային գինը արդեն իսկ դեռևս 2016 թվականի մրցույթում հաղթած 214 դրամ էր, եթե չեմ սխալվում։ Այսինքն՝ մենք հիմքը վերցնում ենք 214-ը և վրան ավելացնում ենք ճշգրտման այդ գործակիցները։ Հունվարի 1-ից ջրի սակագինը կբարձրանա։ Նոյեմբերից մինչև դեկտեմբերի 1-ն ամեն ինչ արդեն ճշգրտված կլինի»,- հավելեց ՀԾԿՀ նախագահը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ գոյություն ունեցող վարձակալության պայմանագրում կան համապատասխան չափորոշիչներ և ցուցանիշներ, որոնք պետք է ապահովի «Վեոլիա ջուր» ընկերությունը, չապահովելու դեպքում կկիրառվեն համապատասխան պատժամիջոցներ։ Կան նաև հանձնաժողովի սահմանած չափանիշներ, որոնք կապված են սպասարկման որակի հետ, այսինքն՝ ջրանջատումների տևողություն, անջատված ջրի միացումներ, նորոգումների տևողություն, և այլն։ Նշված չափանիշների խախտման դեպքում առանձին տեղի են ունենում վարույթներ, և ընկերությունը ենթարկվում է  պատասխանատվության։

«Ամեն տարի ընկերությունն ըստ վարձակալության պայմանագրի՝ պարտավոր է ներկայացնել սակագնի վերանայման հայտ, հաշվի առնելով այդ տարվա համար նախատեսված բազիսային գինը, սղաճի տեմպը, էլեկտրաէներգիայի և ջրի ծավալի  փոփոխության դեպքում»,- շեշտեց նա։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի նախընտրական խոստմանը, թե «Վեոլիա ջուր» ընկերության հետ պայմանավորվածություն են ձեռք բերել, որպեսզի ջրի սակագինը չբարձրացնեն, Գարեգին Բաղրամյանը նկատեց՝ պայմանավորվածությունների որևէ խախտում տեղի չի ունեցել։

«Տեսեք՝ կա 15 տարով վարձակալության պայմանագիր, կան բազիսային գներ, որոնք ֆիքսված են, և ամեն տարի վերցվում է  այդ բազիսային գինը, վրան ավելացվում է  սղաճ, ջրի փոփոխության և էլեկտրաէներգիայի գործոն։ Պայմանավորվածությունը ձեռք է բերվել, որ եթե լինեն համապատասխան փոխհատուցումներ, ապա ընկերությունը դեմ չի լինի, որ բազիսային սակագները փոխվեն այնքան, որպեսզի պահպանվեն գործող գները։ Պայմանավորվածություններն այսօր էլ շարունակում են մնալ, այսինքն՝ եթե լինի համապատասխան ֆինանսավորում, իսկ դրանք եղել են կամ սուբսիդիայի կամ վարձակալության տեսքով»,- ընդգծեց ՀԾԿՀ նախագահը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս